Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերէնի այբուբենի 34-րդ տառը

Մարտ 03,2017 17:12

Եթէ հայերէն գրաւոր խօսքին բոլշեւիկեան պարտադրուած ուղղագրութեան միջոցով ծանօթացած մարդկանց հարցնենք, թէ ո՞րն է հայոց այբուբենի 34-րդ տառը, ապա պատասխանելու դէպքում, նրանք` չնչին բացառութիւններով, որոշ մտավարժանքից յետոյ, թերեւս նշեն «ու» «տառը»` չգիտակցելով, որ «ու»-ն ոչ թէ տառ է, այլ տառակապակցութիւն` կազմուած մեսրոպեան այբուբենի 24-րդ` «Ո», եւ հէնց 34-րդ` 1922-ի ուղղագրական «բարեփոխման» հետեւանքով հայոց այբուբենից «Է» եւ «Օ» տառերի հետ միասին վտարուած ինքնուրոյն «Ւ» տառից: «Ւ»-ը լինելով Մաշտոցի ստեղծած տառերից մէկը` բնականաբար համապատասխանել է ինչ-որ հնչիւնի: Նա ունեցել է կիսաձայնային յատկութիւն եւ հնչել է «ուը՛» (ոչ այն է՝ «վ», եւ ոչ այն է՝ «ու»), անուանումը՝ Ւիւն: «Ւ»-ը որպէս հին հայկական հնչիւն` ցայսօր էլ գոյութիւն ունի հայերէնի տարբեր բարբառներում: «Ո» եւ «Ւ» տառերի միասնութիւնը ժամանակին ունեցել է երկբարբառային արտասանութիւն, իսկ յետագայում վեր է ածուել պարզ հնչիւնի` բայց ոչ տառի: Եւ եթէ 1941-ի ուղղագրութեան մասնակի շտկմամբ «Է»-ն եւ «Օ»-ն կիստ-պռատ վերականգնուեցին, ապա «Ւ»-ն այդպէս էլ մոռացուեց` հայոց տառերին անյարգալից կերպով վերաբերուողների կողմից արժանանալով ու-ի մասնիկ, ու-ի չրթիկ եւ այս կարգի արհամարհական ու անգրագէտ արտայայտութիւնների:

Այժմ այսքանը թողնենք այսպէս, եւ, ամենեւին նպատակ չունենալով հրահրելու հերթական ընդհարումը նրանց, ովքեր համոզուած են, որ հայերէնը ժամանակի ու տարածութեան մէջ պէտք է ունենա մէկ միասնական ու կանոնակարգուած ուղղագրութիւն եւ նրանց` ում համար միեւնոյն է, թէ որտէղ, ում եւ ինչ կլինի, միայն թէ ոչ մի կարգի ոտնձգութեան, փոփոխութեան չենթարկուի բոլշեւիկեան, աբեղեանական, մակինցեանական (կամ ով ինչպէս կուզի, թող անուանի) ուղղագրութիւնը` մի փոքր շեղուենք մեր շարադրանքի հունից:

Բնական է, որ ցանկացած լեզու` այդ թւում եւ հայերէնը, ունենայ բառակազմութեան իր սկզբունքները, հետեւաբար, բառերում հնչիւնները (տառերը) դասաւորւեն տուեալ լեզուին յատուկ որոշակի սկզբունքով, այսինքն` իւրաքանչիւր տառի կամ տառախմբի չէ, որ կարող է յաջորդել կամ նախորդել, բառասկզբում կամ բառավերջում լինել ցանկացած տառ կամ տառախումբ: Սակայն այս չգրուած սկզբունքը միշտ չէ հնարաւոր անխախտ պահել օտար բառեր, յատկապէս անուններ փոխառելիս, երբ տուեալ լեզուին յատուկ բառակազմութեան սկզբունքը երբեմն խախտւում է, մանաւանդ եթէ փոխառուող բառը չի «մարսւում» ընդունող լեզուի կողմից: Ունենք հայերէնի կողմից «մարսուած», հայերէնացած բառեր, ինչպէս` կոպէկ, ռուբլի, փիւնիկ, նաեւ անուններ ու տեղանուններ` ինչպէս պատմականօրէն ձեւաւորուած Հռոմ, Հեղինէ եւ այլն, այնպէս էլ վերջին ժամանակներս «մարսուած», բայց դեռ ժողովրդական գործածման մակարդակում գտնուող Վալոդ, Սերոժ, Վալեր  եւ այլն: Սրանց կողքին ունենք հայերէնի կողմից ամենեւին «չմարսւած» եւ հայերէնի բառակազմութեանը խորթ բառ-անուններ` ինչպէս Ֆոգտս, Աարնի, Լոո, Ռուուդ, որոնք պարզապէս տառադարձում ենք այնպէս, ինչպէս որ դրանք կան բնագիր ձեւերում:

