Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի տեսահոլովակում նկարահանվող աստղերի նկատմամբ նույնը չէր լինի, ինչ եղավ Արսինե Խանջյանի նկատմամբ

Մարտ 13,2017 23:25

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը վստահեցնում է՝ բոլոր օրինական հիմքերը կան, որ ոստիկանության՝ 2016 թվականի հուլիսի 27-ի ապօրինի գործողությունները վիճարկվեն:

«Այդ օրերին քաղաքացիների ու խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բոլոր նման դեպքերը դիտարկման առարկա են, ոստիկանության նմանատիպ գործողություններն ուղղակի ապօրինություն են եւ պետք է ըստ օրենսդրության տառի քննեին, բայց մենք գիտենք, որ բոլոր դեպքերում էլ ապօրինությունները ոչ միայն չեն դիտարկվել ոստիկանության ապօրինի գործողություններ, այլեւ հենց քաղաքացիները, որոնք  մասնակցել են խաղաղ հավաքին, նրանք են ենթարկվել տարբեր տիպի հետապնդումների՝ ընդհուպ մինչեւ քրեական գործերի հարուցում»,- անդրադառնալով կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի՝ 2016 թվականի հուլիսի 27-ին Խորենացի փողոցից իրեն  բերման ենթարկելու որոշումը ապօրինի ճանաչելու մասին հայցը կարճելու դատարանի որոշմանն՝ ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը դատարանում բողոքարկում էր 2016 թվականի հուլիսի 27-ին Խորենացի փողոցից իրեն  բերման ենթարկելու որոշումը:

Նա  դատարանից պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները և իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանել բարոյական (ոչ նյութական) վնասի փոխհատուցում 500.000 դրամի չափով:

«Արսինեի դեպքը, որին ականատես եղանք բոլորս, թե ինչպես էին փորձում ապօրինաբար բերման ենթարկել նրան, ակնհայտ է՝ եթե նրա ինքնությունը չպարզվեր, նա շատ երկար ժամկետով կմնար ոստիկանական բաժանմունքներում ու այնպիսի վայրերում, որոնք քաղաքացիների պահման համար նախատեսված չեն… բայց քանի որ Արսինե Խանջյանը հայտարարել է, որ պետք է Հայաստան ժամանի՝ դիտարկելու ընտրությունների արդյունքներն ու թափանցիկությունը, դիտորդական առաքելություն իրականացնի, այս պարագայում Արսինե Խանջյանի նկատմամբ դատարանի կողմից ավելի քաղաքականացված մոտեցում է դրսեւորվում, քան եթե նրա փոխարեն լիներ այնպիսի հասարակական, մշակութային գործիչ, որը նկարահանվեր ՀՀԿ-ի տեսահոլովակում»,- հավելեց Զարուհի Հովհաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031