Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Սանամյան. «Եթե քվե ստանամ, ուղիղ նայելու եմ ընտրողների աչքերին եւ փորձելու եմ ամեն ինչ անել նրանց համար»

Մարտ 14,2017 14:12

Սամվել Սանամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքում։ Սամվել Սանամյանը տպավորիչ կենսագրություն ունի. Հրազդանի ցեմենտի գործարանից, ինժեների աշխատանքից, գործարարությունից հետո անցել է ծառայության ներքին գործերի համակարգում։ Ներքին գործերի նախարարությունում եղել է գումարտակի հրամանատար, Ազգային անվտանգության ծառայությունում, ֆինանսների նախարարությունում՝ վարչության պետ։ Երկար տարիներ ղեկավարել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչությունը։ Այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է, մաքսային ծառայության գեներալ-մայոր։ Պարոն Սանամյանի հետ զրուցում ենք նախընտրական արշավի ընթացքի, ընտրողների սպասելիքների եւ այլ հարցերի վերաբերյալ։

– Պարոն Սանամյան, մարտի 5-ից մեկնարկել է քարոզարշավը, այս ընթացքում շատ շփումներ եք ունեցել ընտրողների հետ։ Ի՞նչ է ակնկալում Կոտայքի մարզի ընտրողը պատգամավորության թեկնածուից, պատգամավորից։ Ի՞նչ տրամադրություններ կան։

– Ինձ համար անսպասելի չէր, որ ընտրողները հիմնականում բարձրացնում են կենցաղային, սոցիալական խնդիրներ։ Ընդ որում, այդ հարցերն առկա են ոչ միայն Կոտայքի մարզում կամ Հրազդանում, այլեւ ամբողջ հանրապետությունում։ Դժվարություններ շատ կան։ Բայց մարդկանց հավատը պետք է վերականգնվի։ Ժողովրդի հետ պետք է շփվել, չպետք է կտրվել ընտրողներից։ Այս ընթացքում շատ են հնչել հարցադրումներ՝ կարո՞ղ է ընտրություններից հետո մեզ մոռանաք եւ 5 տարի անց վերադառնաք՝ նորից մեր ձայնը խնդրելու համար։ Դա նշանակում է, որ պատգամավորը կտրված է եղել իր ընտրողից։ Եթե անգամ պատգամավորն ինչ-որ բան չկարողանար անել, բայց լիներ իր ընտրողի կողքին, ինձ թվում է՝ այսքան հուսահատություն չէր լինի։ Բացի այդ, ընտրողների առաջ քաշած շատ հարցեր մնացել են օդում։ Պետք էր բարձրաձայնել խնդիրները։ Ես չեմ հիշում, որ այս մարզից լուրջ հարցեր առաջ քաշած լինեն, ինչ-որ հարցի լուծում տրված լիներ (բացառություններ գուցե եղել են)։ Կարծում եմ՝ բոլոր խնդիրներն էլ լուծելի են։ Անգամ պատրաստ եմ իմ անձնական կապերի շնորհիվ օգտակար լինել մարզին։ Ես չեմ ցանկանում մարդկանց տեսնելիս հայացքս թաքցնել։ Եթե քվեն ստանամ, ուղիղ նայելու եմ նրանց աչքերին եւ փորձելու եմ ամեն ինչ անել նրանց համար։

– Գաղտնիք չէ, որ մեր ընտրություններում մեծ տեղ ունի ընտրակաշառքը։ Ձեր վերաբերմունքը ընտրակաշառք կոչվածի վերաբերյալ։ Եվ պատրաստվո՞ւմ եք արդյոք Դուք էլ մանդատ նվաճելու համար դրանով շահագրգռել մարդկանց։

– Ես դեմ եմ ընտրակաշառքին։ Պետք չէ օգտվել մարդկանց սոցիալական վատ վիճակից։ Եթե ուզում ես մի բարի գործ անել, կարող ես այլ կերպ անել։ Ընտրակաշառքն այսօր կտան, վաղը կվերջանա, գոնե մի մնայուն բան կարելի է թողնել։ Ընդամենը մի բան ասեմ՝ ժողովուրդն ում էլ ընտրի, նրան էլ արժանի է։ Եթե պետք է ընտրեն գումար, ուրեմն արժանի են դրան։ Եթե նախընտրում են գաղափարը, ժողովրդի հովանավորին, ուրեմն պետք է կանգնեն նման թեկնածուի կողքին։ Ոչ մի պատգամավոր կախարդական փայտիկով հարց չի լուծելու։ Ժողովուրդը պետք է կանգնի պատգամավորի կողքին, պատգամավորը՝ ժողովրդի։ Միասին, ուս ուսի պետք է աշխատեն։

