Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Տիկին, Դուք իմ ձեռքերը ճանկռել եք». Օսիպյանը թույլ չտվեց քաղաքացիներին մոտենալ Արդարադատության նախարարության շենքին

Մարտ 16,2017 21:00

Ի հիշատակ Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի», կազմակերպված երթի մասնակիցները որոշեցին այսօրվանից նստացույց անել Ազատության հրապարակում: Նրանք ցանկանում էին մոտենալ ՀՀ արդարադատության նախարարության շենքին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և հաց դնելու նախարարության շենքի առաջ, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց թույլ չէր տալիս:

Ինչպես տեղեկացրել ենք, քաղաքացիները` Շահեն Հարությունյանի գլխավորությամբ Ազատության հրապարակից հիշատակի երթ անցկացրին Մաշտոցի պողոտայով, հետո կոչով հանդես եկան ՀՀ դատախազության առաջ: Այնուհետև ցանկանում էին մոտենալ Արդարադատության  նախարարության շենքին, սակայն ոստիկանները նրանց խոչընդոտում էին: Շահեն Հարությունյանը մի քանի անգամ հայտարարեց. «Մեր կռիվը ոստիկանների դեմ չէ»:

Պարոն Օսիպյանն առաջարկում էր հինգ հոգանոց խումբ կազմել, նոր մոտենալ նախարարության շենքին` նշելով, թե երթի մասնակիցների նպատակը իրականում բախումներ հրահրելն է, սակայն քաղաքացիները չէին համաձայնում. ուզում են, որ յուրաքանչյուրն իր բողոքն արտահայտելու հնարավորություն  ունենա: Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանը  հայտարարեց.

«Շահենի մայրը լինելուց բացի ես քաղաքացի եմ և ուզում եմ իմ կարծիքը հայտնել: Պարոն Օսիպյան, խնդրում եմ թույլ տալ, որ խաղաղ մոտենանք արդարադատության նախարարության շենքին»: Շահեն Հարությունյանը հորդորեց չխոչընդոտել իրենց` ազատ տեղաշարժի իրավունքը: Օսիպյանն արձագանքեց. «Ինչքան որ դուք ունեք սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ, նաև պարտավորություններ, նաև մյուս քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք, որոնց տեղաշարժն այժմ սահմանափակում եք»:

Պարոն Օսիպյանը, դիմելով երթի մասնակիցներից մեկին, ասաց. «Տիկին, Դուք իմ ձեռքերը ճանկռել եք» ու նշեց, թե հիշատակն այդպես չեն հարգում: Նաև զգուշացրեց, որ այլևս, ինչպես մինչև այժմ էր, չեն հանդուրժելու օրինախախտներին: Տիկին Ռուզաննան ասաց, որ իրենք բոլորն ուզում են սև ժապավենով հացը դնել Արդարադատության  նախարարության շենքի առաջ և չեն ընդունում հինգ հոգով գնալու առաջարկը: Մասնակիցներից մեկն էլ դիմեց Օսիպյանին. «Ավտոմատով չենք, հացով ենք»:

Շահենը վրդովվեց, թե այսքանից հետո, որ չեն էլ կարողանում անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացնել, հետևաբար ի՞նչ սրտով տուն գնան: Նա հայտարարեց, թե շարժվում են դեպի ՌԴ դեսպանատուն, քանի որ այսօր ինքն ու Արթուր Սարգսյանը Ազատության հրապարակում հայտարարելու էին, որ ստորագրահավաք են սկսում ընդդեմ ՌԴ-ի, և Արթուր Սարգսյանն առաջարկելու էր ապրիլի 1-4-ը ռուսական դրոշներն իջեցնել, քանի որ ապրիլյան պատերազմի զոհերն իրենց զենքով են եղել:

Ի վերջո, ոստիկանները երթի մասնակիցներին ուղեկցեցին մինչև Վազգեն Սարգսյան փողոց: Նշենք, որ երթի մասնակիցները որոշեցին այսօրվանից նստացույց սկսել Ազատության հրապարակում, վաղն էլ ժամը 18.00-ին` երթ Ազատության հրապարակից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031