Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ՏՏ ոլորտը լոնդոնյան շուկայում էլ ուժերը կփորձի

Մարտ 03,2017 13:16

Մարտի 9-10-ը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը ներկայացնող հայկական 17 ընկերություն բրիտանական շուկային կառաջարկի ՏՏ ծառայություններ ու լուծումներ: Հայաստանյան գործարարների հանդիպումները բրիտանացի բիզնեսմենների հետ տեղի կունենան հենց Լոնդոնում: Այսօր «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանն ասաց, որ չնայած առկա ռիսկերին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն իր աջակցությունը ցուցաբերեց այս նախագծին:

Aravot.am-ի հարցին, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, պարոն Գեւորգյանն ի պատասխան ասաց. «Խոսքը հիմնականում բիզնես վարելու ռիսկերին է վերաբերում, որովհետեւ տարբեր բիզնես միջավայրեր են` հայկական եւ մեծ բրիտանական բիզնես միջավայրերը: Հիմնական ռիսկն այն է, որպեսզի նույն լեզվով կարողանան խոսել, նույն բանի մասին կարողանան խոսել: Մյուս ռիսկն էլ այն է, որ որոշ ընկերություններ ցանկություն ունեն իրենց բիզնեսը ներկայացնելու եւ ծավալելու Մեծ Բրիտանիայում եւ բիզնես իրավական, խորհրդատվական ռիսկերի մասին է խոսքը»:

Բրիտանական դեսպանատան առեւտրի եւ զարգացման հարցերի պատասխանատու Արտաշես Դավթյանը հավելեց. «Հիմնական ռիսկայնությունը պայմանավորված է նրանով, որ բրիտանական շուկայի վերաբերյալ Հայաստանում բավականին ցածր է իրազեկվածության եւ ճանաչելիության մակարդակը եւ մեր ակնկալիքներն ավելի քիչ ընկերություններ ունենալն էր, որոնք որ հետաքրքրված կլինեն բրիտանական շուկայով: Որովհետեւ գիտենք, որ պատմականորեն Հայաստանի շուկան հիմնականում կողմնորոշված է դեպի ամերիկյան շուկա եւ հիմնական ռիսկայնությունը դրանով էր պայմանավորված: Այսինքն` վստահության ինչ-որ պակաս` արդյոք Հայաստանի շուկան հետաքրքրված կլինի բրիտանական ընկերություններով եւ բրիտանական շուկայով»:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ասաց, որ այս բիզնես միջոցառման նպատակներից մեկն էլ հայ-բրիտանական տնտեսական համագործակցությունը խթանելն է. «Երբ Բրիտանական դեսպանատան թիմը սկսեց խորությամբ ուսումնասիրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները, մենք արագորեն առանձնացրեցինք տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտը` որպես շատ խոստումնալից ոլորտ, որը շատ արագորեն է աճում Հայաստանի տնտեսության մեջ` ունենալով շատ մեծ մասնաբաժին: Գիտահետազոտական հարուստ եւ աշխարհի լավագույն ցուցանիշներին չզիջող ավանդույթները, շատ հմուտ եւ տաղանդավոր աշխատուժի առկայությունը եւ կառավարության լուրջ օժանդակությունը նպաստել են, որպեսզի Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիաների հանգույց` ներգրավելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային բազմաթիվ ձեռնարկությունների` այդ թվում եւ սկսնակ: Գիտելիքահենք ոլորտը օտարերկրյա ներդրումների համար կարեւոր մագնիսի է վերածվել, որն աշխատուժի զարգացման համար կարեւոր խթան է եւ արագացուցիչ եւ Հայաստանի համար տնտեսական հաջողության պատմության օրինակ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031