Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Հայտնի ՀՀԿ-ական թեկնածուներն ասում են՝ սա կուսակցության ընտրություն չի, Դուք ինձ եք ընտրում» (Տեսանյութ)

Մարտ 03,2017 16:15

«ԵԼՔ»-ն այն եզակի դաշինքն է, որը հասավ նախընտրական շրջան՝ առանց կորստի, բամբասանքի եւ ներքին խժդժոցի: Մեր գործակցությունը թիմային մակարդակով ավելի սերտ է դարձել»,-«ԵԼՔ» դաշինքի նորաբաց միասնական շտաբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքին միացած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ բավականին լավ տրամադրվածությամբ են նախապատրաստվում մարտի 5-ին՝ քարոզարշավի մեկնարկին. «Որոշ դեպքերում մեզ զանգում-ասում են, որ պատրաստ են գրասենյակ նվիրել: Իմ մեքենայի ապակուն էլ «ԵԼՔ»-ի լոգոտիպն է փակցված, շատ լավ են վերաբերվում ոստիկանները, ժպտում են ու հաջողություն են մաղթում»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է պայմաններ ստեղծեն, որ քաղաքացին գիտակցի՝ իշխանափոխությունը կախված է իր քվեից. «Տեղեկություններ ունենք, որ հայտնի ՀՀԿ-ական թեկնածուներն ասում են՝ սա կուսակցության ընտրություն չի, Դուք ինձ եք ընտրում…Մինչդեռ մարդկանց պետք է ուղերձ հասցնենք, որ խորհրդարանում ուժերի բաշխվածությունը կախված է իրենց քվեներից»:

Փաշինյանն անդրադառնալով դաշինքի նախընտրական ծրագրին՝ ասաց, որ առաջարկելու են հայրենադարձություն՝ արտագաղթի փոխարեն. «Սփյուռքի ներկայացուցիչներից կազմված երկրորդ խորհրդարանական պալատ պետք է ձեւավորել, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին պետք է նշանակի այդ պալատը»:

Հիշեցնենք, որ «ԵԼՔ»-ի նախընտրական ծրագիրն ամբողջությամբ ներկայացվելու է մարտի 5-ին:

«ԵԼՔ»-ի ներկայացուցիչները չմանրամասնեցին, թե նոր խորհրդարանում ո՞վ է լինելու դաշինքի վարչապետի թեկնածուն: Համենայն դեպս, իրենց խոսքով, նրանք երեքն են՝ Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան: Իսկ թե հստակ ո՞վ՝ «ժամանակը գա՝ պարզ կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031