Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպացու տան մեջ 4 մարդ են, 4-ն էլ տարբեր կուսակցությունների են ընտրում ու իրարից չեն խռովում». գեներալ Ֆելիքս Ցոլակյան

Մարտ 03,2017 20:40

Aravot.am-ը 3 տարի շարունակ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցրած գեներալ Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց, թե կիսո՞ւմ է հաճախ հնչող այն կարծիքը, թե Շիրակի մարզի բնակիչները բողոքական են, ընդդիմադիր են, իր պաշտոնավարման տարիներին բնակիչների հետ շփումից ի՞նչ զգացողություն է ունեցել։

«Տարբեր հասկացություններ են սրանք, եթե մարդու ապրելու պայմանները լավ չեն, նա որոշակիորեն բողոքելու առիթ ու տեղ ունի։ Չի կարելի թաքցնել, ասել, որ չի բողոքում, բայց ընդդիմադիրը մի քիչ այլ հասկացողություն է, ընդդիմադիր ինչի՞ն։ Մենք գիտենք, որ գյումրեցիները, Շիրակի մասին չենք խոսում, խոսում ենք գյումրեցիների մասին, իրենց բոլոր անհաջողությունները կապում են կենտրոնի հետ, կապում են Երևանի, ոչ թե երևանցիների հետ։ Երևանում է գտնվում երկրի ղեկավարությունը, եթե մի բանից դժգոհում են, դժգոհում են ղեկավարությունից, իհարկե, խոսքի մեջ սա դառնում է դժգոհություն երևանցիներից։

Ե՞րբ է եղել, որ իրենց դժգոհությունն արտահայտեն ընդդիմությունից կամ չգիտեմ ումից, ուրիշ երկրի ղեկավարությունից։ Շատ բնական բան է, որ մարդիկ իրենց դժգոհությունը պետք է արտահայտեն, ու դա դառնում է իբր թե ընդդիմադիր կեցվածք։ Այդքան էլ այդպես չէ․ Գյումրիում շատ հաճախ ես լսում մարդկանցից շատ օբյեկտիվ գնահատական և՛ իրավիճակի, և՛ ղեկավարության նկատմամբ ունեցած վերաբերմունքի։ Գյումրեցիները բնավորության մի գիծ ունեն, եթե մեկը որոշում է, մյուսները միանում են, մեկը մի բան է ասում, թասիբ կամ անունը ինչ ուզում եք դրեք, մյուսները միանում են, այստեղ չի խոսում սառը դատողությունը, խոսում է պահի տակ որոշում կայացնելու բնավորությունը։ Գյումրին դրա համար աննախատեսելի է ինչ-որ տեղ։ Ոչ մեկը չգիտի, թե վաղը մյուս օր Գյումրիում ինչպիսի կլինի ասենք ընտրության արդյունքը», -ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Հետաքրքրվեցինք՝ ինչքան էլ անկանխատեսելի լինի ընտրությունների արդյունքը՝ ըստ ձեզ ինչպիսի՞ն կլինի ընթացքը։ «Ընտրությունների հետ կապված կանխատեսում անելը բավականին բարդ է, այս ընտրությունները իրենց ձևով, բովանդակությամբ բոլոր տեսակի ընտրություններից տարբերվում են։ Սա ոնց որ փորձ լինի, տեսնենք ինչ կստացվի։ Այս ընտրությունները տարբերվում են, որովհետև թեկնածուների առատությունը լուրջ իրավիճակ է փոխում, ավելի շատ ծանոթի, բարեկամի, ընկերական շրջապատի մրցապայքար է, այստեղ բավական քիչ է արտահայտվում գաղափարական պայքարը։ Ավելի քիչ է երևում գաղափարների համար մրցակցությունը, քիչ են երևում մարդկանց գաղափարների մասին քննարկումները։

Կարող է դրանք քարոզարշավի ընթացքում լինեն, իսկ այսօր ավելի շատ մարդիկ հույսը դնում են իրենց ունեցած կապերի՝ բարեկամական, ազգակցական, ընկերական կապերի վրա։ Վաղը մյուսը կսկսվի քարոզարշավը, միգուցե այն տարրերը, որոնք գաղափարական են, երևան։ Աստված տա, որ այդպես լինի, որովհետև շատ կարևոր է, որ մարդիկ իրենց որոշումները կայացնեն զուտ այն հենքի վրա, ոչ թե միայն նրա համար, որ սա հորեղբորս կամ քեռուս տղան է, ուրեմն ես իմ ձայնը նրան կտամ։ Դա քաղաքակիրթ չէ, օրինակ՝ եվրոպացին այդպես չի անի, տան մեջ չորս մարդ են, չորսն էլ տարբեր կուսակցությունների են ընտրում ու իրենք իրար հետ երբեք չեն խռովում, բայց մեզ մոտ, եթե քեռու տղային չընտրեցինք, ուրեմն ազգամիջյան բախում կլինի, կտարանջատվեն, բարեկամական կապերը կխզեն։ Մենք դեռ չենք հասել նրան, որ գնահատենք ամեն ինչն այն ձևով, ոնց որ նրանք են գնահատում։ Այստեղ կասես՝ իմ հորեղբոր տղան է, չեմ կարող չպաշտպանել, իսկ գերմանացին կասի՝ դու իմ եղբոր տղան ես, բայց քո գաղափարները իմ գաղափարների հետ չեն համընկնում․ սա շատ սովորական, նորմալ կընդունվի»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Մեր հարցին, թե ձեր կարծիքով ընտրակաշառքը դերակատարություն կունենա՞ Շիրակի մարզում, որ շատ դեպքերում բնութագրվում է որպես նամուսի-թասիբի տեղանք ու որի բնակիչները իրենց քվեարկության արդյունքներով մեծամասամբ անակնկալի են բերում հենց ընտրակաշառք բաժանողներին, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Ես առաջին անգամ եմ ընտրվողի կարգավիճակում, երբևիցե ես չեմ տեսել, թե ինչ ազդեցություն է թողնում։ Բնական է, բոլոր տեսակի շահագրգռող միջոցները ինչ-որ դեր խաղում են, ինչքան, չեմ կարող ասել, չեմ կարող ասել, որովհետև ընթացքում դա էլ փոփոխության է ենթարկվել: Հիմա չգիտեմ դրա անունը ինչ ենք դնում՝ ինչ-որ մեկի ձայնն առնել, քվեն առնել, բայց չեմ կարծում, որ որևէ շահագրգռող միջոց դերակատարություն չունենա։ Պարտադիր չէ, որ մարդու սոցիալական վիճակը վատ լինի ու գնա այդ քայլին, ես գիտեմ մարդկանց, որոնց սոցիալական վիճակը շատ վատ է, բայց իրենք չեն գնում այդ քայլին, այստեղ ձեր ասած թասիբ, նամուսն է մեծ դեր խաղում»։

Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային թեկնածուներից է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Ֆելիքս Ցոլակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031