Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակը ցույց կտա՝ ընդմիշտ կվերադառնա՞մ, թե՞ ոչ»

Մարտ 18,2017 15:00

Ասում է ՌԴ վաստակավոր արտիստ,
ջութակահար, իրավաբան Լեւոն Հովհաննիսյանը

Բարձրակարգ որոշ արվեստագետներ, այս դեպքում՝ երաժիշտներ, կարիերան սկսելով Երեւանում, կարճ ժամանակ անց պարզապես «անհետանում են»: Հետո տեւական ժամանակ անց լսում ենք, որ նրանցից ոմանք բուռն գործունեություն են ծավալում արտասահմանում, նույնիսկ արժանանալով պետական պարգեւների ու կոչումների:
«Առավոտի» զրուցակիցը ջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Լեւոն Հովհաննիսյանն է (լուսանկարում), որը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Մոկացյանի ուսանողն էր: Մասնագետների խոսքերով՝ ջութակահարն իրեն կարճ ժամանակահատված «իրացրել» է հայաստանյան նվագախմբերում, հետո էլ 1990-ականների սկզբներին, երբ Հայաստանում «ճոխություն» էր մշակույթի մասին անգամ երազելը, մեկնել է հայրենիքից:

Մեզ հետ զրույցում Լեւոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 1993թ. տեղափոխվել է Մոսկվա, կարճ ժամանակահատված աշխատել Վերոնիկա Դուդարովայի ղեկավարած ՌԴ պետական սիմֆոնիկ նվագախմբում, ապա Դմիտրի Կիտայենկոյի ղեկավարությամբ՝ Մոսկվայի պետֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբում: Ավելի ուշ հանդիսացել է ՌԴ պետական ակադեմիական կամերային նվագախմբի արտիստ եւ այդ նվագախմբում շարունակել գործունեությունը մինչեւ 2012թ.՝ շուրջ 25 տարի: Ինչպես գիտենք, այդ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր մաեստրո Կոնստանտին Օրբելյանը՝ Ազգային օպերային թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը:

«Մոսկվայում գործունեությանս զուգահեռ ուսանեցի նաեւ պետական իրավաբանական ակադեմիայում: Այս մասնագիտությունն ինձ տարիներ անց անհրաժեշտ դարձավ, երբ նվագախմբի արտիստի աշխատանքին զուգահեռ, Օրբելյանի առաջարկով նշանակվեցի նույն նվագախմբի տնօրեն: Այս ընթացքում նվագախումբը թողարկել է շուրջ 60 CD, օրինակ՝ հանրահայտ Sհandos ֆիրման նվագախմբի կատարմամբ տարիներ առաջ թողարկեց միայն Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից բաղկացած CD, իսկ ամերիկյան Delos-ը՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից կազմված ժողովածու: Կուզեի նշել նաեւ հռչակավոր Philips ֆիրմայի հետ տարիներ շարունակ CD-ների թողարկման մասով ՌԴ պետական ակադեմիական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը»,- հայտնեց Լեւոն Հովհաննիսյանը: Հետաքրքրությանը՝ Օրբելյանն այսօր Երեւանում է, իսկ ինքը մտադրություն չունի՞ տեղափոխվել հայրենիք, ջութակահարը պատասխանեց. «Ռուսաստանում, մասնավորապես՝ Մոսկվայում, երաժշտական եւ իրավաբանական տարբեր նախագծեր եմ իրականացնում: Ի վերջո, ընտանիքս Մոսկվայում է: Բայց հաճախ 1-2 ամսով կնոջս եւ դստերս հետ Երեւան եմ գալիս: Դուստրս այստեղ հաճախում է հայկական մանկապարտեզ, ես էլ շարունակում եմ ստեղծագործական կապի մեջ լինել մաեստրո Օրբելյանի հետ: Ինչ վերաբերում է ընդմիշտ Հայաստան վերադառնալուն, նախ գործ անենք, հետո խոսենք վերադառնալու մասին: Բացի այդ, ժամանակը ցույց կտա…»:

Հետաքրքրությանը, թե Մոսկվայի կամերային նվագախմբի երաժիշտները շա՞տ տխրեցին, երբ Օրբելյանը հաստատվեց Հայաստանում, ջութակահարը պատասխանեց. «Տխրելը այն խոսքը չէ, մինչ այսօր էլ երաժիշտները կարոտով են հիշում իրենց ելույթները աշխարհի հեղինակավոր բեմերում: Տարեկան միայն 2-3 համերգ էինք ունենում Քարնեգի հոլլում, բոլորը չեմ կարող թվարկել ու հիշել… Իսկ մաեստրոն, որն իսկապես աշխարհի քաղաքացի է եւ աշխարհի երաժիշտների ընտանիքի անդամ, Հայաստանից հրավերն ընդունեց մեծ հաճույքով: Այո, ռուս երաժիշտներն ամեն օր են հոլովում Օրբելյան անունը: Նագախումբը, որ ղեկավարում էր մաեստրոն՝ կամերային էր, բայց մշտապես նա հրավիրում էր այլ երաժիշտների, այդպիսով կամերայինը «հասցնելով» սիմֆոնիկ նվագախմբի կազմի եւ հենց այդ նվագախմբի հետ տարիներ առաջ բազմաթիվ ելույթներ են ունեցել հայաստանցի անվանի արվեստագետներ՝ թավջութակահարներ Մեդեա Աբրահամյանը, Վահրամ Սարաջյանը, ջութակահար Ռուբեն Ահարոնյանը եւ մյուսները: Իսկ վաղամեռիկ, երջանկահիշատակ երգչուհի Արաքս Դավթյանը Մոսկվայի կամերային նվագախմբի հետ ունեցել է շուրջ 250 համերգ»:

Լեւոն Հովհաննիսյանը հավելեց նաեւ, թե Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ՌԴ պետական ակադեմիական կամերային նվագախումբը առաջինն էր, որ 2003թ. հանդես եկավ Մոսկվայի Կարմիր հրապարակում, որից հետո մի քանի անգամ եւս կրկնվեցին այդ ելույթները, իսկ իբրեւ մենակատարներ էլ հրավիրվեցին աշխարհահռչակ օպերային երգիչներ Դմիտրի Խվորոստովսկին, Աննա Նետրեբկոն եւ այլ աշխարհահռչակ երաժիշտներ, այդ թվում՝ այլազգի:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

17,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031