Ըստ հայ խոշորագոյն լեզուաբան Հրաչեայ Աճառեանի «Հայերէնի արմատական բառարանի»` ղ-ով սկսուող եւ ոչ մի բառ անվերապահօրէն բնիկ հայերէն չէ: Հանգամանք, որը սակայն մեզ համար ամենեւին արգելք չէ ղ-ով սկսելու համար ղօղանջ, ղեկ բառերը, Ղուկաս, Ղազարոս անուները:

Հայերէնը չունի ր-ով սկսւող որեւէ բառ: Սակայն օտար փոխառութեամբ օգտագործում ենք մեզ համար շատ հարազատ, ամենօրեայ դարձած րոպէ գեղեցիկ բառը:

Նոյնը կարելի է ասել եւ «վո» ձեւով սկսւող բառերի մասին: «Վո» տառերով սկսուող բնիկ հայերէն բառեր չկան, բայց առանց աւելորդ վիճաբանութիւնների եւ միանգամայն բնական կերպով գրում ենք վոլտ, Վոլգա, Վոլֆգանգ եւ այլն:

Բացառութեամբ մի քանի բարբառների` հայերէնը չունի «ֆ» հնչիւն պարունակող բառեր: Այսինքն, հայերէն գրաւոր խօսքը կարող էր եւ գոյութիւն ունենալ առանց «ֆ» տառի: Բայց մեր նախնիները, ամենեւին չխախտելով գրութեան գոյութիւն ունեցող սկզբունքները, շեշտենք` չքանդելով եղածը, համարձակութիւն ունեցան մեսրոպեան այբուբենին աւելացնելու «ֆ» տառը, եւ ոչ միայն մեզ աւանդեցին գեղեցիկ մի տառ, այլեւ, առանց խաթարելու հայերէնի արտասանական համակարգը, հրաշալի հնարաւորութիւն ստացանք ճիշտ եւ հեշտօրէն գրելու Ֆրանսիա, ֆրանկ, Աֆրիկա, ՌԱՖ, ինչպէս նաեւ ճշգրտօրէն ներկայացնելու մեր բարբառներում գործածվող «ֆ» հնչիւնը (ֆուոտ, ֆուոն, ֆուող, ֆուորթ եւ այն):

Կարելի է բերել անունների եւ փոխառուած բառերի բազում օրինակներ (օրինակ` Պրժեւալսկի, Կրժիժանովսկի), որոնցում տառերի դասաւորութիւնը խորթ է հայերէնին, բայց տրամաբանութեան եւ առանց խաթարելու հայերէնի արտասանական համակարգը պարզապէս արտասանել կարողանալու սկզբունքով` հէնց այդպէս, բնագրին առաւելագոյնս մօտ ձեւով էլ գրում ենք:

Այժմ գանք Ւ-ին: Այն, որ մեզ աւանդուած չկան Ի-ով սկսւող բառեր, նրանից չէ, որ դա քրէօրէն պատժելի կամ անքննարկելի, մեղքի կարգի երեւոյթ է: Այլ՝ որ պարզապէս այդպիսի բառ չենք ունեցել, դրա կարիքը չի եղել ճիշտ այնպէս, ինչպէս մի ժամանակ չենք ունեցել Ր-ով, Ղ-ով, Վո-ով, Պրժ-ով սկսւող, ընդհանրապէս «Ֆ» պարունակող բառեր, անուններ:

