Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Մեր ասած խաղաղությունը նաեւ պատերազմին պատրաստվելու խաղաղություն է (Տեսանյութ)

Մարտ 12,2017 19:38

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն, այսօր Արարատի մարզում դիմելով քաղաքացիներին, ասաց՝ ում ուզում ես ընտրի «Հայ ազգային կոնգրես»-ից՝ ձայնը գնում է խաղաղությանը: Ըստ նրա, հանրապետականը թշնամություն է տարածում, ծեծկռտուք է անում, շտաբեր է փակում. «Ապտակ, դանակ, կրակոցներ էլ կլինեն, դեռ սպասեք»:

Արամ Մանուկյանի խոսքերով, իրենց խնդիրն այն է, որ խաղաղության ֆոնդին շատ ձայն գնա. «Ինչքան շատ ձայն գնա, մենք հաղթող ենք»:
Նա, մատնացույց անելով ՀԱԿ-ի ցուցակն, ասաց, որ այնտեղ քաղաքական գործիչներից հետո, թվով ամենաշատը ազատամարտիկներ են. «Խաղաղության գինը գիտեն կռված տղերքը: Նրանք, որոնք վառոդի հոտ են առել, տարիներ անցկացրել սահմանին, Ղարաբաղում ասում են՝ քանի որ մենք պարտադրել ենք խաղաղություն, հիմի էլ պիտի պայմանագիր կնքենք: 20 տարի այդ նույն բանն ասում ենք, եւ մեր բոլոր կռված տղերքը՝ Վասիլը, Գրիգորը, Վալերը, Գեղամը բոլորը, նրանք, որոնք Ադրբեջանին ծնկի են բերել, այսօր ասում են՝ խաղաղություն է պետք հաստատել, որպեսզի մեր կորած ընկերների ձեռքբերածը ջրի հետ չգնա»:
Ըստ Արամ Մանուկյանի, մեր պատմությունն ունի տխուր դեպքեր. «Երբ քյալագյոզները,կենացով հայրենիք սիրողները, պոռոտախոսությամբ զբաղվողները կամ շաքարը բերանում պահածները, որ գնում են Բաքվում չայ խմելու, այդ տեսակը մարդկանց, ջահելների ուղեղները լվանում է, թե տեսեք՝ ինչ ենք անելու, Բաքուն ու Ստամբուլն էլ ձեռքի հետ գրավելու ենք»:

Նա համոզմունք հայտնեց, որ արտագաղթը կազմակերպում են իշխանությունները, քանի որ չեն ուզում, որ դժգոհ մարդիկ մնան ու հեղափոխություն անեն. «Սրանց պետք է, որ մենք լինենք Սիբիրներում, Լոսանջելեսներում»:
Դիմելով իշխանություններին ասաց, որ իրականությունն ասեն, այլ ոչ թե խաբեն. «Մենք ասում ենք, որ եթե դուք չեք գնում խաղաղության հաստատմանը, եթե պատերազմը ձեզ ձեռք է տալիս, իսկ իրականում պատերազմը ձեռք է տալիս երկու իշխանություններին, այդ դեպքում կամ դուք լուծեք այդ խնդիրը, կամ գա այն քաղաքական ուժը, որը կլուծի այդ խնդիրը:

Արամ Մանուկյանը հիշեցրեց ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որտեղ դեսպանը մտահոգություն էր հայտնել Հայաստանի փակ սահմանների փակ լինելու հետեւանքով առաջացած տնտեսական վնասներին: Նա ասաց, որ ՀԱԿ-ն էլ այդ կարծիքին է եւ դրա հետեւանքով արտագաղթը «սարսափելի» չափերի է հասել: 24 տարի է կիսապատերազմական վիճակ է, որը պատերազմի սպառնալիք է միշտ պարունակում: Ինչի պատճառով մարդիկ լքում են Հայաստանը»:

Ըստ նրա, Հայաստանը գրավում է աշխարհում 3-րդ տեղը արտագաղթի տեմպերով. «Մեր ասած խաղաղությունը նաեւ պատերազմին պատրաստվելու խաղաղություն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031