Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը, Էրդողանը, ԼՂ խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները

Մարտ 16,2017 12:00

Էրդողանն ուզում է, որ Ռուսաստանն առաջատարի դերը ստանձնի ԼՂ խնդրում

Անցյալ շաբաթ Մոսկվայում ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունների շրջանակում շոշափվել է Ղարաբաղյան հակամարտության թեման: Վերջին մեկ տարվա ընթացքում Պուտինն ու Էրդողանը հանդիպեցին 4-րդ անգամ:

Թուրքիայի նախագահը ԼՂ խնդրի մասին բարձրաձայնելու առիթը բաց չի թողել: Մարտի 10-ին, ըստ «Սպուտնիկ» գործակալության, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հետո մասնակցել է նաեւ ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը: «Շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները եւս մեկ անգամ վկայում են, թե որքան ճգնաժամային է իրավիճակը, եւ որքան մեծ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը»,- ասել է Էրդողանն ու հավելել, որ իր համոզմամբ՝ Ռուսաստանը կարող է առաջատարի դերը ստանձնել Ղարաբաղյան կարգավորման գործում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է բանակցությունների սկսում մոտակա ժամանակներում՝ նշել է նա:

Ի դեպ, Թուրքիայի նախագահը նաեւ հայտնել է, թե Թուրքիան ու Ռուսաստանը քննարկել են Անկարա-Բաքու-Մոսկվա միություն ստեղծելու նախագիծը, թեեւ ռուսական կողմից Էրդողանի նշյալ հայտարարությունն անարձագանք է մնացել:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական բանակցություններին, ապա դրանց վերաբերյալ հնչել են լավատեսական հայտարարություններ: Պուտինն ուրախ է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար, նա Էրդողանի հետ բանակցություններում շեշտել է, որ ռուս-թուրքական կապերը արագ տեմպերով վերականգնվում են: Պուտինի խոսքով՝ երկու երկրների միջեւ վերականգնվել են առեւտրային, տնտեսական հարաբերությունները, բացի այդ՝ կողմերը շարունակում են զարգացնել ներդրումային համագործակցությունը, իրագործվում են տարբեր նախագծեր: Էրդողանն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական համագործակցության գլխավոր բաղադրիչները պաշտպանական-արդյունաբերական համալիրն է եւ էներգետիկան:

ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները վերադարձել են բազմաբովանդակ գործընկերության ուղի՝ վստահեցրել է ՌԴ նախագահը: «Ընդգծեմ, որ մենք Թուրքիային դիտարկում ենք որպես մեզ համար կարեւորագույն գործընկերոջ: Մտադրված ենք աջակցել բարձր մակարդակով ինտենսիվ քաղաքական երկխոսությանը»,- ասել Պուտինը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեման պատահաբա՞ր հայտնվեց

Այն, որ Էրդողանը կօգտագործեր ռուս-թուրքական բանակցությունները, նաեւ՝ ԼՂ խնդիրը շոշափելու եւ Մոսկվայի դերն այդ հարցում կրկին կարեւորելու համար` պարզ էր ի սկզբանե: Անկարան նման առիթ երբեք բաց չի թողնում: Ավելին՝ ամիսներ շարունակ Թուրքիայի իշխանությունները ԼՂ կարգավորման գործընթացում հենց Մոսկվայի առանձին ջանքերն են կարեւորում` բացահայտ հասկացնելով, որ Անկարայի եւ Բաքվի համար հենց ռուսական նախաձեռնություններն ու ակտիվությունն են ընդունելի, ոչ թե օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Ղարաբաղյան թեման վերջին օրերին, ինչպես հայտնի է, քննարկվեց եւ քննարկվում է տարբեր երկկողմ բանակցություններում: Վերջին օրերին, սակայն, ուշագրավ փաստ էր նաեւ այն, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեման, հավանաբար, ոչ պատահաբար շոշափվեց Հայաստանի իշխանությունների կողմից:

Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն, օրինակ, ուշագրավ կանխատեսում է արել ԼՂ խնդրի, ինչպես նաեւ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման թեմաներով: 1in.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահների, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի՝ մարտի 14-15-ը երկօրյա պաշտոնական այցին ՌԴ՝ նա կարծիք է հայտնել, որ Մոսկվան առաջարկել է փաթեթային ձեւով քննարկել ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները: «Կարծում եմ՝ կարող են առաջարկել այդպիսի փոխզիջումային սցենար, որով Ալիեւը եւ Էրդողանը կփրկեն իրենց ճնշումներից՝ գնալով Սերժ Սարգսյանի հետ սեպարատ բանակցությունների, ավելի ճիշտ ասած՝ մի քանի շրջան՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ էլ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի փոխարեն»,- նշել է Տարասովը:

Նկատենք, որ Պուտինն ու Էրդողանը բանակցեցին մարտի 10-ին: Նույն օրը Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամլո ասուլիսում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմային` նշելով. «Բնականաբար, մեր մեծ ընդհանուր տարածաշրջանը չի կարող ուսումնասիրվել առանց մեր, Հունաստանի հարաբերությունների Թուրքիայի հետ: Հայաստանն իր կողմից բավականին քայլեր է արել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Գիտեք այն նախաձեռնության մասին, որով հանրապետության նախագահն էր հանդես եկել՝ առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն Թուրքիան հետ կանգնեց այդ պայմանավորվածություններից: Չնայած ստորագրված արձանագրություններին՝ Թուրքիան հրաժարվեց վավերացնել եւ իրականացնել դրանք: Այսինքն՝ փաստորեն, չհարգեց միջազգային հարաբերությունների ամենագլխավոր սկզբունքներից մեկը՝ «pacta sunt servanda» սկզբունքը՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն: Հայաստանը միշտ բաց է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, եւ հուսով ենք, որ մի օր Թուրքիայում էլ նույն մոտեցումը, դիրքորոշումը կունենան եւ կհարգեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում այլ գործընկերների, այլ երկրների հետ»:

Այս հայտարարությունից մեկ օր անց` մարտի 11-ին, «Վալդայ» ակումբի՝ Երեւանում կայացած «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության մեջ» խորագրով քննարկման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ուշագրավ ելույթով, որի ընթացքում նշել է, որ եթե Ռուսաստանին հաջողվի ունենալ կանխատեսելի ու հասկանալի Թուրքիա, դա կարող է բխել նաեւ Հայաստանի շահերից:

Այս հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանում հայտնի փորձագետներ, որոնք աշխարհին հայտնի են որպես պուտինյան Ռուսաստանի քաղաքականության ջատագովներ: Ահա այդտեղ ՀՀ պաշտպանության նախարարն ասել է. «Հայ-ռուսական համատեղ զորամիավորման ստեղծման մասին մի քանի շաբաթ առաջ ստորագրված համաձայնագիրն ու Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը լուրջ պատասխան է տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին ու Հարավային Կովկասում տեղի ունեցող որոշակի գործընթացներում նրա ներգրավմանը»: Միեւնույն ժամանակ Վիգեն Սարգսյանը նկատել է, որ հայ ժողովուրդն անցյալից տխուր հիշողություն ունի, երբ խորհրդային իշխանությունները տարբեր պայմանագրեր են կնքել թուրքական կառավարության հետ՝ նրանց հանձնելով Հայաստանին պատկանող տարածքներ:

Մի կողմից՝ փաստորեն, պաշտոնական Երեւանը հասկացնել է տալիս, որ եթե Ռուսաստանին հաջողվի ունենալ կանխատեսելի ու հասկանալի Թուրքիա, դա կարող է բխել նաեւ Հայաստանի շահերից, մյուս կողմից՝ նաեւ հիշեցնում է «անցյալի տխուր հիշողությունները», ռուս-թուրքական բարեկամության բացասական հետեւանքները հայերի համար:

