Մոսկվան ճնշում է. Սերժ Սարգսյանը Եվրոպայից է խաղաղություն ակնկալում

Մոսկվան ճնշում է. Սերժ Սարգսյանը Եվրոպայից է խաղաղություն ակնկալում

Փարիզում ՀՀ նախագահը զգուշացրեց առաջիկա շաբաթներին, ամիսներին մոտալուտ պատերազմի բռնկման վտանգի մասին

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Ֆրանսիայում էր: Այցի նախօրեին նա ուշագրավ ուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին ցույց տալ Ադրբեջանին՝ ինչ գին է վճարելու Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը պատերազմ սկսելու դեպքում: Նա ահազանգ է հնչեցրել՝ արձանագրելով, որ Հայաստանում գիտակցում են մոտալուտ պատերազմի բռնկումը: «Հայաստանում հասարակական ընկալմամբ՝ ռազմական գործողությունների վերսկսումը ժամանակի, միգուցե շաբաթների կամ ամիսների հարց է, ըստ այդմ՝ Զինված ուժերի առաջնորդն ու պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինեն պատերազմի, որը կարող է սկսվել վաղը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ չի կարծում, թե նոր պատերազմի վերսկսումը մոտ ապագայի հարց է, թեեւ ոչինչ չի բացառում:

Սերժ Սարգսյանը կրկին մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի խնդրով: «Մենք դա ցավով ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է»,- ասել է Սերժ Սարգսյանը, այնուհետեւ նշել է, որ պատերազմի վտանգը կա, քանի դեռ Ադրբեջանը չի համոզվել, որ խնդիրը ռազմական լուծում չունի, եւ որ Ադրբեջանի նախագահը ձախողում է խաղաղ կարգավորման փորձերը. «Նա ասում է, թե չի սկսի պատերազմ, եթե Հայաստանը կատարի իր պարտավորությունները, ես ասում եմ՝ դա շանտաժ է, ոչ թե փոխզիջում»:

Այսպիսով, եվրոպական հարթակից Սերժ Սարգսյանը կոչ է անում միջազգային ուժերին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Արցախում լայնամասշտաբ պատերազմը կանխվի: Նա Ադրբեջանի նախագահին մեղադրում է «շանտաժի» մեջ: Նկատենք, որ Սերժ Սարգսյանն այս փուլում նման շեշտադրումներով հանդես գալու համար աշխարհագրության տեսանկյունից ընտրել է Եվրոպան, այլ ոչ թե Ռուսաստանը: Նա Փարիզում հստակ զգուշացնում է, որ նոր պատերազմի բռնկման վտանգը առավել քան իրական է, քանի որ գործ ունենք անկանխատեսելի հարեւանի հետ` «ամեն ինչ հնարավոր է»: Նա Փարիզում դժգոհում է ռազմավարական դաշնակցի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք մատակարարելու թեմայով:

Ընդ որում, նկատենք, որ Սերժ Սարգսյանի բողոքը առավել ուշագրավ է, քանի որ այն տեղի ունեցավ ՌԴ իշխանական քարոզչամեքենայի թիվ մեկ աստղ Դմիտրի Կիսելյովի երեւանյան սկանդալային հայտարարության ֆոնին, որը հայաստանցիներիս «մխիթարեց» ու խորհուրդ տվեց դուրս գալ պարզունակությունից ու գիտակցել, որ Հայաստանի «հետաքրքրությունների շրջանակում է» Մոսկվան Ալիեւին զենք վաճառում, փաստացի ստելով, թե` «եթե ՌԴ-ն չվաճառի», ԱՄՆ-ը կվաճառի, հստակ իմանալով, որ ԱՄՆ-ը չի սպառազինում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին` հենց ԼՂ խնդրի պատճառով, մինչդեռ խաղաղության հաստատմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ անդամ մյուս երկիրը` ՌԴ-ն, որը նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, դա մեծ սիրով իրականացնում է` կանգնելով Հայաստանի, մեղմ ասած, ոչ բարեկամ երկրների` Իսրայելի, Պակիստանի հետ նույն շարքում:

