Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Այդ ուղերձը նրանց փոխանցված է, որ նայեք, հանկարծ չփորձեք այլ ուժի օգտին քվեարկել» (Տեսանյութ)

Մարտ 08,2017 16:50

Այսօր «ԵԼՔ» դաշինքը Վանաձորում կազմակերպել էր քայլերթ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դաշինքի Վանաձորի կենտրոնական գրասենյակից մեկնարկած քայլերթը, որը կրում էր «Մի՛ վախեցիր» խորագիրը, նպատակ ունի վերացնել վանաձորցիների շրջանում ստեղծված վախի մթնոլորտը:

«Քանի որ մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, եւ գիտենք, որ որոշակի վախի մթնոլորտ կա՝ Վանաձոր քաղաքում, մարզում եւ ընդհանրապես հանրապետությունում, մենք այսօր որոշել ենք քայլերթ իրականացնել, եւ դրա շրջանակներում ուղերձներ հղել մեր քաղաքացիներին, նաեւ շնորհավորել մարտի 8-ը: Նաեւ կոչ անել, որ վախենալու որեւէ բան չկա, պետք չէ վախենալ, պետք չէ ընկրկել եւ պետք է շատ ազատ, շատ բաց կարողանալ ասել, թե ում օգտին են մարդիկ ցանկանում քվեարկել»:

Է. Մարուքյանն ասաց, որ շատերը ցանկանում են իրենց քվեն տալ հենց «ԵԼՔ» դաշինքին, սակայն վախենում են այդ մասին բարձրաձայնել: Քանի որ գուցե դրա արդյունքում կորցնեն աշխատանքը. «Բոլոր պետական եւ ոչ պետական հիմնարկներում, կրթական հաստատություններում՝ դպրոց, մանկապարտեզ, բուհ, կա որոշակի մտավախություն, որ եթե մեր քաղաքացիներն արտահայտեն իրենց ազատ կամքը եւ ասեն ում օգտին են ցանկանում քվեարկել, դա կարող է խնդիր լինել: Դեռեւս կոնկրետ դեպքեր չունենք, բայց այն, որ ասվել է, որ կազատեն աշխատանքից, եթե հանկարծ մի բան լինի, նման դեպքերը բազմաթիվ են: Դպրոցներում, մանկապարտեզներում, պետական այլ հաստատություններում, բազմաթիվ այլ տեղերում այդ ուղերձը նրանց փոխանցված է, որ նայեք, հանկարծ չփորձեք այլ ուժի օգտին քվեարկել»:

Քայլերթի մասնակիցները դաշինքի Վանաձորի կենտրոնական գրասենյակից շարժվեցին դեպքի Թումանյան հրապարակ: Քաղաքացիներին իրազեկելով «ԵԼՔ»-ի նախընտրական ծրագրերի մասին: Միաժամանակ շնորհավորելով նաեւ գարնանային տոների կապակցությամբ:

Մանրամասները՝  տեսանյութերում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031