Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Նախկինում ևս մինչ քարոզչության ժամանակահատվածի մեկնարկը նման պաստառներ փակցվում էին»

Մարտ 03,2017 14:41

«Առավոտի» հարցին պատասխանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը

-Երեկվանից ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սկսել են իրենց քարոզչական պաստառները փակցնել գովազդային մեծ վահանակների վրա: Արդյոք սա Ընտրական օրենսգրքի խախտո՞ւմ չէ:

-Վստահաբար, ոչ: Ավելին, ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժեր շատ ավելի վաղ էին սկսել իրենց քարոզչական պաստառները փակցնել 5 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսով վահանակների վրա:

Փետրվարի 28-ին ԿԸՀ որոշմամբ` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը, և որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցություններն ու դաշինքներն ազատ էին կարող օգտվելու իրենց այդ իրավունքից:

Նշեմ նաև, որ Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Ընտրական հանձնաժողովներն օրենսդրությամբ սահմանված նախընտրական քարոզչության կանոնակարգումների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այս դեպքում` մարտի 5-ից սկսած:

Ինչ վերաբերում է 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակներում փակցվող քարոզչական պաստառներին, նշեմ, որ դրանք ամենավերահսկելին են որպես քարոզչական ծախս, քանի որ դրանք փակցվում են համաձայն ԿԸՀ-ի կողմից իրականացված բաշխմանը: Եվ այն հարցադրումը, թե արդյոք նախքան քարոզչության սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչական պաստառները նշված գովազդային վահանակների վրա փակցնելը օրենսդրության խախտում չէ, ինձ համար անսովոր և զարմանալի է, քանի որ նախկինում ևս մինչ քարոզչության ժամանակահատվածի մեկնարկը նման պաստառներ փակցվում էին` այդ թվում նաև 5 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսով վահանակների  և ընտրական շտաբների վրա: Իսկ քարոզչական պաստառներ փակցնելը քարոզչության միայն մեկ բաղադրիչն է:

Այս օրերին` մինչև նախընտրական քարոզչության սահմանված ժամկետի մեկնարկը, գրանցված կուսակցություններն ու դաշինքներն ազատորեն իրականացնում են քարոզչություն տարբեր ձևաչափերով` ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը, հրավիրելով մամուլի ասուլիսներ և այլ ձևաչափերով: Այս ամենն ազատորեն լուսաբանվել է, և որևէ հարց չի ծագել` արդյոք վերոնշյալը նախընտրական քարոզչության կանոնների խախտում է, թե ոչ: Եվ այն որ հարցի չի առաջացել շատ բնական է, քանզի որևէ իրավախախտում առկա չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031