Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս եք քվեարկելու ապրիլի 2-ին. հիմնական գիտելիքներ՝ ընտրողների համար

Մարտ 12,2017 20:51

Ինչպես հայտնի է, Ընտրական նոր օրենսգիրքը նաեւ ընտրությունների քվեարկության կարգի նոր դրույթներ է սահմանել, որոնց քաղաքացիները հիմնականում ծանոթ չեն: Aravot.am-ը ներկայացնում է անհրաժեշտ տեղեկատվություն, թե ինչպես պետք է քվեարկել՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում:

Նախ նշենք, որ ընտրական տեղամասերում քվեարկությունը սկսվում է 08:00-ին եւ վերջանում 20:00-ին: 20:00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռեւս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն: Ընդ որում, քաղաքացին քվեարկությանը մասնակցում է անձամբ, լիազորված քվեարկությունն արգելվում է:

ՔԱՅԼ 1-ին. ընտրատեղամաս մտած քաղաքացին նախ պետք է գրանցվի, այլապես չի կարող ստանալ քվեաթերթիկ:

ա) Նա մոտենում է լիազորված մասնագետին եւ ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Եթե ներկայացնում է կենսաչափական անձնագիր, ոչ կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով եւ ներկայացված փաստաթուղթը ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ:

Եթե պարզվում է, որ ընտրողը ներկայացել է այլ անձի փաստաթղթով, ապա մասնագետն այդ մասին տեղեկացնում է ընտրական հանձնաժողովի նախագահին, որն էլ քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին՝ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու համար:

բ) Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, 2008թ. հունվարի մեկից հետո տրված ոչ կենսաչափական անձնագիրը եւ առ այդ պահը անձը հաստատող որեւէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են տվյալ ընտրողի լուսանկարը, ընտրողների ցուցակի հերթական համարը եւ կանաչ նշանը:

Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաեւ՝ այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում ընդգրկված է այդ ընտրողը: Այս դեպքում ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:

Եթե ընտրողն իր անձը հաստատող փաստաթղով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կարմիր նշան, ինչից հետո մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Վերջինս այս դեպքում եւս քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկաններին

գ) Կանաչ նշանի հայտնվելու դեպքում արդեն ընտրողը ներմուծում է աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Դրա անհնարինության դեպքում մատնահետքը ներմուծվում է հետեւյալ առաջնայնությամբ՝ ձախ ձեռքի ցուցամատ, աջ ձեռքի միջնամատ, ձախ ձեռքի միջնամատ…

ՔԱՅԼ 2-րդ. Տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողի հերթական համարն ըստ ընտրողների ցուցակի, նաեւ՝ ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը պարունակող քվեարկության կտրոնը:

Մասնագետն այդ կտրոնը եւ անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ընտրողին:

ՔԱՅԼ 3-րդ.

ա) Ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին, որն ընտրողից վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը:

բ) Ընտրողը ստորագրում է իր տվյալների տողի դիմաց, ինչից հետո հանձնաժողովի անդամն իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, նույն կնիքով կնքում նաեւ քվեարկության կտրոնը եւ այն փոխանցում ընտրողին:

ՔԱՅԼ 4-րդ. Ընտրողը մոտենում է քվեարկության ծրար եւ քվեաթերթիկ տրամադրող հանձնաժողովի անդամին, ներկայացնում է քվեարկության կտրոնն ու ստանում 1 ծրար եւ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության(այս ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների թիվն 9-ն է) մեկական քվեաթերթիկ, որը ներառում է ծանուցում՝ քվեաթերթիկի լրացման կարգի մասին:

ՔԱՅԼ 5-րդ. Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու.

ա) Ընտրողը կուսակցություններից կամ կուսակցությունների դաշինքներից որեւէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Տարածքային ընտրական ցուցակի թեկնածուներից որեւէ մեկին ընտրելու դեպքում ընտրողն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկի երկրորդ էջում ԿԸՀ-ի սահմանած՝ V-ձեւ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառակուսիում, որին կողմ է քվեարկում:

բ) Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու:

Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:

Արգելվում է որեւէ ձեւով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում:

ՔԱՅԼ 6-րդ.

ա) Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամին եւ նրան է հանձնում քվեարկության կտրոնը:

բ) Հանձնաժողովի անդամը ստուգում է կտրոնը, ապա առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու՝ քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որի վրա նշված են ընտրության անվանման հապավումը, քվեարկության ամսաթիվը եւ ընտրական տեղամասի համարը:

գ) Այնուհետեւ հանձնաժողովի անդամը բացում է քվեատուփի ճեղքը, որպեսզի ընտրողը քվեարկության ծրարը գցի քվեատուփի մեջ:

Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին՝ նոր քվեաթերթիկ ստանալու նպատակով: Սխալ լրացված եւ վնասված քվեաթերթիկներն անհապաղ մարվում են:

Քվեարկելուց հետո ընտրողն անմիջապես պետք է դուրս գա քվեարկության սենյակից:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031