«Գալու ենք իշխանության». Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական ուժ է ստեղծում՝ սփյուռքի մասնակցությամբ. (Տեսանյութ)

«Գալու ենք իշխանության». Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական ուժ է ստեղծում՝ սփյուռքի մասնակցությամբ. (Տեսանյութ)

Այսօր «Հայացք» ակումբում Զարուհի Փոստանջյանը ասուլիսի էր եկել կակաչներով, որոնք նվիրեց լրագրողներին: Նա շնորհավորեց բոլորի Մարտի 8-ը՝ մաղթելով սեր մեր ընտանիքների, հայրենիքի եւ մարդկության նկատմամբ:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նոր քաղաքական պլատֆորմ է ստեղծում եւ շուտով պետք է համագումար լինի. «Մի խումբ քաղաքացիների հետ նոր քաղաքական պլատֆորմ ենք նախաձեռնում, որը պետք է համախմբի ողջ հայությանը: Մեր հայրենակիցներն այսօր զրկված են իրենց իրավունքներից լիարժեք օգտվելուց, ՀՀ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից: Այսօր հրապարակված է մի ցուցակ, որով պետք է մի քանի մլն հայ իրավունք ունենա քվեարկել, բայց մեր մյուս հայրենակիցները, ողջ աշխարհով մեկ սփռված լինելով՝ զրկված են այդ իրավունքից օգտվել: Օտար երկրներում ընտրատեղամասեր չեն բացվելու եւ էլեկտրոնային համակարգով նրանց այդ իրավունքն իրացնել հնարավոր չէ: Շատ են խոսում, թե ինչպես կարող ենք ներգրավել մեր հայրենակիցների կարողությունները: Միեւնույն ժամանակ նրանց չեն տրվում քաղաքական իրավունքներ… Քանի որ այս բացն առկա է տարիներ շարունակ, այն քաղաքական պլատֆորմը, որը ես պետք է ներկայացնեմ, նախաձեռնող խումբը նոր քաղաքական ուժի միտված է լինելու այս խնդիրների լուծմանը»:

Թե պլատֆորմով ինչ է ուզում անել, տիկին Փոստանջյանն ասաց, որ բոլոր քաղաքական գործընթացներին նաեւ հետընտրական պրոցեսներին մասնակցելու է: Մարտի 15-ին «Անի պլազայում» տեղի է ունենալու այս նախաձեռնության առաջին համագումարը եւ իրենց պլատֆորմի անվան վերաբերյալ, ծրագրային դրույթների վերաբերյալ կտեղեկացնեն այդ օրը: Հարցին՝ հայտնի մարդիկ կա՞ն, որ միացել են ձեզ՝ նա պատասխանեց, որ նախ հայտնի ասվածը շատ հարաբերական է. «Բոլոր նրանք, ովքեր նախաձեռնում են այս գործընթացը, նրանք բոլորը քաղաքական մարդիկ են»:

Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ ասաց. «Ես չեմ պատկերացնում, որ այս ընտրություններ կոչվածը պետք է լուծի այն խնդիրները, որ այսօր մեր կյանքում առկա են»: Նա ասաց, որ իրենց համագումարում կընտրվի քաղաքական ուժի ղեկավար. «Քաղաքական ուժը պետք է ղեկավարվի փորձառու եւ այս գաղափարները կրող մարդկանց կողմից: Գաղափարը շատ թանկ է, այն կյանքի կոչելու համար պետք են նվիրյալներ, որոնք կան ողջ աշխարհով: Նրանք կախվածություն չունեն այսօրվա գործող հանցավոր իշխանությունից, նաեւ տնտեսապես անկախ են եւ կարող են քաղաքական դաշտն ամբողջությամբ դեֆորմացնել՝ լավ իմաստով, դրական իմաստով՝ փոխելով քաղաքական այս արատավոր համակարգը»:

Նա վստահեցրեց՝ «Գալու ենք իշխանության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mkrtchyan Nune says:

    Այո, սիրելի տիկին Զ. Փոստանջյան։
    Մենք ոչ թե հեռացել ենք, այլ գիտակցված դարձել տնտեսական փլուզումից մեր հայրենիքը փրկող պաշտպաններ։
    Չնայած ըստ էության, Հայաստանում ապրող մեր հայրենակիցներից քչերն են դա զգում, գնահատում կամ ընդունում, սակայն դա, նույնպես, ռազմավարություն է։ Բարդ, չափազանց լուրջ դժվարությունների հաղթահարումով և ծանր–քրտնաջան աշխատանքային ջանքերով իրականացվող յուրահատուկ ռազմավարություն։
    Այս տարիների ընթացքում մենք միշտ միասին ենք եղել։
    Կանք ու կլինենք, միշտ՝ միասին։

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք