«Սիրիական հակամարտության կարգավորման բանալին ընկած է Սիրիայում». Սարգիս Գրիգորյան

«Սիրիական հակամարտության կարգավորման բանալին ընկած է Սիրիայում». Սարգիս Գրիգորյան

«Սիրիական հակամարտության 7-րդ տարին չի առանձնանա սիրիական հակամարտության ամբողջական կարգավորմամբ»,-այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով սիրիական հակամարտության մասին ասաց  ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ, պ.գ.թ., Սարգիս Գրիգորյանը: Նրա խոսքով՝ չնայած այդքան սպանվածների, անհետ կորածների թվին, հակամարտությունը շարունակվում է, և այս անվերահսկելի իրողությունը մեզ հեռացնում է կանխատեսելիությունից:

Պարոն Գրիգորյանի կարծիքով՝ սիրիական հակամարտության 7-րդ տարին չի առանձնանա սիրիական հակամարտության ամբողջական կարգավորմամբ, որովհետև դեռևս Սիրիայում կռվում են բավականին շատ կառույցներ սկսած իսլամական պետությունից, մինչև մանր-մունր իսլամական խմբեր: Դեռևս կան խնդիրներ սկսած քրդական գործոնից մինչև թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում: «Իմ խորին համոզմամբ սիրիական հակամարտության կարգավորման բանալին ընկած է Սիրիայում: Միայն  Սիրիայում այս հարցերը լուծելուց հետո կարող ենք խոսել կարգավորման գործընթացի մասին: Ինձ համար անորոշ է սիրիական հակամարտության կարգավորումը»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:

Անդրադառնալով Սիրիայի տարածքում իսրայելական օդուժի իրականացրած ավիահարվածներին ու սիրիական ՀՕՊ-ի (հակաօդային պաշտպանություն) կիրառումից հետո սիրիական բանակի հայտարարությանը, որ խոցվել է իսրայելական ինքնաթիռ՝ բանախոսն ասաց, որ սա սիրիական հակամարտության շրջափուլերից մեկն է: Նրա կարծիքով` լուրջ զարգացումներ են սպասվում  այս առումով, որովհետև շատ էր խոսվում իսրայելական օդուժի անխոցելիության մասին,  և հետաքրքրականն այն է, որ առաջին անգամ Սիրիայի կողմից կիրառվել է ՀՕՊ համակարգ: «Իսրայելը միշտ բավականին ակտիվ է եղել և իր օդային հարվածներով որոշակի ակտիվություն է դրսևորել Սիրիայում: Սա իմ կարծիքով խոսում է այն մասին, որ Իսրայելը միշտ հետևողական է եղել և փորձել է վերահսկել այն իրադրությունը, որը իր սահմանին մոտ է գտնվում»:

Բանախոսը սա կապում է նրա հետ, որ Սիրիայում «Հիզբալլահ»-ը (լիբանանյան շիական կառույց) ունի որոշակի հնարավորություններ, իսկ հնարավորություններ ասելով՝ հասկանում ենք նաև որոշակի սպառազինություն: Իսրայելի օդուժի ավիահարվածների թիրախում հայտնվում  են հենց «Հիզբալլահ»-ի տեղանքները և նրանց սպառազինությունը:

Խոսելով Սիրիայում քրիստոնյաների և հայերի  ապագայի մասին` պարոն Գրիգորյանն ասաց, որ քրիստոնյաների ճակատագիրը վտանգված է, և սա միայն սիրական հակամարտությամբ պայմանավորած չէ. սա նկատվել է ավելի վաղ: Այս առումով կանխատեսումներ անել բարդ է, և այս հարցի լուծումը կախված է նրանից, թե ով կգա իշխանության գլուխ և ինչպես տրամադրված կլինի փոքրամասնությունների հանդեպ:

«Մենք հին համայնք ենք և խոր արմատներ ունենք Սիրիայում: Մենք իրավունք ունենք այնտեղ ապրելու, ունենալու մեր կրոնական, մշակութային հուշարձանները: Այսքան տարիների  ակտիվ դերակատարմամբ մենք ցույց ենք տվել, որ հայերը նպաստել են, Սիրիայի կայացմանը»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք