Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձությունները դեռ առջեւում են

Մարտ 07,2017 22:00

Իսկ անվտանգությունն ու առաջընթացն իսկապես ամենալուրջ խնդիրներն են

Կիրակի օրը պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, կուսակցությունները եւ դաշինքները տվեցին առաջին նախընտրական-քարոզչական «համազարկերը»՝ ուղղված հասարակությանը:

Համապետական ընտրություններն առաջիկա ամսվա ընթացքում, անկասկած, կդառնան քաղաքացիների ուշադրության թիվ մեկ առարկան: Մանավանդ, երբ կառավարող կուսակցությունը եւ այդպիսին մնալու ձգտող ՀՀԿ-ն սկսել է խոսել իրականում կարեւորագույն հարցերի շուրջ՝ անվտանգություն եւ առաջընթաց, այն նույնիսկ դարձնելով իր գլխավոր կարգախոսը: Այսինքն՝ բաներ, որից առաջինի մեծ պակաս կա, այն էլ նվազման միտումով, եթե ոչինչ չփոխվի, իսկ երկրորդը մեծ հաշվով բացակայում է՝ սկսած 2009-ից: Բնական է նաեւ, որ ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող քաղաքական միավորները հակադարձելու են սրան: Եվ եթե հարցը տեղափոխենք «մաքուր փորձի» հարթություն, ապա այդ հրապարակային բանավեճից, որի հիմքում, ըստ ամենայնի, պետք է լինեին գաղափարները եւ ապագայի համակարգված եւ հիմնավորված տեսլականները, այլ ոչ թե «բութ» նյութական եւ վարչական  ռեսուրսները, ապա հասարակության կողմից կամ նրա քաղաքականապես ակտիվ մասից պետք է բարձրացվեն մի շարք օրինաչափական հարցեր՝ թե՛ անվտանգության, թե՛ առաջընթացի հետ կապված: Ընդ որում, հնարավոր չէ շրջանցել այն հանգամանքը, որ երկուսն էլ ուղղակիորեն կապված են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ եւ նաեւ լինելու են դրանց ածանցյալը:

Քարոզարշավի մեկնարկից երկու օր առաջ՝ մարտի 3-ին, «Եվրոնյուսը» հրապարակեց հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ, որում նա, գտնվելով Բրյուսելում, անդրադարձավ, փաստորեն, թե՛ անվտանգությանը, թե՛ առաջընթացին՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում:

Լրագրողը նշում է, որ Ռուսաստանը դեմ է եղել ԵՄ-ի հետ Հայաստանի, Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրերին, եւ հարցնում՝ ստիպվա՞ծ էիք թուլացնել նոր՝ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը, որպեսզի այն ձեռնտու լինի Ռուսաստանին: «Բանակցությունների ամենասկզբից մենք հասկանում էինք, որ կարող ենք ունենալ ե՛ւ ԵՄ-ի հետ Ասոցացման, ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ սերտ ինտեգրման համաձայնագիր: Ռուսները երբեք մեզ չեն ասել, որ մենք չենք կարող ստորագրել նման համաձայնագիր: Նրանք մեզ ասացին, որ դուք կարող եք, եթե ուզում եք, բայց այդ դեպքում դուք էներգամատակարարումների համար պետք է վճարեք գին, որը թելադրում է համաշխարհային շուկան»,- պատասխանել եւ դրանով սահմանափակվել է Սերժ Սարգսյանը:

Մինչդեռ չպետք է մոռանալ, թե ինչ քարոզչական ահաբեկչություն ծավալեց Ռուսաստանն ընդդեմ Հայաստանի եւ Ուկրաինայի դեռ մինչեւ 2013-ի սեպտեմբերի 3-ը, այսինքն՝ մինչեւ Կիեւյան Եվրամայդանը եւ դրան հաջորդող հայտնի իրադարձությունները: Փաստ է, որ իրականությունն այլ է. ոչ միայն էներգամատակարարումների մասով էր «դարավոր բարեկամ» Ռուսաստանն ամենակոշտ եւ ցինիկ շանտաժի ենթարկում Հայաստանին: Տարբեր պաշտոնական, «փորձագիտական» շրջանակներից գալիս էին հայտարարություններ, որ «դուք Ղարաբաղը կկորցնեք», «իսկ դուք մտածե՞լ եք Ռուսաստանում աշխատող հայերի մասին», «աշնանը սպասվում է զանգվածային սոցիալական դժգոհությունների ալիք» եւ այլն՝ փորձելով Թումանյանի «Չարի վերջի» աղվեսի պես հայերին «բացատրել», թե «էս սարն իմն է, էս ծառն իմն է», եւ «կացինս կբերեմ՝ ծառդ կկտրեմ»: Դրան գումարած՝ «ընդդիմադիր» եռյակ-քառյակների այդ խայտառակ եւ անպատասխանատու կրկեսն Ազատության հրապարակում, որը, փաստորեն, երկրի պարանոցից կախեց հետխորհրդային ժամանակաշրջանի ամենակոռումպացված եւ ամենաօլիգարխիկ կառավարությունը:

Իսկ երբ լրագրողը, նշելով, որ Հայաստանն ապավինում է Ռուսաստանին նաեւ անվտանգության ապահովման հարցում, ապա հարցրեց, թե տեսնո՞ւմ եք արդյոք այլընտրանք ՆԱՏՕ-ում, Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին հրավիրել է Հայաստան, եւ որ «մենք որեւէ հակասություն չենք տեսնում» ՆԱՏՕ-ի հետ գործընկերության եւ Ռուսաստանի հետ մեր «դաշինքի» միջեւ:

