Արմեն Մկրտչյան. «Մենք կորցնելու ժամանակ չունենք»

Արմեն Մկրտչյան.  «Մենք կորցնելու ժամանակ չունենք»

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Թիմը նախապատրաստվում է մրցաշրջան 2017-ի պաշտոնական մեկնարկներին:

Նորանշանակ գլխավոր մարզիչը հավաքի հրավիրել է ազգային եւ երիտասարդական հավաքականների շուրջ երեք տասնյակ ըմբիշների, որոնք այս փուլում աշխատում են հատուկ ֆիզպատրաստվածության եւ մրցագորգում տեխնիկայի հղկման եւ նոր վարժություններ յուրացնելու ուղղությամբ:

Մարտի 8-ին հավաքականը վերադառնալու է Երեւան եւ հաջորդ օրն ամբողջական կազմով մեկնելու է Թուրքիա` մասնակցելու ավանդական միջազգային հեղինակավոր մրցաշարի: Մարզիչներն արդեն կողմնորոշվել են կազմի ընտրության հարցում: Մրցավայր մեկնելու են 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 61 կգ Վոլոդյա Ֆրանգուլյանը, 65 կգ Նարեկ Սիրունյանը, 70 կգ Վալտեր Մարգարյանը, 74 կգ Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը, 86 կգ Վահիկ Թամրազյանը, 97 կգ Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոեւը եւ 125 կգ Անդրանիկ Գալստյանը:

Արմեն Մկրտչյանի խոսքերով, տղաներն իրեն լավ են ընդունել, հավաքականում ընկերական փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտ է: «Փորձում եմ հավաքն անցկացնել մի փոքր այլ ծրագրով, ըմբիշներին փոխանցել իմ գիտելիքները: Տղաները տեսնում են նոր վարժություններ եւ ինձ ասում են դրանց արդյունավետության մասին», – ասում է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր մարզիչը:

Արմեն Մկրտչյանն առաջին իսկ օրն ըմբիշներին տեղյակ է պահել իր նպատակների եւ յուրաքանչյուրից իր պահանջների մասին: «Մենք կորցնելու ժամանակ չունենք: Մեր նպատակը մեկն է՝ մարզվում ենք չեմպիոն դառնալու համար», – ասել է նա իր սաներին: Եվ տեսնում է՝ ըմբիշները հասկանում են, որ նրանք էլ ձգտումներ ունեն:
Գլխավոր մարզիչն ապագա արդյունքների մասին առայժմ խոսել չի ցանկանում: Նա հավաքականի մյուս մարզիչների հետ միասին այս պահին կենտրոնացած է ըմբիշների հետ այսօրվա աշխատանքի վրա եւ հավատում է ձեռքբերումներին: Արմեն Մկրտչյանի համոզմամբ՝ հավաքականում արտոնյալներ չկան եւ չպետք է լինեն՝ անկախ նախկինում ունեցած նվաճումներից ու տիտղոսներից: Հավաքականի կազմում մեր երկիրը ներկայացնելու են նրանք, ովքեր ավելի պատրաստ կլինեն:

Ինչո՞ւ Դավիթ Սաֆարյանը եւ Լեւան Բերիանիձեն այս հավաքին չեն մասնակցում եւ նրանք հետագայում կհրավիրվե՞ն հավաքական, մարզիչը պատասխանել է, թե երկուսից էլ որեւէ տեղեկություն առայժմ չունի եւ չի կարող ասել, թե նրանք մարզվո՞ւմ են, արդյոք, եւ հետագայի ինչ ծրագրեր ունեն: Նա նշել է, թե շատ է հարգում Դավիթ Սաֆարյանին ու նրա չեմպիոնությունը: Բայց եթե նա եւ Բերիանիձեն ցանկանում են կարիերան շարունակել, պետք է դիմեն, գան հավաքականի մարզումներին ու իրենց առավելությունը ցույց տան: Ցանկացած մեդալակիր, եթե այսօր միջազգային ասպարեզում չկարողանա արդյունքի հասնել, կփոխարինվի: Դա հավաքականում լինելու է սկզբունք: Ըմբիշը պետք է իմանա, որ անփոխարինելի ոչ ոք չկա եւ որ տեղը հավաքականում պետք է վաստակել աշխատելով, արժանի լինելն ապացուցելով:

Արմեն Մկրտչյանը տեղեկացրեց նաեւ, որ տարվա առաջին պաշտոնական մեկնարկը՝ մայիսի 2-ից 7-ը, Սերբիայի Նովի-Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որին շարունակելու են նախապատրաստվել ամենայն պատասխանատվությամբ: Թուրքիայի միջազգային մրցաշարից հետո հավաքականը համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու նախ Վլադիկավկազում, որից հետո մարզումները կշարունակի Երեւանում եւ կմեկնի Եվրոպայի առաջնություն:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք