Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Աթեշյանը դեմ է գնում Ամենայն հայոց կաթողիկոսի կամքին». Ռուբեն Մելքոնյան

Մարտ 18,2017 17:12

«Բնական էր, որ Գարեգին Բեկչյանը պիտի դիտվեր որպես նախընտրած թեկնածու՝ իր փորձով, հմտությամբ և համեմատաբար չեզոք դիրքով»,- այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում «Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները, թուրքական իշխանությունների միջամտությունն ընտրությունների գործընթացին» թեմայով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ տեղապահի ընտրություններից հետո շատ հետաքրքիր պատկեր ստացվեց: Տեղապահին կարող էին ընտրել միայն հոգևորականները, և 34 ընտրողներից  23-ը իրենց ձայնը տվել են Գարեգին Բեկչյանին. «Արամ Աթեշյանը ստացավ 11 ձայն՝ ունենալով վարչական մեծ լծակներ և կիրառելով դրանք: Ընտրությունները ապացուցեցին, որ անգամ եկեղեցականներն ու հոգևորականները, որոնք տարիներ շարունակ գտնվել են Արամ Աթեշյանի ազդեցության ու ղեկավարության ներքո, դեմ արտահայտվեցին նրան»:  Թուրքագետի համոզմամբ՝ այն ինչ տեղի ունեցավ տեղապահի ընտրությունից անմիջապես հետո, շարունակում է այն բացասական ավանդույթները, որոնք տարիներ շարունակ կան, և կատարվածը ճանապարհ բացեց դեպի նոր փակուղի:

Արամ Աթեշյանը ընտրություններից հետո հրապարակել է Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը, որը ինքնին չի համապատասխանում ո´չ իրավական, ո´չ եկեղեցական որևէ նորմի: «Թուրքիայում որևիցե պաշտոնյա, օղակ չկա, որ ի զորու է միջամտելու այն խնդրին, ինչպիսին է տեղապահի ընտրությունը: Սա կարգավորվում է եկեղեցական նորմերով»,-ասաց պարոն Մելքոնյանը:  Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան ունի մի կարևոր սկզբունք՝ աշխարհիկությունը, երբ պետությունն առանձնացված է կրոնից, ուստի այն իրավունք չունի միջամտելու կրոնական համայնքների գործերին:

«Փոխնահանգապետի գրությունը կարելի է առ ոչինչ համարել: Արամ Աթեշյանի անձնական շահախնդրությունը դրսևորել է նրանում, որ գրությունը ստացվել է ընտրությունից առաջ, իսկ նա հրապարակել է ընտրությունից հետո, երբ տեսել է, որ պարտվել է»: Պարոն Մելքոնյանի կարծիքով ՝ փոխնահանգապետի գրությունը պետք է անվանել հայկական ձեռագիր, ոչ թե թուրքական,  քանի որ ակնհայտ է, որ որևէ մի հոգևորական, որը լավ գիտի խնդիրները, օգնել է նահանգապետին կազմել այդ գրությունը և հրապարակել դա: «Այստեղ կարևոր է հետևյալը. Արամ Աթեշյանը դեմ է գնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամքին: Զարմանալ կարելի է, թե ինչպես է արքեպիսկոպոս Աթեշյանը ավելի գերակա համարում թուրք բյուրոկրատի կասկածելի գրությունը ամենայն հայոց կաթողիկոսի հորդորից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Խոսելով հետագա քայլերին մասին՝ նա ասաց, որ այս պահին Պոլսո հայոց համայնքի միակ օրինական պաշտոնյան ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն է, որը  չպետք է հաշվի առնի որևէ փոխնահանգապետի գրություն, քանի որ դա հակասում է եկեղեցական նորմերին: «Պետք է  իրավիճակը տանել դեպի հաջորդ փուլ և գնալ դեպի ընտրությունների կազմակերպում: Այն ինչ հիմա է տեղի ունենում, որոշակի դանդաղկոտություն է բերում. եկող շաբաթ պետք է հանդիպեն Ստամբուլի նահանգապետի հետ, որպեսզի քննարկեն այս խնդիրը: Բայց քննարկումն արդեն իսկ սխալ է, քանի որ չեն կարող քննարկել մի խնդիր մի կառույցի հետ, որը այդ խնդրի միջամտելու որևիցե իրավունք չունի: Այս դանդաղկոտությունը և ոչ վճռականությունը բացասական դեր են խաղալու»:

Պարոն Մելքոնյանն անդրադարձավ նաև այս խնդրի շուրջ Մայր Աթոռի դիրքորոշմանը. «Բեկչյանի դանդաղկոտությունը մի կողմ, բայց  Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է շնորհավորի և պաշտոնական հայտարարություն տարածի: Մայր աթոռի հապաղումը ընդունելի չէ: Չեմ կարողանում հասկանալ, թե Մայր Աթոռը ինչու չի շնորհավորում ընտրված տեղապահին: Եթե անգամ չի շնորհավորում, ինչո՞ւ պաշտոնապես չի արձագանքում ստեղծված վիճակին, նամանավանդ այն դեպքում, երբ նա է գծել այս սցենարը.չէ՞ որ Մայր Աթոռի հորդորով անցկացվեց տեղապահի ընտրությունը: Եթե Ստամբուլի փոխնահանգապետը արձագանքում է, ապա Մայր Աթոռը պարտավոր է արձագանքել»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031