Սերժ Սարգսյանը, հիմնավորելով Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական դիրքորոշումը, փաստորեն, սահմանափակվեց միայն «էներգամատակարարումներով» եւ «հակասություն չտեսնելով»: Իհարկե, իրատեսությունը եւ քաղաքական պատասխանատվությունը ենթադրում են եւ պարտադրում, որպեսզի երկրի ղեկավարը զերծ պահի երկիրը ցնցումներից եւ թույլ չտա, որպեսզի այն դառնա սխալ որոշումների զոհ՝ մանավանդ, երբ այլեւս փաստ է, թե «դաշնակիցդ» կամ «դարավոր բարեկամդ», նույնիսկ՝ «հավատակից եղբայրդ» ինչի է ընդունակ. տե՛ս Ուկրաինան:

Եվ կարեւորն ու զարմանալին այն չէ, թե ինչ կուզենա անել Ռուսաստանը, եւ դեռ հարց է, թե այդ ուզեցածից որքանը կկարողանա անել, որքանը մենք կարող ենք թույլ չտալ, որպեսզի նա անի: Կարեւորն այն չէ, որ Մոսկվան ճնշում գործադրեց, քանզի դա փաստ է, որը, փաստորեն, խոստովանում է Սերժ Սարգսյանը, այլ կարեւորն այն է, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ մենք «ճնշվեցինք»: Շատ լավ, իսկ եթե հանկարծ ռուսները կրկին «էներգամատակարարումների» հարց բարձրացնեն կամ սկսեն «հակասություններ տեսնել» Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության եւ Հայաստան-Ռուսաստան «դաշինքի» միջեւ, ապա ի՞նչ, նորից «ճնշվելո՞ւ» ենք: Եվ ի՞նչ է պետք անել, որպեսզի դա կրկին տեղի չունենա:

«Էներգամատակարարումների» մասով: Ստացվում է, որ հենց այդ հարցը եթե մեջտեղից դուրս գար, Հայաստանը գնալու էր եւ Վիլնյուսում ստորագրե՞ր Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Թողնենք ոչ վաղ անցյալը, բազմիցս է ասվել, թե ինչ խայտառակ քաղաքականություն է վարել Արեւմուտքը եւ Եվրոպան թե՛ տարեցտարի լկտիացող Ռուսաստանի, թե՛ կոռուպցիայի եւ կրիմինալի ճահճի մեջ լողացող հետխորհրդային երկրների նկատմամբ, ինչպես նաեւ՝ այն խայտառակ վերաբերմունքի մասին, որը ժամանակին ցուցաբերեց Երեւանը Հայաստան-Իրան էներգետիկ հարաբերությունների նկատմամբ, որի արդյունքում «բարակեց» եւ իր տարանցիկ հնարավորությունները կորցրեց գազատարը, որից հետո «հանուն դարավոր բարեկամության» նվիրվեց ռուսներին «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոսի հետ միասին: Ի դեպ, Ուկրաինան այս տարի առաջին ձմեռն անցկացրեց առանց ռուսական մոնոպոլիստ «Գազպրոմի» «եղբայրական» գազի՝ չունենալով գազ արդյունահանող այլ պետության հետ որեւէ սահման, ի տարբերություն մեզ…

Ակնհայտ է. փորձություններն առջեւում են, եւ պահանջվելու են ոչ ստանդարտ, խիզախ որոշումներ՝ թե՛ անվտանգության, թե՛ առաջընթացի ուղղությամբ: Ակնհայտ է նաեւ, որ խիզախությունը քաղաքականության մեջ «օդից» չի իջնում, ծափողջույնները բավարար չեն անվտանգության եւ առաջընթացի համար, այլ դրա համար պահանջվում է ռեսուրս՝ քաղաքական ռեսուրս, հասարակական ռեսուրս, ռազմական ռեսուրս, ինտելեկտուալ ռեսուրս, տնտեսական ռեսուրս, ժողովրդավարական ռեսուրս: Ակնհայտ է նաեւ, որ քարոզարշավային տրամաբանությունից ելնելով՝ առաջիկա ամսվա ընթացքում մեզ վրա կլցվեն ամենաֆանտաստիկ մտքերը եւ խոստումները: Բայցեւայնպես, չպետք է թույլ տալ, որպեսզի այդ՝ զգալի չափով դատարկաբանության գարնանային հեղեղը մաշեցնի առանց այն էլ չափից դուրս մաշված ռեսուրսը, որը մաշեցրել է գնացող քաղաքական սերունդը, իսկ հիմա փորձում է դա բացատրել «էներգամատակարարումներով» եւ հանգստացնել լսարանին երկու իրարամերժ եւ փոխբացառող բեւեռների, արժեհամակարգերի կրողների հետ հարաբերությունների հարցում հակասությունների «բացակայությամբ»: Չէ՞ որ քառօրյա պատերազմն այլեւս անհոգության տեղ չի թողել:

Առաջիկա փորձությունները հաղթահարելու, իրականում, այլ ոչ թե միայն կարգախոսի կարգավիճակով, անվտանգություն եւ առաջընթաց ապահովելու համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ի մի բերելու համար Հայաստանին պետք է ոչ թե ռուսական զորանոցի տիպի («Ես պետն եմ, դու՝ հիմարը»), այլ ժողովրդավարական միասնություն, որի հիմքում օրենքի գերակայությունն է: Առայժմ հռետորական է եւ միտված է ապագային հարցը, թե քանի՞ս են քաղաքական ուժերից ու քաղաքական գործիչներից, որոնք այս նախընտրական քարոզարշավի ընթացքում մի կողմ կդնեն պարզունակ ամբոխավարությամբ զբաղվելու գայթակղությունը, այլ հենց այս հարցերի պատասխանները կփորձեն հասցնել հասարակությանը: Բարի երթ բոլոր արժանավորներին:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

07,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031