Հատկանշական է նաեւ, որ Սերժ Սարգսյանի գնահատականները Փարիզում հնչեցին օրեր առաջ նախ` Նալբանդյան-Լավրով, ապա Մամեդյարով-Լավրով բանակցություններից հետո: Մոսկվան առաջ է շարժվում Բաքվի հետ «Լավրովի պլանի» ուղղությամբ, մինչդեռ պաշտոնական Երեւանը Եվրոպայի սրտում, ըստ էության, ռուս-ադրբեջանական «ջանքերը» պարզապես «շանտաժ» է անվանում:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի աջակցությունն է ակնկալում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Օրեր առաջ պաշտոնական Վաշինգտոնից հնչեց մի հայտարարություն, որը, թերեւս, պաշտոնական Երեւանի համար սպասվածից ավելի քիչ էր: Մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, նրանք մտքեր են փոխանակել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ, սակայն ԱՄՆ պետքարտուղարը ընդամենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը «շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»: Այս փուլում ինչի՞ն է աջակցելու պաշտոնական Վաշինգտոնը: Տապալված բանակցային գործընթացի՞ն… Արդյոք որեւէ լրացուցիչ քայլ պաշտոնական Վաշինգտոնը չի՞ պատրաստվում գործադրել, երբ առավել քան իրական է ԼՂ պատերազմի բռնկումը:

Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի այցից օրեր անց՝ մարտի 14-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է այցելելու Փարիզ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ալիեւը քննարկելու է ԼՂ հակամարտությունը։ Իսկ նույն օրը՝ մարտի 14-ին, Սերժ Սարգսյանն այցելելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։
ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը մի քանի օր առաջ բանակցություններ են վարել ԼՂ խնդրի կարգավորման շուրջ: «Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մերձությունն ու ընդհանուր պատմությունը՝ մեզ համար կարեւորագույն խնդիր է լուծել այս հակամարտությունը»,- ասվում էր բանակցությունների նախօրեին ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, որում նաեւ հավելել էին, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության հիման վրա:

Լավրովը Մամեդյարովի հետ բանակցություններից հետո վստահեցրել է, որ ՌԴ-ն կշարունակի աշխատանքները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես Բաքվի եւ Երեւանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ եռակողմ հանդիպումներում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում: Ընդ որում, Լավրովը շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորման ենթակա է, սակայն առկա են երկու-երեք առանցքային հարցեր, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս: Իսկ Մամեդյարովը ընդգծել է, որ ՌԴ-ն լուրջ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար, ապա Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթում նա նշել է, որ իբրեւ թե հայկական կողմն է հրաժարվել բանակցություններից. «Մենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը մերժել է: Հայաստանում ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մենք նաեւ առաջարկել ենք շարունակել բանակցություններն այդ ամսաթվից հետո»:

Բանակցային գործընթացը փակուղի մտցնելուց հետո, ինչպես միշտ, պաշտոնական Բաքուն մեղադրում է հայկական կողմին: Այստեղ, ինչպես ասում են, նորություն չկա` հին «ավանդույթ» է: Նորություն չէ նաեւ այն, որ պաշտոնական Բաքվին շարունակում է ոգեւորել «Լավրովի պլանը», որը, թերեւս, ապրիլյան քառօրյայից հետո միակ «առարկայական» քննարկման թեման է՝ չհաշված զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման առաջարկները, որոնք պաշտոնական Բաքուն շարունակում է մերժել:

Որ «Լավրովի պլանը» շարունակում է գոյություն ունենալ՝ թերեւս չի կարելի կասկածել: «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն օրերս իրատեսական է գնահատել ԼՂ խնդրի կարգավորման ռուսական ծրագիրը: «Կարծում եմ՝ Լավրովի ծրագիրը առավել իրատեսական է, եւ կարեւոր է այն կենսագործել: Լավրովի ծրագիրը ենթադրում է վերջնական հաշտություն, ստատուս քվոյի պահպանման իրավական ամրագրում՝ Հայաստանի կողմից Ղարաբաղի շրջակա շրջանները վերադարձնելու փոխարեն: Դրանից հետո իրադրությունը կկարգավորվի բոլոր տեսանկյուններից, եւ մենք կմտնենք երկարատեւ կայունության եւ խաղաղության փուլ»,- ասել է Ալեքսանդր Դուգինը 1in.am-ի հետ զրույցում:

Մարտ 3-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հավաքի երեւանյան նիստում իր ծրագրային ելույթում Սերժ Սարգսյանը փաստացի նախազգուշական ուղերձ հղեց Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը՝ նշելով, որ թեեւ Երեւանը եւ Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, սակայն «եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»:

Սերժ Սարգսյանը վերջին մի քանի օրերին հստակ հնչեցրել է պատերազմի ահազանգ: Սա, թերեւս, նշանակում է, որ ընդդիմանալով «Լավրովի պլանին»` պաշտոնական Երեւանը հստակ տեսնում է բացառապես մեկ «ելք»` պատերազմ:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 10.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք