Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

9 տարում արտագաղթողների ու ընտրողների թիվն ավելացել է 350 հազարով. Ա1+

Մարտ 14,2017 18:40

Ա1+. Անկախությունից ի վեր ահագնացող արտագաղթը ոչ մի կերպ չի պակասեցնում Հայաստանի ընտրողների թիվը:  2 միլիոն 51 հազար էր քվեարկության իրավունք ունեցողների թիվը Հայաստանի նախագահի առաջին ընտրություններին: Քվեարկեց 1,5 միլիոնը:

1995-ի խորհրդարանի ընտրություններից առաջ մամուլը գրում էր, որ Ղարաբաղի պատերազմի եւ ցրտի ու մութի պատճառով Հայաստանն անվերադարձ լքել է 1 միլիոն մարդ: Իրական թիվն ավելի ուշ հրապարակեց վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ Հայաստանը լքել էր 247 հազար մարդ, մեծ մասը՝ Ադրբեջանից Հայաստան եկած փախստականներ: 1995-ի խորհրդարանի ընտրություններին քվեարկության իրավունք ունեցողների թիվը չփոխվեց: Մասնակիցների թիվը, սակայն, արտացոլում էր, որ եղել է արտագաղթ՝ նրանք հենց 250 հազարով պակաս էին նախագահի առաջին ընտրություններին քվեարկածների թվից: Հետաքրքիր է, որ այս ընտրություններում մոտ կես միլիոն քվե ճանաչվեց անվավեր:   1996-ի նախագահի ընտրություններին քվեարկության իրավունք ունեցողների թիվը 31 հազարով ավելացավ: Երկու տարի հետո եւս 9 հազարով ավելացավ ընտրողների թիվը Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած նախագահի ընտրություններում:

Առանց բացատրության, սակայն, 10 հազարով պակասեց 1999-ի Ազգային Ժողովի ընտրություններին քվեարկության իրավունք ունեցողների թիվը՝ հասնելով 2 միլիոն 198 հազարի: Փոխարենը 4 տարի հետո խորհրդարանի 2003-ի ընտրություններում, երբ մարդահամարի տվյալներով Հայաստանում ապրում էր 3 միլիոն մարդ, 12 հազարով ավելացավ քվեարկության մասնակիցների թիվը: 2007-ի խորհրդարանի ընտրություններում ոստիկանությունը հրապարակեց նոր տվյալներ՝ քվեարկության իրավունք ունեցողների թիվը պակասել էր 2 հազարով, թեպետ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ներկայացնում էր ներգաղթի պաշտոնական ցուցանիշներ:

2008-ի նախագահի ընտրություններին քվեարկության իրավունք ունեցողների թիվը պակասեց եւս 500-ով: Ու դա վերջին անգամ էր, երբ Հայաստանում նվազում է քվեարկության իրավունք ունեցողների թիվը ներգաղթին զուգահեռ: 2012-ին ոստիկանությունը հրապարակեց խորհրդարանի ընտրություններին քվեարկության իրավունք ունեցողների չլսված թիվ՝ 2 միլիոն 501 հազար: Այդ պահի դրությամբ 2008-ից Հայաստանում Ազգային վիճակագրության պաշտոնական տվյալներով Հայաստանից անվերադարձ արտագաղթել էր 158 հազար մարդ: 2013-ի նախագահի ընտրություններում քվեարկության մասնակիցների թիվը գրանցեց նոր ռեկորդ՝ 2 միլիոն 509 հազար:

Վերջին մեկ տարում Հայաստանից պաշտոնապես անվերադարձ հեռացել էր եւս 40 հազար հոգի: Սակայն ընդամենը 10 օր առաջ ոստիկանությունը գրանցեց Հայաստանում ընտրողների նոր ռեկորդ, որը 55 հազարով ավելի էր 2013-ի թվից՝ 2 միլիոն 564 հազար մարդ: Վերջին երեք տարում արտագաղթի ցուցանիշներն ավելացան եւս 150 հազարով: Այսպիսով, 2008-ից Հայաստանից պաշտոնապես անվերադարձ հեռացել է 350 հազար մարդ, իսկ ընտրողների թիվն այդ ընթացքում ավելացել է հենց այդքանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031