Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է ապրել ամենախուլ գյուղում, բայց լինել աշխարհի կենտրոնում». Ռուբեն Բաբայան

Մարտ 16,2017 13:55

«Ներկա պահին շրջում ենք սահմանամերձ գյուղերով և Հայաստանի տարբեր մարզերով ու ներկայացումներ խաղում: Կարծում եմ՝ Հայաստանի ոչ մի բնակիչ, որտեղ էլ, որ ապրի, իրեն չպետք է զգա մշակութային օղակից դուրս: Կարելի է ապրել ամենախուլ գյուղում, բայց լինել աշխարհի կենտրոնում,»- ասաց Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը մարտի 16-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Հյուրը խոսեց սահմանամերձ գյուղերում ունեցած ներկայացումների, ապագա միջազգային փառատոների, որոնց մասն է լինելու նաև Տիկնիկային թատրոնը, սկսնակ դերասանների ու խորհրդարանական ընտրությունների մասին:

«Ապրիլի 10-ին Սանկտ Պետերբուրգում խաղալու ենք «Հովնան» ներկայացումը: Ապրիլի 30-ին էլ՝ Զարուհի Անտոնյանի «The best of Shakespeare»-ը Մոսկվայում: Դրանից հետո մայիսին Պրահայում ներկայանալու ենք «Մատնաչափիկով», բայց սրանից հետո չեմ կարող ասել՝ ուր կգնանք, քանի որ ամեն ինչ կախված է ֆինանսավորումից»:

Հայաստանում կայանալիք ներկայացումների մասին խոսելով՝ Ռուբեն Բաբայանն ասաց. «23-ին նոր ներկայացում ունենք մեծահասակների համար՝ «Գոգլի քիթը»: Կլինի նաև Ղազարոս Աղայանի «Անահիտ»-ը, նաև «Երբ ծաղկում է մարգարտածաղիկը»:

Հյուրն անդրադարձավ նաև թատրոնի երաժշտական մասին. «Թատրոնում երաժշտությունն ապահովում է «Դոգմա» ռոք խումբը, որի նախաձեռնությամբ ռոքի միջազգային փառատոնը ապրիլին կգա նաև Երևան: Տարբեր երկրներից տաղանդավոր ու հայտնի ռոք երաժիշտներ են գալու»:

Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավարն ասաց, որ թատրոնի համար նոր դերասաններ ընտրվում են հիմնականում թատերական համալսարանից. «Ընտրում ենք այնպիսի երիտասարդների, որոնք կարողանում են ապրել այսօրվա ժամանակով, քանի որ, արվեստում, եթե չես ապրում այսօրվա ժամանակով, դատապարտված ես տեղում դոփել: Բայց, ցավոք, Հայաստանում այսօր անկում է ապրում պրոֆեսիոնալիզմը: Դա վերաբերում է և՛ գիտությանը, և՛ արվեստին»:

Անդրադառնալով խորհրդարանական գալիք ընտրություններին, Ռուբեն Բաբայանն ասաց. «Երբեք մեծ նշանակություն չեմ տվել ընտրություններին: Դրանով ոչ սկսում, և ոչ էլ ավարտվում է աշխարհը, բայց դա իսկապես անհրաժեշտ բան է: Ունեմ իհարկե իմ նախընտրություններս այս հարցում, բայց դրանք բացահայտել արդեն չեմ կարող»:

Մելանի Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031