– Հասարակության որոշ մասի մոտ ձեւավորված կարծիք կա, թե որեւէ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են լավ ծանոթություններ, կապեր, հովանավորներ: Հաջողության Ձեր սահմանումը ո՞րն է։

– Տղամարդու համար հաջողության գրավականն առաջին հերթին նպատակասլացությունն ու աշխատասիրությունն են, երբեւիցե որեւէ խոչընդոտի առաջ չընկրկելը։ Եթե նպատակ ես դնում եւ հասնում դրա իրականացմանը, չպետք է սահմանափակվել այդքանով։ Պետք է մի քանի քայլ առաջ գնալ, այլ նպատակներ սահմանել ու ձգտել դրանց իրագործմանը։ Չպետք է հիասթափվել, խնդրին պետք է մոտենալ տարբեր կողմերից, հասկանալ սխալները, վերլուծել, ազնվորեն մտածել՝ արդյոք ուզո՞ւմ ես հասնել նպատակիդ, թե՞ ուղղակի քեզ ես փորձում։ Պրոբլեմներին պետք է նայել ոչ թե որպես սպորտային հետաքրքրություն, այլ իմաստ պետք է դնել այդ ամենի մեջ։

– Դուք այժմ վարչապետի խորհրդականն եք։ Վարչապետն այսօր հանրության շրջանում ընկալվում է որպես փոփոխությունների խորհրդանիշ, մարդ, որ աշխատանքի, մտածողության նոր մշակույթի կրողն է Հայաստանում։ Կարո՞ղ ենք ասել, որ Դուք նրա առաջադեմ թիմի անդամ եք։

– Երբ գործադիրում ներդրում ունեցած մարդկանց առաջարկում են խորհրդական աշխատել, նշանակում է՝ նրանց փորձը գնահատվում է, եւ անցած ուղին կարելի է կիրառել բարեփոխումների մեջ։ Ես շատ ուրախ եմ, որ ինձ գնահատել են, եւ բարեփոխումների մաս կարող եմ կազմել։ Ամեն ինչ կանեմ, որ լինեմ թիմի լիարժեք անդամ։

– Յուրաքանչյուր մարդ ունի իր արժեքային համակարգը։ Ձեզ ո՞ր արժեքներն են հոգեհարազատ։

– Ինձ մոտ ձեւավորված մոտեցում կա, որը գալիս է իմ ընտանիքից։ Երբ մարդ հասնում է մի բանի, ուրեմն դա քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Շփվում եմ տարբեր ոլորտների մարդկանց հետ, եւ երբ բախվում ես տարբեր արժեհամակարգերի, բնականաբար՝ ընտրում ես քեզ հոգեհարազատը, որի հիման վրա էլ ձեւավորվում է քո շրջապատը, միջավայրը։ 54 տարեկան եմ, այդ շրջապատն ու արժեքներն արդեն կարծրացել են ինձ մոտ։ Ունեմ շատ լավ ընկերներ բոլոր ոլորտներում։ Ինձ համար հաճելի է շփվել այն մարդկանց հետ, ում հետ հանգստանում եմ։ Նրանք մարդիկ են, ում հետ մտածում ենք նույն կերպ, միգուցե տարաձայնություններ լինում են, սակայն մենք մեր ես-ը չենք կորցնում, հարգում ենք մեկս մյուսին, դիմացինի ընտրությունը։ Իմ շրջապատում եթե ոմանց մոտ դժգոհություն կա, ապա դա կենցաղային է։ Ես նրանց սիրում եմ, քանի որ մտածում են ժողովրդի մասին, ուզում են՝ ժողովուրդը լավ ապրի։ Ես սիրում եմ հայի լավ տեսակը, հայի վատ տեսակն էլ եմ սիրում, որովհետեւ մերն է։ Բայց ուզում եմ վերստին տեսնել 70-80-ականներին իրար ժպիտով նայող հայերին, որ միմյանց հանդիպելիս ուրախանում էին, բարի լույս էին ասում, անկախ այն բանից՝ ճանաչում էին, թե ոչ։

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

14,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031