Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը`ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին

Մարտ 06,2017 15:03

Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին որեւէ հիմք չի տեսնում, որ երկու կողմերը շատ շուտ չստորագրեն այդ համաձայնագիրը, համենայնդեպս՝ բովանդակային առումով: Խոսքը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի մասին է: Այսօր Մամուլի ազգային ակումբում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, դեսպանն ասաց, որ համաձայնագրի ստորագրման հետաձգումը մայիսին պատահական է եղել, որեւէ մեկը չի սպասել հայաստանյան ընտրությունների արդյունքներին: Դեսպանն ասում է`այդ ժամանակը անհրաժեշտ էր համաձայնագիրը վերջնական, իրավական տեսքի բերելու համար: Դեսպանը վստահեցնում է`մինչեւ ՀՀ նախագահի Բրյուսել այցը, համաձայնագրի շուրջ բանակցությունները ամեն րոպե են ընթացել:

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը եւ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, հայտարարել են, որ ավարտվել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների գործընթացը: «Բանակցությունները բարդ էին, քանի որ Հայաստանը որոշ վերապահումներ ուներ`լինելով ԵԱՏՄ անդամ: Ներկայումս զուտ տեխնիկական պատրաստություններ են ընթանում, պայմանագիրը ստորագրման նախապատրաստելու համար: Դա նախատեսվում է մայիս ամսին»,- ասաց դեսպանը` հավելելով, որ համաձայնագիրը բավական շատ հարցեր է կարգավորում տնտեսական համագործակցության, մաքսային ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարի եւ վիզաների դյուրացման գործընթացի հետ կապված: «Հետեւաբար որեւէ քաղաքական խնդիր չկա, որը կխանգարեր այդ պայմանագրի ստորագրումը»,- ասաց Եժի Նովակովսկին` հավելելով, որ այդ համաձայնագիրը էական քայլ է, բայց միայն քայլ`Հայաստանին Եվրոպային մոտեցնելու:

Դեսպանը չցանկացավ համաձայնագրում ամրագրված դրույթների մանրամասների մեջ մտնել, բայց ասաց, որ փաստաթուղթը դյուրացնում է առեւտրային հարաբերությունները, մարդկանց միջեւ հարաբերությունները եւ այլ հարցեր: Այն ներառում է նաեւ արտաքին քաղաքականությանը եւ անվտանգության հարցերին վերաբերող դրույթներ: Համաձայնագրի ստորագրումից հետո, դեսպանը չբացառեց Հայաստանում եվրոպական ներդրումների ծավալի աճը:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը կարծում է, որ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կընդունի Սերժ Սարգսյանի հրավերը, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Լեհաստանը խրախուսում է ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը, ըստ դեսպանի, դրա վկայությունը կարող է լինել «Լյուբավա» ռազմական ընկերության մասնաճյուղի բացումը Հայաստանում:

Փետրվարի 6-ին լրացավ հայ-լեհական հարաբերությունների 25-ամյակը: Եժի Նովակովսկին խորհում է`արդյոք պետք է խոսենք Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմա՞ն, թե՞ վերահաստատման մասին: Այս համատեքստում նա անդրադարձավ հայ-լեհական պատմական կապերին, նշեց, որ Լեհաստանում հայկական սփյուռքը 650- ամյա պատմություն ունի. առաջինն է եւ էական դերակատարում ունի Լեհաստանի եւ լեհերի կյանքում:

Անդրադառնալով վերջին 25 տարիների հարաբերություններին էլ, Եժի Նովակովսկին նշեց, որ Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ հաջողվել է լավ տնտեսական կապեր ստեղծել: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը գերազանցում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առեւտրաշրջանառությանը, նաեւ մշտապես աճ է գրանցում: Հաջորդ ձեռքբերումը`դրական կարծրատիպերի հաստատումն է, մշակութային կապերի ամրապնդումը:

Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25- ամյակի առիթով երկու երկրներում տասնյակ միջոցառումներ են իրականացվելու: Եժի Նովակովսկին գտնում է, որ Հայաստանը եւ Լեհաստանը`լինելով տարբեր կառույցների`ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի անդամներ, Արեւելյան գործընկերության անդամներ, կարող են այլ հարթակներում էլ սերտորեն համագործակցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031