Մի ժամանակ ոմանք ձայն բարձրացրին ի պաշտպանութիւն գոյութիւն չունեցող «և» §տառի¦ իրաւունքների, մոռանալով, կամ չիմանալով, որ և-ը տառ չէ, արագագրութեան հետեւանքով առաջացած տառանշան է, բառ, շաղկապ՝ կազմւած «ե»  ու դարձեալ «ւ»  տառերից, որը 1922-ից մինչեւ համակարգիչների ի յայտ գալը, հայերէնի բոլշեւիկեան ուղղագրութիւնը գործածողների կողմից երբեւէ չօգտագործւեց «եւ» ձեւով, չունեցաւ իր մեծատառ ձեւը` անգամ գրագէտների համար մնալով անիմանալի երեւոյթ՝ «փոքրատառ» և ու «մեծատառ» ԵՎ անհամադրելիութեամբ, ու դրանից եկող անհասկանալի ուղղագրութեամբ: Իսկ այբուբենի շարքում, բանավոր խօսքում «եւ» շաղկապը յայտնուել էր այն պատճառով, որ ինչ-որ մէկն ասել էր. մաշտոցեան 36 տառերը` այսինքն Այբ, Բեն, Գիմ, Դա եւ այլն, Ւիւն, Փիւր, Քէ «եւ» (կարելի էր եւ կարելի է` ասել. ՆԱԵՒ, ԻՆՉՊԷՍ ՆԱԵՒ, ԳՈՒՄԱՐԱԾ, վերջապէս կարելի էր եւ կարելի է` ասել ՈՒ, կամ էլ (որը երեւի թէ ճիշտն է), ընդհանրապէս ոչինչ չասել) յետմաշտոցեան երկու` Օ, Ֆ տառերը՝ Օ, Ֆէ: Աւելի պատկերաւոր լինելու համար, կարող ենք ասել տանձ, խնձոր, կարող ենք նաեւ ասել տանձ ու խնձոր, կամ տանձ եւ խնձոր, բայց ինչպէս էլ որ թւարկենք տանձն ու խնձորը , ո՛չ «ու» շաղկապը, ու ո՛չ էլ «եւ» շաղկապը միրգ չեն դառնա: Ինչպէ՞ս կարելի է խօսել և-ից` լռելով նրա ճիշտ կէսը կազմող ւ-ի մասին: Ու չգիտես ինչ տրամաբանութեամբ եւ ինչո՞ւ,  մեզ սովորեցնում են, որ հայերէնն ունի 39 տառ: Սակայն երբ բացում ես Հայկական Սովետական Հանրագիտարանը, ապա տարակուսանքով նկատում ես, որ մաշտոցեան 36-րդ՝ «Ք» տառին յաջորդում է յետմաշտոցեան 38-րդ «Օ» տառը: Իսկ ո՞ւր մնաց 37-րդը եւ ո՞ր տառն է այն: Այդ ո՞ր տառն է, որով եթէ անգամ ոչինչ չի էլ սկսւում, ապա անգամ հէնց իրեն ոչ մի յօդուած նուիրուած չէ: Իսկ նուիրւած չէ, որովհետեւ այդպիսի տառ չկայ, որովհետեւ հայերէնն ունի 38 տառ` մաշտոցեան 36 տառերը այբից մինչեւ քէ եւ յետմաշտոցեան օ, ֆէ տառերը:

Ամենեւին չխախտելով մաշտոցեան, դասական, աւանդական (ով ինչպէս կուզի, թող անուանի), եւ ո՛չ էլ բոլշեւիկեան, խորհրդային (կամ ով ինչպէս կուզի, թող անուանի) ուղղագրութիւնների սկզբունքները՝ վկայակոչելով վերը բերւած օրինակները, ճիշտ կլինի Ի-ով սկսել այն օտար անունները, անուանումները, որոնք այդպէս էլ չգիտենք, թէ ինչպէս ճիշտ գրենք` ու-ո՞վ, թէ՞ վ-ով: Փոխանակ գրելու Վիլիամ կամ Ուիլիամ, Վաթսոն կամ Ուոտսըն եւ այլն, ճիշտ կլինի գրել Ւիլիամ, Ւոտսըն, Ւայլդ, Ւիմբլդոն, Ւինդզըր, Ւեմբլի եւ այլն: Թող մեր անսկզբունքային սկզբունքաւորներին սա չվախեցնի, քանի որ այս անունների գրելաձեւում չկայ որեւէ սկզբունք, իսկ մե՛ր Ւ-ով դրանց ներկայացնելը իսկ եւ իսկ կը համապատասխանի դրանց ճիշտ հնչմանը: Դրանով ինչ-որ չափով վերականգնած կը լինենք, թեկուզեւ օտար բառերի միջոցով, հայերէնի երբեմնի եղած, իսկ 1922-ին մեր այբուբենից յանիրաւի դուրս շպրտւած ե՛ւ հնչիւնը, ե՛ւ տառը:

Տիգրան Մոսինեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031