Միանգամայն հնարավոր է, որ «Լավրովի պլանի» գործարկումը Մոսկվան, Անկարան ու Բաքուն դիտարկում են փաթեթով` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այստեղ որեւէ անակնկալ չկա այն առումով, որ պաշտոնական Անկարան մշտապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հնարավոր առաջընթացը կապել է ԼՂ խնդրի հետ: Առավել հետաքրքրականն այն էր, որ պաշտոնական Երեւանից` մեկ օրվա տարբերությամբ, ՀՀ ԱԳ նախարարի եւ պաշտպանության նախարարի մակարդակով «պատրաստակամության» ուղերձներ հղվեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առնչությամբ:

ԼՂ խնդիրը կմտնի՞ Պուտին-Թրամփ հարաբերությունների օրակարգ

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների առաջին հանդիպումը հնարավոր է, որ կայանա հուլիսին՝ Համբուրգում, Մեծ ութնյակի գագաթնաժողովում՝ օրերս նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Եթե մենք չպայմանավորվենք ավելի վաղ հանդիպման մասին, ապա նրանց հանդիպումը հնարավոր է, որ կայանա հենց հուլիսին՝ Համբուրգում, քանի որ սա առաջին գագաթնաժողովն է, որին ներկա են լինելու ե՛ւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ե՛ւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ամերիկյան CNN հեռուստաընկերության եթերում ասել է Պեսկովն ու հավելել. «Կարեւոր է, որ Պուտինն ու Թրամփը նստեն եւ խոսեն»։

Ռուսաստանը դեռ առաջիկա ամիսներին էլ, վստահաբար, կշարունակի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ շփումներում քննարկել ԼՂ խնդիրը` պահպանելով կարգավորմամբ զբաղվող գլխավոր խաղացողի իր դերը: Սակայն ուշագրավ է հարցը, թե ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկու երկրներին` ՌԴ-ին ու ԱՄՆ-ին, կհաջողվի՞ միասնական դիրքորոշում դրսեւորել ԼՂ կարգավորման գործընթացում այս փուլում, այսինքն՝ այն մոտեցումներում, որոնցից կախված է ԼՂ բանակցային գործընթացի շարունակականության ապահովումն առհասարակ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Վաշինգտոնին եւ Մոսկվային հարաբերությունները բարելավելու եզակի հնարավորություն է տալիս՝ «Ամերիկայի Ձայն»-ին վերջերս ասել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն. «Միանշանակ, նախագահ Թրամփը կցանկանար բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հավատացած եմ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դրա հնարավորությունը տալ՝ թույլ տալով ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին արդյունավետ աշխատելով միասին, այս հակամարտությունը խաղաղ կարգավորման հասցնել»: Նախկին դիվանագետի կարծիքով՝ ԼՂ խնդրում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նպատակները միմյանց շատ մոտ են. «Իմ հրապարակմամբ ես ցանկացա ազդանշան ուղարկել ԱՄՆ-ի նոր վարչակազմին, մատնացույց անել ահա մի ոլորտ, որտեղ երկու տասնամյակ շարունակվում է ռուս-ամերիկյան լուրջ համագործակցություն»:

Քերի Քավանոյի համոզմամբ՝ պատերազմի վտանգը Ղարաբաղում մնում է, քանի դեռ բացակայում է իրական խաղաղ գործընթացը: Այս պայմաններում, դեսպանը նշել է, որ կողմ է հայկական կողմի նախաձեռնությանը շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ. «Նախկինում ես դեմ էի ԼՂ-ն ու Ադրբեջանը բաժանող շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրմանը, սակայն այժմ, երբ ավելանում է հրադադարի խախտումների, կրակոցների թիվը, երբ կողմերն անընդհատ միմյանց են մեղադրում, կարծում եմ՝ հասել ենք մի կետի, երբ նման սարքավորումներն արժեքավոր կլինեին»: Նախկին դիվանագետի խոսքով՝ նման սարքավորումների առկայությունը թույլ կտա միջազգային միջնորդներին պատկերացնել, թե ով է խախտում հրադադարը եւ ինչպես դրա դեմն առնել:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 15.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031