Ընտրակաշառքը` օրինականացված ձայնավաճառք (պատմվածք)

Ընտրակաշառքը` օրինականացված ձայնավաճառք (պատմվածք)

Դռան զանգը տվեցին: Փայլակը մենակ էր տանը և մոտենալով դռանը` այն բացեց միանգամից: Նա սովորություն չունի դիտակից (գլազոկ) նայելու, պարզելու զանգողի ինքնությունը, նոր միայն դուռը բացելու: Դրա համար մի քանի անգամ արժանացել է կնոջ և երեխաների պարսավանքին, բայց անդրդվելի է մնացել իր սովորությանը:
Եվահ բացելով դուռը նա իրենց աստիճանավանդակում, իր դիմաց տեսավ կանգնած իրենց շենքի մեջտեղի մուտքի չորրորդ հարկի Փառանձեմին:

-Բարև Փայլակ ձաձա,-մի քիչ ամաչելով ասաց նա,-ես ընտրությունների հարցով եմ եկել:
-Արդեն քարոզարշավը սկսել ե՞ք,-միամտորեն ասաց Փայլակը,-ներս եկեք, զրուցենք:
-Չէ,-ասաց Փառանձեմը,-ես ուզում եմ իմանալ, թե դուք ձեր ձայնը ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին եք տալու:
-Բայց դա իմ անձնական գաղտնիքն է, Փառանձեմ ջան,-լրջացավ Փայլակը:
-Հասկանում եմ, բայց ես ներգրավված եմ մեր կուսակցական շտաբի աշխատանքներում և ցանկանում եմ իմանալ ձեր նախընտրելի կազմակերպությունը:

-Փառանձեմ ջան, եթե ուզում ես ճիշտն իմանալ, ես արդեն որոշել եմ իմ ձայնը տալ մի կուսակցության, որին ժամանակին հարել է իմ հարազատ հանգուցյալ քեռին:
-Իսկ եթե գաղտնիք չէ, կասեք այդ կուսակցության անունը,-ժպտաց Փառանձեմը:
-Իհարկե, գաղտնիք է և այն էլ՝ խիստ անձնական,-ասաց Փայլակը:
-Դե, լավ, որ այդպես է, ես գնամ,-ասաց Փառանձեմը և մի քիչ նեղացած ձևանալով՝ իջավ աստիճաններով ներքև:

Այս դեպքից հետո անցել էր մի քանի օր ու նորից Փայլակենց դռան զանգը տվեցին: Նա դանդաղորեն մոտեցավ դռանը, էլի չնայեց դիտակից, որ պարզի զանգողի ինքնությունը, բացեց դուռը և նույն աստիճանավանդակում իր դիմաց տեսավ կանգնած արդեն իրենց շքամուտքի յոթերորդ հարկի Փիրուզային՝ մարտական կեցվածք ընդունած:

-Բարև, Փայլակ ձաձա,-ասաց Փիրուզան,-նեղացկոտ ձայնով,-ընտրություններում քո ձայնը ու՞մ ես տալու:
-Փիրուզա ջան, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, կարող է նույնիսկ ընտրության չգնամ ու ոչ մեկին էլ ձայնս չտամ:
-Վա՜յ, էդ ինչ ես ասում, Փայլակ ձաձա, բա, իզուր տեղը ձայնդ կորչի՞:
-Ներս արի, կարգին խոսենք, մտքինդ ասա,-ժպտաց Փայլակը:
Փիրուզան սեթևեթելով դռնից ներս մտավ, ասելով.
-Փայլակ ձաձա, ես ընտրատեղամաս եմ շտապում, հիմա ասա, ձայնդ մեր կուսակցությանն ես տալու, թե՞, ոչ:
-Բայց ինչքան գիտեմ, դու կուսակցական չես:
-Հա, բայց քարոզարշավին մասնակցում եմ, ընտրական հանձնաժողովի անդամ եմ, եթե ձայնդ մեր կուսակցությանը չտաս, ուրեմն մեր հարևանությանը վերջ ես դնում:
-Լավ, ասենք, թե համաձայն եմ, ի՞նչ պիտի անեմ,-նեղվեց Փայլակը:
-Առանձնապես ոչ մի բան, ուղղակի տալիս ես քո անձնագրի համարը և վերջ:
-Դե՝, լավ, գնամ անձնագիրս բերեմ, այնտեղից արտագրիր,-արտասանեց Փայլակը:
-Չէ, ես շտապում եմ, կոշիկներս էլ ցեխոտ են ու դրա համար առաջ չեմ գալիս, հետո կգամ, համարը կվերցնեմ, կարևորը, որ դու համաձայն ես, համ էլ վերադասի մոտ կբարեխոսենք, մի քիչ փող կտան, թոշակառու մարդ ես, մի ամսվա դեղերիդ գինը գոնե կհանես,-ասաց Փիրուզան և հաղթանակած դուրս եկավ Փայլակենց բնակարանից:

Անցավ ևս մի քանի օր և նորից Փայլակենց դռան զանգը տվեցին: Նա դանդաղորեն գնաց դեպի դուռը, բայց այս անգամ վախվորած նայեց դիտակից դուրս: Եվ տեսնելով այնտեղ Փառանձեմի խոնարհ հայացքը, դժկամորեն դուռը բացեց, մտածելով, որ նա նորից է խոսելու ընտրությունների մասին:

-Բարև ձեզ,-կարմրելով, ասաց Փառանձեմը, Փիրուզն է ուղարկել՝ անձնագրի համարը տանելու:
-Ուրեմն դուք նույն կուսակցության օգտին ե՞ք աշխատում,-հարցրեց Փայլակը:
-Հա,-ասաց Փառանձեմը,-էն ժամանկ էլ էր Փիրուզն ուղարկել, բայց ես ամաչեցի ասել:
-Դե, լավ, սպասիր գնամ, անձնագիրս բերեմ,-ասաց Փայլակը և դժկամորեն գնաց դեպի ննջարան, որտեղ դրված կաշվե պայուսակում պահում էր անձնագիրը և մնացած հարկավոր փաստաթղթերը՝ թոշակի գրքույկը, բանկոմատի քարտը, սոցիալական քարտը…

Վերցնելով անձնագիրը` նա ետ վերադարձավ միջանցք, որտեղ կանգնած էր Փառանձեմը և պարզեց նրան անձնագիրը:
-Փայլակ ձյաձյա, ես մոռացել եմ ակնոցներս բերեմ, եթե կարելի է, դուք թելադրեք, ես կգրեմ համարը:
Փայլակը բարեխղճորեն կարդաց անձնագրի համարը, իսկ Փառանձեմը այն գրեց իր հաստափոր հաշվեմատյանում:
-Ուրիշ, ի՞նչ է պետք,-զգուշության համար հարցրեց Փայլակը:
-Ոչ մի բան,-ասաց Փառանձեմը և ցտեսություն ասելով, բացեց դուռն ու աստիճաններով ներքև իջավ՝ այս անգամ ժպիտը դեմքին:
Նրա գնալուց հետո, Փայլակը մտորումների մեջ ընկավ:
«Ասենք թե անձնագրիս համարը գրեցին, իսկ ես կգնամ ու իմ ուզած կուսակցությանը ձայն կտամ՝ հարգելով հանգուցյալ քեռուս հիշատակը, սրանք ո՞նց են իմանալու, թե ես խախտել եմ մեր պայմանավորվածությունը»,-ինքն իրեն ասաց Փայլակը և գնաց իր աշխատասենյակ՝ համացանցից նորություններ իմանալու:
Մի քանի օր հետո, նորից հնչեց դռան զանգը…

Այս անգամ, կուսակցությունների դաշինքից էին եկել «ձայն» կորզելու, բայց առանց ընտրակաշառք խոստանալու: Իսկ քանի որ Փաայլակը ընդամենը մեկ ձայն ուներ և այն արդեն նվիրել էր իր հարևան Փիրուզային, ուստի չէր կարող խնդրատուի ցանկությունը բավարարել:

Իհարկե Փայլակը շատ կուզենար, որ մի քանի ձայն ունենար ու շռայլորեն սրան-նրան բաժաներ ու բավարարեր իր ձայնը խնդրող, ապա՝ վաճառող ճարպիկներին, բայց օրենքը սահմանել է, որ նա միայն մեկ ձայն ունի և ոչ ավելի, որի համար շատ ափսոսաց:

Որոշ ժամանակ անց Փայլակենց դռան զանգը կրկին հնչեց և վերջին կուսակցության այցելուն ինչպես եկել էր, այնպես էլ փոշմանած ետ գնաց, որովհետև Փայլակը, ինչպես գիտեք, իր ձայնը վաղուց անհատույց նվիրել էր իրենց յոթերորդ հարկի Փիրուզային, որն էլ իր հերթին երևի վաճառել էր ընտրատեղամասի տվյալ կուսակցության ընտրակաշառք բաժանող պատասխանատուին:
Հերթական այցելուին ճանապարհելով, Փայլակը հագնվեց և տանից դուրս եկավ՝ քայլերն ուղղելով մոտակա վարսավիրանոց՝ մազերն հարդարելու, քանի որ այս տարվա երկարաշունչ ձմռան ցրտերի պատճառով երկար ժամանակ մազերը կարգի չէր բերել:

Հակառակի պես վարսավիրանոցի լույսերը անջատել էին և վարսավիր Վազգենը խնդրեց մի քանի րոպե սպասել, գուցե շուտով միացնեն, քանի որտեղեկություն կար, որ վերևի շենքերում արդեն միացրել էին: Ու որպեսզի Փայլակը պարապ չնստի, Վազգենը հենց այնպես խոսք բացեց մոտեցող ընտրությունների մասին:
-Հը, Փայլակ քեռի, արդեն որոշել ե՞ս, թե ում ես ձայնդ տալու:
-Ես չեմ որոշել, մեր շենքի Փիրուզան է որոշել,-պատասխանեց Փայլակը նեղսրտած:
-Իսկ ո՞վ է, էդ Փիրուզան:
-Հարևանուհիս:
-Բայց ի՞նչ կապ ունի հարևանուհիդ քո սեփական ձայնի հետ:
-Դե, եկավ, խնդրեց, ես էլ չմերժեցի:
-Հենց այնպես, ձրի, ձայնդ տվել ե՞ս նրան:
-Դե նրան չեմ տվել, այլ նրա հավանած կուսակցությանը:
-Իսկ կարո՞ղ ես նրանից հետ վերցնել ու ես քեզ ավելացնեմ իմ ցուցակում, գումարդ էլ ժամանակին կստանաս:
-Այսինքն, ընտրակաշառք ե՞ս առաջարկում,-հետաքրքրվեց Փայլակը:
-Հա էլի, ինչ կապ ունի, թե դրան ինչ են ասում, այ Փայլակ քեռի, հլա որ տղաներիդ էլ համոզես, որ անձնագրերի և հեռախոսների համարները տան՝ երեք անգամ ավել գումար կստանաս:
-Բա էդ թեկնածուները, որ ընտրակաշառք են բաժանում, ո՞նց են իմանում, թե տվյալ անձը իր օգտին քվեարկեց, թե՝ ոչ,-հետաքրքրվեց Փայլակը:
-Դա էլ իրենց գաղտնիքն է,-խորամանկ ժպտաց Վազգենը:
-Դե, լավ, մյուս անգամ այստեղից անցնելուց անձնագիրս կբերեմ,-,մտազբաղ ասաց Փայլակը ու դրանով զրույցն ավարտվեց, քանի որ վարսավիրանոցի լույսեն ավետեցին, որ հոսանքը միացված է և Վազգենը անցավ գործի:

Այդ օրը, ուշ գիշերին, երբ Փայլակը անկողին մտավ, մութ ննջարանում աչքերը հառեց սև առաստաղին և հանկարծ մի փայլուն միտք հղացավ. «ավելի լավ չէ, որ ընտրողը իրավունք ունենար իր ձայնը թափանցիկ կերպով վաճառել ընտրվողին, նույնիսկ սակարկել, ոչ թե կաշառքի տգեղ անվան տակ, այլ օրինական, բիզնեսի օրենքով սահմանված նախնական արժեքով: Ասենք, օրենքը կարող է ընտրող ձայնատիրոջ մեկ ձայնի համար նախնական վճար սահմանել և ամրագրել՝ 10000 դրամ, եթե որևէ կուսակցություն ցանկանում է այդ ձայնը գնել, ապա պետք է դիմի ձայնատիրոջը՝ իր օգտին քվեարկելու համար:

Իսկ եթե պայքարը ընտրվող թեկնածուների մեջ թեժանում է և ընտրողին դիմում են այլ կուսակցություններից և դաշինքներից՝ իր ձայնը գնելու համար, նա կարող է այն դնել աճուրդի և սակարկել, ով ավել կվճարի, նրան էլ պաշտոնապես կվաճառի իր ձայնը, կատարելով թղթաբանական ձևակերպում ևս: Թե չէ,չընտրվողները քանի՜​ տարի շարունակ, անընդհատ բարձրաձայնում են՝ և նորից կբարձրաձայնեն, թե ընտրվածները ընտրակաշառք են բաժանել, իսկ իրենք ազնիվ կերպով չեն ընտրվել»:
Հաջորդ օրը առավոտյան, երբ Փայլակը քնից արթնացավ, նորից ծանր ու թեթև արեց ձայնավաճառքի մասին երեկ երեկոյան իր մտահղացած հանճարեղ տարբերակը և որոշեց այդ մասին արտահայտվել «ֆեյսբուքյան» իր էջում՝ իմանալու համար, թե ինչքան կողմնակիցներ կունենա, որոնք «հավանություն» կտան այս դարակազմիկ մտահղացմանը և հուսալի արդյունքի դեպքում արդեն կսկսի պայքարել այն կյանքի կոչելու համար՝ գոնե հաջորդ ընտրություններում, հակառակ պարագայում, մենք ստիպված ենք լինելու ամեն մի հաջորդ ընտրությունների ժամանակ կրկին լսելու ընտրակաշառքի մասին: Իսկ ամենացավալին այն կլինի, որ Փայլակը մեկ ամիս շարունակ, որոշակի ընդհատումներով լսելու է դրսի դռան զանգը և առանց դիտակից նայելու, բացելու է այն ու իր ձայնը ձրի նվիրելու կամ իրենց յոթերորդ հարկի Փիրուզային, կամ էլ նրանից ավելի շուտ մեկ ուրիշին, եթե վերջինս ընտրակաշաք առաջարկի:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք