Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՌՈՎ

Մարտ 10,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ յոթանասունհինգերորդ

ԶՈՌՈՎ

Եվ Ֆելոն բավական երկար մտածեց ու ամոթխած ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «ես ձեզնից շատ փոքր եմ, որ ձեզ Ֆրունզիկ կամ Ֆրունզ ասեմ», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «ինձնից քանի՞ տարով ես փոքր», եւ Ֆելոն  առանց երկար մտածելու պատասխանեց ու ասաց՝ «ուղիղ տասը տարով», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տասը տարին էնքան էլ շատ չի», եւ Ֆելոն  Ֆրունզիկին ասաց՝ «ես տարիքի իմաստով չեմ ասում, որ ձեզնից շատ փոքր եմ», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «բա ի՞նչ իմաստով ես ասում», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «տաղանդի իմաստով», եւ հայրս փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «հերիք ա կեղծ համեստություն անես», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «դու ավելի լավ ա բացատրես՝ փափախ գործերը որոնք են», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «օրինակ, Ուստա Հակոբը որ ձեր մեքենայի համարները գրեց, էդ էլ կարար փափախ գործ համարվեր»  եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց չի համարվում», եւ հայրս զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ո՞նց փափախ չի համարվում» եւ մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «ինչի՞ փափախ չի համարվում», եւ Ֆելոն ժպտալով պատասխանեց ու հորս ասաց՝ «որովհետեւ դու էդ գործի համար ընկեր Մկրտչյանից փող չես վերցնում», եւ հայրս ապշահար նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «քեզ ո՞վ ասեց, որ չեմ վերցնում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ենթադրում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու սովորաբար քո սիրած  ու հարգած մարդկանցից փող չես վերցնում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ինձ  մնար, հաստատ չէի վերցնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց Ֆրունզը զոռով ա տալիս», եւ Ֆելոն խորամանկ ժպտալով հորս ասաց՝ «ինքը զոռով  տալիս ա, դու էլ կարաս զոռով չվերցնես», եւ Ֆրունզիկը միջամտելով ասաց՝ «որ չվերցնի, մյուս անգամ ուրիշ տեղ կտանեմ՝ գրել կտամ» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա՞ էս քաղաքում ուրիշ ժիվոպիսնի չկա», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «զաթի մի անգամ պրոսպեկտի ժիվոպիսնի ես տարել՝ Բուլիկի մոտ», եւ Ֆրունզիկը մեղավոր ժպտալով հորս ասաց՝ «ոնց էլ իմացել ես», եւ Ֆելոն ասաց՝ «ո՞նց կարող ա չիմացվեր. մի Երեւան՝ մի Ֆրունզիկ Մկրտչյան», եւ Ֆրունզիկը մեղավոր ժպտալով հորս ասաց՝ «որ էս անգամ էլ փողը չվերցնես, մյուս անգամ էլի Բուլիկի մոտ կտանեմ», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «հիմի հասկացա՞ր ինչի եմ Ֆրունզից փողը վերցնում» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա՞ իմ կյանքի նպատակը Բուլիկին հարստացնելն ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով հորս ասաց՝ «ինչքան գիտեմ՝ Բուլիկին էլ ես դու մարդ դարձրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վախտին ինքն էլ ա քո աշակերտն էղել», եւ Ֆրունզիկը զարմացած ասաց՝ «Բուլիկը ո՞նց կարար Ուստա Հակոբի աշակերտն ըլներ. ինքը համարյա Ուստա Հակոբի տարիքին ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս ռեսպուբլիկայի համարյա սաղ ժիվոպիսեցներն Ուստա Հակոբի աշակերտներն են» եւ մի քիչ էլ մտածեց ու Վոլոդյային նայելով ավելացրեց՝ «բացի ձյաձյա Վոլոդյայից» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ձյաձյա Վոլոդյան որ Ռուսաստանից էկավ, արդեն կայացած ժիվոպիսեց էր. ինքը Ռուսաստանում ա էս արհեստը սովորել» եւ Վոլոդյան ժպտալով Ֆելոյին ասաց՝  «մայու բիոգրաֆիյու խարաշո իզուչիլ», եւ Ֆելոն ժպտալով Վոլոդյային ասաց՝ «քո կենսագրությունն Ուստա Հակոբի պատմելով գիտեմ», եւ Վոլոդյան իր կոտրտված  հայերենով ասաց՝ «ես Ուստա Ակոպից ախագին բան սովորել», եւ Ֆելոն ժպտալով Վոլոդյային ասաց՝ «Ուստա Հակոբն էլ քեզնից ա ահագին բան սովորել», եւ Վոլոդյան զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «կտո՞ ծիբե սկազալ», եւ Ֆելոն նայեց հորս, հետո ժպտալով Վոլոդյային ասաց՝ «օն սամ», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «հերիք չի՞ բերանբացություն անես», եւ Ֆելոն արդարանալով ասաց «ինչ ճիշտն ա՝ էն եմ ասում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031