Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 16՝ ոչինչ չասող, բայց գրեթե ամեն ինչ վճռող մի օր. «Ժամանակ»

Մարտ 16,2017 11:53

Այսօր մարտի 16-ն է: Առաջին հայացքից այս ամսաթիվը Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացուն ոչինչ չի ասում: Իրականում, սակայն, այս ամսաթիվը ոչ միայն ճակատագրական նշանակություն է ունեցել հայության և հայաստանցիների համար, այլ ըստ էության շարունակում է ունենալ իր քաղաքական ազդեցությունը հայկական պետականության ճակատագրի վրա: Խոսքը ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի մասին է, որ կնքվել է 1921 թվականի մարտի 16-ին:

Պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև ըստ էության գործում է մինչև այսօր, թեև այն իհարկե չունի որևէ իրավական ուժ: Պայմանագիրն ըստ էության այն մասին էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվում էին Կովկասում փոխազդեցության մասին, որի համար Մոսկվան ըստ էության պարտավորվում է զսպել հայկական գործոնը և թույլ չտալ, որ այն խնդիր լինի Թուրքիայի համար: Պայմանագիրը շոշափել է նաև հայկական պատմական տարածքները, գծել Թուրքիայի ներկայիս սահմանը նաև դրանց հաշվին: Ռուս-թուրքական այս պայմանագրի մասին խոսակցությունները կարող են սահուն անցում կատարել պահանջատիրության, քանի որ այդ սահմանի նուրբ և աննկատ լինելը պայմանավորված է հենց պայմանագրի բովանդակությամբ և քաղաքական բնույթով: Սակայն բանն իհարկե պահանջատիրությունը չէ, ի վերջո մենք պետք է ելնենք առկա իրողություններից:

Միևնույն ժամանակ առկա իրողություններից ելնելով էլ մենք չենք կարող պրակտիկ ուշադրության չարժանացնել մի պայմանագիր, որը առ այսօր հանդիսանում է ռուս-թուրքական պրակտիկայի մաս: Իսկ դրա վառ վկայությունն այն էր, որ 2015-ի նոյեմբերին բախվելով Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Ռուսաստանն ու Թուրքիան հակադրության կոշտ հռետորաբանության պայմաններում անգամ չվիճարկեցին 1921 թվականի պայմանագիրը, կասկածի տակ չդրեցին այն: Սա նշանակում է, որ կողմերն իրենց ռազմավարության մեջ շարունակում են հավատարիմ մնալ այդ պայմանագրին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանի պետական ռազմավարության մաս պետք է լինի իրադրությունը Կովկասում դուրս բերել ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությունից: Սա չի ենթադրում պայմանագիրը չճանաչելու, կամ Թուրքիային պահանջներ ներկայացնելու քայլեր: Ի վերջո դրանք կլինեն իրավիճակային, անհեռանկար քայլեր, որոնք փակուղուց բացի, չեն տանի որևէ այլ տեղ: Հայաստանին պետք է հետևողական, նպատակային, ռազմավարական մշակում քայլերի և պետական քաղաքականության, որը կունենա հայկական պետականությունը ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությունից դուրս բերելու թե՛ քաղաքական, թե՛ ռազմա-քաղաքական և թե՛ տնտեսական ճանապարհային քարտեզներ:

Արամ Ամատունի

Նյութի մանրամասները կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031