Ազատ ոճայինները գոտեմարտում են Ստամբուլում

Ազատ ոճայինները  գոտեմարտում են Ստամբուլում

Վերջին շուրջ երկու տասնամյակում Բելգիայում եւ Գերմանիայում որպես մարզիչ աշխատած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը վերջերս ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի ղեկն ստանձնելուց հետո «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում ասել էր, թե հավատում է, որ մեր ազատ ոճային ըմբիշները ի վիճակի են մեդալներ նվաճել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում ու պաշտոնական առաջնությունում: Նրա համոզմամբ, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մակարդակներում մարզիչները ճիշտ աշխատեն, իսկ մարզիկները չզլանան մարզվել եւ հավատան իրենց հնարավորություններին:

Ծաղկաձորում անցկացված ուսումնամարզական հավաքից հետո մեր ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա, որտեղ երեկ մեկնարկել է Յաշար Դոգուի անվանումը կրող 45-րդ միջազգային հեղինակավոր մրցաշարը: Սա ըստ էության մրցաշրջան 2017-ում հավաքականի առաջին միջազգային փորձությունն է Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Երեկ մրցագորգը տրամադրվել էր 57 եւ 70 կիլոգրամ քաշայինների, որտեղ Հայաստանը ներկայացնում էին, համապատասխանաբար, Գարիկ Բարսեղյանը եւ Վալտեր Մարգարյանը: Մեր երկու ըմբիշներն էլ մեկնարկային երկու գոտեմարտերն ավարտեցին իրենց օգտին, սակայն հաջորդ քայլը նրանց մոտ չստացվեց: Այդուամենայնիվ, թե Բարսեղյանը, թե Մարգարյանը բրոնզե պարգեւի համար պայքարելու հնարավորություն էլ ունեցան, սակայն այնտեղ էլ անհաջողության մատնվեցին:

Արմեն Մկրտչյանի համար, իհարկե, շատ կարեւոր է Թուրքիայում մեդալներ նվաճելը, սակայն նա նաեւ այլ, ավելի հեռահար նպատակներ է հետապնդում: Մասնագետը չի շտապում միանգամից արդյունքներ արձանագրել, քանի որ կարճ ժամանակում դա հնարավոր չէ: Ժամանակ է հարկավոր: Նրա համար այս մրցաշարը ավելի շատ իր սաներին առաջին անգամ միջազգային մրցագորգերում գործնական աշխատանքի մեջ տեսնելն է: Նա իր ծոցատետրում առանձին-առանձին գրառումներ է կատարում գոտեմարտերում յուրաքանչյուր ըմբիշի թույլ տված տեխնիկական եւ տակտիկական վրիպումների մասին, որից հետո, ինչպես ինքն է ասում, իր օգնականների ու հենց ըմբիշների հետ միասին վերլուծելու է դրանք եւ աշխատելու է հնարավորինս շտկել մինչեւ մայիսի սկզբին սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը:

Արմեն Մկրտչյանը դեռ ուսումնամարզական հավաքի ժամանակ «Առավոտին» տեղեկացրել էր նաեւ, որ միջազգային մրցաշարերին ու պաշտոնական առաջնություններին մասնակցելու են միայն այն ըմբիշները, որոնք այդ ժամանակահատվածում ավելի լավ մարզավիճակում կգտնվեն ու ավելի լավ պատրաստ կլինեն, այդ թվում նաեւ երիտասարդները: Նրա համար հավաքականում միայն նախկինում նվաճած տիտղոսների համար ամրագրված տեղեր չկան՝ բոլորը հավասար են:
Այսօր՝ Յաշար Դոգուի միջազգային մրցաշարի երկրորդ օրը մրցագորգ մտնելու են 61, 74 եւ 125 կգ քաշայինները: Հայաստանի հավաքականից հանդես են գալու Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ 61 կգ քաշային կարգ, Գրիգոր Գրիգորյան եւ Վարուժան Կոջոյանը՝ երկուսն էլ՝ 74 կգ եւ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

11,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք