Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղում նախապատրաստվում են գարնանացանին. ի հեճուկս ազատագրված տարածքների հանձնման խոսակցությունների (Ֆոտոշարք)

Մարտ 12,2017 20:42

Անցած աշնանը Քաշաթաղի շրջանում իրականացել է 17171 հա հացահատիկի՝ ցորենի և գարու աշնանացան: Այժմ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ գարնանացանի համար՝ հատկապես հարավային թևում: Մարտի 11-ին Aravot.am-ն այցելեց շրջանի Իշխանաձոր և հարակից համայնքներ` ծանոթանալով կատարված աշխատանքներին:

Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը տեղում է կազմակերպում գյուղատնտեսական, ճանապարհաշինական, ինչպես նաև՝ գյուղի նոր կառուցվող բնակելի թաղամասի շինարարական և այլ աշխատանքների գործընթացը: Տեղեկացրեց՝ բնակարանաշինարարական և ճանապարհների բարեկարգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է ԱՀ կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի ուղեկցությամբ Երիցվանք և Փակահան գյուղերում ծանոթացանք ջերմոցային տնտեսություններում կատարվող աշխատանքներին: Երիցվանքի գյուղական համայնքի ղեկավար Զարզանդ Միքայելյանի տեղեկատվությամբ՝ գյուղում մոտ 15 ընտանիք է զբաղվում ջերմոցային տնտեսությամբ(մոտ 5000ք/մ), որոնցում այս օրերին հիմնականում իրականացվում է բանջարաբոստանային մշակաբույսերի՝ լոլիկի, պղպեղի, սմբուկի և այլ բույսերի սերմերի ցանքս՝ սածիլներ ստանալու նպատակով: Նշեց նաև, որ համայնքում յուրաքանչյուր տարի մշակվում է մոտ 25հա բանջարեղեն, 20հա ձմերուկ, 800հա հացահատիկ՝ գարի և ցորեն:

Համայնքում արտադրված բանջարեղենը հիմնականում հատկացվում է Ստեփանակերտի «Արցախ ֆրուտ» գործարանին: Փակահանի գյուղական համայնքի ղեկավար Արայիկ Եղիազարյանն ասաց՝ գյուղում մոտ 10 ընտանիք նույնպես ջերմոցային տնտեսություն ունի: Գյուղվարչության պետի տվյալներով` տարածքում մոտ 55 ջերմոցային տնտեսություն կա: Գյուղվարչության պետի հետ բարձրացանք նաև Թովմասարի սարահարթ, որտեղ գրեթե 8000հա հացահատիկի(ցորեն և գարի) աշնանացան է կատարվել:

«100հա տարածք այժմ սև ցելի տակ է»,-ասաց Լ. Սիմոնյանը: Այնուհետև շարունակեց. «10 անգամ ավելի տարածք էլ թողել ենք կանաչ ցելի համար: Անցած ձմռանն այստեղ ևս աննախադեպ ցրտահարություն եղավ, որի պատճառով աշնանացանի որոշ հատվածներում հատկապես գարու ծիլերը(մոտ՝ 20-25 տոկոսը)  ցրտահարվել են: Գրեթե 100հա տարածք էլ վարակված է գնայուկ բզեզով: Լ. Սիմոնյանը կարևորեց պայքարն այդ վնասատուների դեմ, այլապես վարակված տարածքները կմեծանան. անցած աշնանը և այս գարնանը աշխատանքներ են տարվել մկնանման կրծողների դեմ պայքարում, որը տվել է լավ արդյունք: Լ. Սիմոնյանը տեղեկացրեց՝ նախատեսված է նաև 3000-3500հա գարնանացան կատարել: Դրա մեջ է մտնում նաև բանջարաբոստանային մշակաբույսերի, բոստան-պարենի, եգիպտացորենի և այլ բույսերի  ցանքսը:

Պլանավորված է շրջանում ընդհանուր ցանքսը 21 հազար հեկտարը գերազանցել: Բանջարաբոստանային մշակաբույսերի՝ ավելի շատ արտադրելու նպատակով ԱՀ կառավարությունը կես և ավելի հեկտար նման բույսեր մշակողներին անհատույց հատկացնում է ֆինանսական աջակցություն՝ 1հա-ի համար 200.000 դրամ: Որոշ բույսերի արտադրության համար անհատույց հատկացվում է սերմնացու, իսկ յուղատու բույսեր(արևածաղիկ, հլածուկ, սոյա, կտավատ) արտադրողներին, բացի սերմացուից, կտրվի ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ:

Այս տարի համայնքներից ավելի շատ հայտ է ներկայացվել առվույտի սերմացուի համար: Այս օրերին արվում է հնարավորը՝ բարձր բերքատվություն ապահովելու նպատակով: Ժամանակն է նաև՝ իրականացնել հակահրդեհային աշխատանքներ: Այս տարածքում շատ կարևոր է պարենային մշակաբույսերի արտադրությունը և բնակարանաշինությունը:

Այժմ շատ է խոսվում փոխզիջումների, ազատագրված տարածքների հետվերադարձման և նման անհեթեթությունների մասին: Քաշաթաղում բնակվողներս, բարիք ստեղծելով, մեր պատմական հայրենիքի ազատագրված և վերահայացող մի հատվածը շենացնելով` նեցուկ ենք Հայոց բանակին և հարկ եղած դեպքում զինվոր ենք ու սահմանապահ: Եվ այսօր ու այսուհետ առավելն ենք անելու ի հեճուկս շատ հոռետեսների ու քաղաքական գործիչների: Խաղաղության հասնելու ամենաարդյունավետ միջոցը տարածքում տնտեսության զարգացումն ու բնակեցումն է:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031