Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Լրագրող Շողիկ Գալստյանի գործով ամբաստանյալ Մարիամ Ավագյանը տուգանվեց 700 հազար դրամով (Տեսանյութ)

Մարտ 13,2017 23:40

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի գործունեությունը խոչընդոտելու գործով վերջին դատական նիստը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Մարիամ Ավագյանը, 2016 թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ խոչընդոտել էր Շողիկ Գալստյանի աշխատանքը, կոտրել նրա բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս:

Մարիամ Ավագյանին առաջադրվել էր մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Մարիամ Ավագյանն ասաց, որ փոխհատուցել է լրագրողին պատճառած գույքային վնասը, եւ նրան վերադարձրել նոր հեռախոս:

Շողիկ Գալստյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն էլ հայտնեց, որ հաշվի առնելով նշված հանգամանքը, նաեւ այն, որ Մարիամ Ավագյանը խնամքին ունի երկու անչափահաս երեխա, իրենք 185-րդ հոդվածի 1-ին մասով (այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը), բողոք չունեն եւ միջնորդեց գործը կարճել:

Դատավոր Սուրեն Բաղդասարյանը, որոշեց սույն հոդվածով Մարիամ Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ կարճել գործը:

Իսկ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը, առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով (այն է՝ ընտրությունների ժամանակ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելը), պահանջեց Մարիամ Ավագյանի նկատմամբ նշանակել 800 հազար դրամի չափով տուգանք: Դատարանը ամբաստանյալ Մարիամ Ավագյանին ճանաչեց մեղավոր, եւ որպես տուգանք նշանակեց պատժի նվազագույն չափ՝ 700 հազար ՀՀ դրամ:

Բացի այդ, Մարիամ Ավագյանին մեկ տարով զրկեցին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելուց, ինչպես նաեւ  ընտրությունների ընթացքում վստահված անձ, դիտորդ կամ հանձնաժողովի անդամ լինելու իրավունքից:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները շուտով՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031