Մռունչ (պատմվածք)

Մռունչ (պատմվածք)

Հեռու-հեռավոր ժամանակներում՝ մեզնից հազարավոր տարիներ առաջ, ծովափին` փայտաշեն մի տնակում, ապրում էին ձկնորս Էյվոն ու նրա դուստրը՝ գեղեցկուհի Գեան: Ետևում անտառն էր, առջևում՝ ծովը: Ալիքները զարնվում էին ափին, համբուրում տնակի փայտյա սանդուղքները և հեռանում՝ տանելով գույնզգույն մանրիկ քարեր, խեցու կտորտանքներ: Երբեմն ծովը փրփրում էր, զայրույթից սևանում, լիզում անտառի ոտքերը: Ծառերը ճկվում էին քամուց, խոնարհում գլուխները: Գեան չէր սիրում այդպիսի օրերը: Նա հիշում էր, որ նման մի գիշեր, երբ փայտյա տնակը ցնցվում էր փոթորկից և, թվում էր, ուր որ է կփլվի, մեռավ մայրը: Մնացին երկուսով: Եղավ պահ, հայրը որոշեց թողնել ձկնորսությունը. մտքով հազար բան էր անցնում: Սակայն աղջիկն այնքան խելացի էր, ընդունակ, որ յոթ տարեկանում կարողանում էր տունը մաքրել, անկողինը հավաքել, փայտ բերել անտառից:

Այդպես հայր ու աղջիկ ապրում էին իրենց հեռավոր անկյունում՝ ունկնդիր ծովի, անտառի ձայներին: էյվոն այգաբացից առաջ ջուրն էր մտնում, իսկ Գեան շարունակում էր մուշ-մուշ քնել՝ աշխարհի չար ու բարուց անտեղյակ: Երբ արևի շողերն ընկնում էին պատուհանից ներս, խաղում աղջկա մազերի հետ, նա արթնանում էր, աչքը գցում հոր մահճակալին: Ինչպես սովորաբար, անկողինը դատարկ էր լինում: Ապա նա շտապում էր դուրս, դեպի ընդառաջ եկող ալիքները: Գեան սիրում էր լողալ: Հաճույքից ճչում էր, սուզվում ջրի տակ, կռվում ալիքների հետ, վախեցնում խորքում խայտացող ձկներին: Լողանալուց հետո աղջիկը փռվում էր ավազներին, անշարժանում: Անտառը ևս Գեայինն էր: Նա ծաղիկներից պսակ էր հյուսում, դնում գլխին, ապա վազում տուն, որպեսզի մինչ հոր վերադարձը հասցնի տունը հավաքել, փայտյա դույլով մոտակա աղբյուրից ջուր բերել,  կերակրի համար պատրաստել օջախը: Անտառի թռչուններն ու կենդանիները նրա բարեկամներն էին: Գիտեր, որտեղ է ապրում նապաստակը, քանի օր հետո ձագ կհանի երաշտահավը, ուր է թաքցնում ձմեռվա պաշարը սկյուռիկը: Իրենց հերթին անտառի բնակիչներն էին տեղյակ, թե ինչ պտուղներ է սիրում Գեան, այդ օրը քանի ձուկ տուն բերեց հայրը, ինչու են աղջկա աչքերն արտասուքով լցվում, երբ մտաբերում է մորը:

Վերջերս Գեան մտերմացավ գորշ արջի հետ: Շուտով նրանք այնքան մտերմացան, որ արջը, թողած Կարմիր քարի անձավները, եկավ բնակվելու մոտակա անտառում: Այդ օրը Գեան շատ էր հեռացել տնից: Հայրը խստիվ արգելել էր Կարմիր քարի կողմը գնալ: Անտառն այնտեղ շատ ավելի թավ էր, ծառերը՝ հաստաբուն: Գեայի ականջը թափվող ջրի ձայն որսաց: Որոշեց գնալ ջրի կողմը: Ոչինչ էլ չի պատահի, արագ կխմի ու ետ կդառնա: Աղմուկը գնալով ուժգնանում էր: Ապա ծառերի թիկունքում երևաց լեռնային արագահոս գետը, որին երկու կողմից հովանի էին սոճիները: Ափամերձ ծառերից մեկն ընկել, կամրջել էր գետը:

Խմելուց հետո աղջիկը ցանկացավ ստուգել կամրջի ամրությունը: Քանիցս գնաց-եկավ գերանի վրայով: Ջրի ցայտերը հասնում էին բնին, թրջում ոտքերը: Մի փոքր ներքև գետը լայնանում էր: Փրփրած հոսքը թույլ չէր տալիս հատակը տեսնել: Գեային թվաց, թե մեկն իրեն է հետևում: Շուրջը ոչ ոք չկար: Միայն սկյուռիկն էր սոճու վրա ճյուղից ճյուղ ցատկոտում: Կամրջակին քայլելը ձանձրացրեց: Պատրաստվում էր ետ դառնալ, երբ թփերի մեջ շարժում նկատեց: Նույն պահին տեսավ իրեն ուղղված գազանի հայացքը: Շփոթությունից  սայթաքելով՝ հայտնվեց ջրում: Փորձեց լողալով դուրս գալ, սակայն գետի այդ մասում հոսանքն ուժեղ էր: Ջանաց բռնել դուրս ցցված քարերից, բայց հորձանքը պոկեց տարավ: Քիչ անց նա կորցրեց գիտակցությունը:

Երբ բացեց աչքերը, արևը մայր էր մտնում: Մարմինը կոտրատվում էր: Նստելու ճիգ արեց, սակայն նույն պահին ճչաց, և վերստին մշուշվեց միտքը: Կողքին արջ էր նստած: Գազանը հայացքը սևեռել էր ուշակորույս աղջկան: Նրանց շուրջը խոտը տրորված էր և թաց: Հեռվում ինչ-որ տեղ փայտփորիկը կտցահարում էր ծառը: Կենդանին ոտքի կանգնեց, թափահարելով մորթը՝ մոտեցավ: Գեան վերստին բացեց աչքերը: Գազանի տաք շունչը դիպավ դեմքին: Նա սահմռկած ետ-ետ սողաց, ապա, բռնելով մոտակա ծառի գետնամերձ ճյուղերից, ելավ: Արջը շարունակում էր ակնդետ հետևել, այդու հայացքում թշնամանք, դաժանություն չկար: Աղջիկը բռնեց տան ճամփան: Վազում էր, ստեպ-ստեպ ետ նայում: Կենդանին չէր երևում: Հետո լսեց հոր ձայնը: Երբ տուն հասան, բոլորովին մութ էր: Հայրն աղջկան պառկեցրեց անկողնում, մաքրեց քերծվածքները, կապտուկները, իր ձեռքով ձկնապուր կերցրեց:

-Գորշ արջն է վրադ հարձակվել, աղջիկս: Քեզ ասել էի՝ Կարմիր քարի կողմերը չգնաս:

Դուստրը պատմեց եղելությունը:

-Սպասիր, սպասիր: Ասում ես՝ ա՞րջն էլ էր թրջված: Ուրեմն՝ նա՞ է քեզ ջրից հանել. անհավատալի է:

Առժամանակ անց, երբ կապտուկներն սկսեցին անցնել, Գեան նորից տեսավ արջին՝ այս անգամ խրճիթի մոտերքում:Մարդ ու գազան նայեցին իրար: Աղջիկը կենդանու աչքերում թախիծ տեսավ: Հետաքրքրությունը Գեային գամել էր տեղում: Ծուռթաթն ակնհայտորեն խաղաղ էր տրամադրված, բայց երբ փորձեց մոտենալ, աղջիկը ոստնելով՝ սուրաց խրճիթ: Սակայն գազանին վերստին տեսնելու ցանկությունը նրան ստիպեց ետ դառնալ: Այս անգամ աղջկա ձեռքին չորացրած ձուկ կար: Արջը շփոթված՝ մնացել էր բացատում: Գեան ձուկը դնելով գետնին՝ հենվեց ծառաբնին: Կենդանին մոտենալով հոտոտեց, ապա առավ բերանն ու ծամեց: Գեան այս անգամ նրա աչքերում ուրախություն կարդաց:

Գորշ արջն այլևս չգնաց Կարմիր քարի կողմը. շրջում էր ափին, խրճիթի շուրջը, բացատում, համբերատար սպասում աղջկան: Տեսնելիս կանգնում էր ետևի ոտքերին, բացում բերանն ու անճոռնի պտույտներ կատարում: Աղջիկը հիմա երկու պսակ էր հյուսում՝ մեկն իր, մյուսը՝ բրդոտի համար: Գեայի մյուս բարեկամները՝ սկյուռիկը, երաշտահավը, ոզնին, նապաստակը մի փոքր նեղացած էին՝ ծուռթաթին այդչափ սիրելու համար, սակայն բոլորն էլ ծիծաղից թափվում էին գետնին՝ տեսնելով ծաղկեպսակը գլխին բացատում շրջան գծող հսկային: Գեան հաճախ էր բրդոտին հյուրասիրում արևի տակ չորացրած ձկներով. կերը պահում էր գլխից վերև, իսկ կենդանին կանգնում էր, ձգվում այնքան, մինչև դունչը հասնի: Գեան հրճվում էր, գրկում նոր բարեկամի գլուխը և շոյում խոնավ դունչը, հետո վազում տուն: Նրա սլացիկ մարմինը մեկ շողում էր արևի տակ, մեկ կորչում ծառաբների թիկունքում: Արջը նայում էր աղջկա ետքից, հաճույքից թավալ տալիս խոտերին: Երբեմն նրանք այցի էին գնում արագահոս գետին: Հսկան ծանծաղուտում մտնում էր ջուրը, ուշադիր հետևում հոսանքին: Գետն առատ էր ձկներով: Ժամանակ առ ժամանակ կենդանին թաթն անսպասելի զարկում էր ջրին և, եթե ճանկում ձուկ էր հայտնվում, շպրտում էր ափ: Գետն արծաթին տվող ժայռերից էր թոփվում, ջուրը սառն էր ու արցունքի պես ջինջ: Գեան խմելուց հետո նստում էր ափին, արձակում հերակալը: Վարսերը ջրվեժում էին, ծածկում ողորկ ուսերը, կուրծքը: Գազանը նման պահերի թողնելով որսորդությունը՝ հմայված հետևում էր մարդուն:

Ծուռթաթ բարեկամի և դստեր մտերմությունն առանձնակի դուր չէր գալիս Էյվոյին, անգամ փոքր ինչ վախեցնում էր: Սակայն ձկնորսն ստիպված էր հաշտվել եղածի հետ. նախ՝ գազանը փրկել էր Գեային և ապա՝ հայրն աղջկանով զբաղվելու ժամանակ չուներ, քանի որ ողջ օրը ծովում էր: Կեսօրին նավակի քիթն ուղղում էր դեպի հեռվում երևացող հրվանդանը, որից այն կողմ՝ բարձունքին բերդաքաղաքն էր: Անմիջապես ափին ձուկն էժան գնով տալիս էր ձկնավաճառներին և, եթե քամին բարենպաստ էր լինում, հասցնում էր մինչև արևմտոց տուն դառնալ: Առօրյա հոգերի ետքից ընկած՝ չէր էլ նկատում, որ աղջիկն հասունացել է:

Այդ օրն Էյվոն ձկնորսության չէր գնացել: Հարկավոր էր նորոգել թարփերը, նոր կողով հյուսել: Այգաբացին գնացին անտառ: Հայրն ուռենու դալար ճյուղեր էր կտրատում, Գեան խրձած տանում էր խրճիթ: Աղջիկը թեթևաքայլ հերթական կապուկն էր ուսում, երբ հոր հայացքը կանգ առավ դստեր վրա: Գեան ճկուն էր, ինչպես եղեգը, սլացիկ՝ ինչպես նոճին: Նա հպարտ էր, որ նման դուստր ունի: Շուտով, սակայն, հոր դեմքին թախիծ հայտնվեց՝ հիշելով կնոջը, ում այնքա՜ն նման էր Գեան:

Երեկոյան, երբ պատրաստվում էին քնելու, աղջկան ասաց, որ մյուս օրը միասին են քաղաք գնալու: Պառկեցին: Գեայի քունը երկար ժամանակ չէր տանում: Հայացքը հառել էր առաստաղին, ընկել մտքերի ծովը: Հայրը դստերը հազվադեպ էր հետը վերցնում՝ դեպքից դեպք: Վերջին անգամ այնտեղ եղել էր անցած աշնանը՝ տոնավաճառի օրերին: Ինչքա՜ն մարդ կար՝ բոլորը ժպտերես, տոնական հագուկապով: Ի՞նչ կլինի, եթե ծուռթաթին հետները վերցնեն: Հիշում է, մեկը նախորդ տարի արջ էր խաղացնում: Եթե խնդրի հորը…

Առավոտյան, արևը չծագած՝ պատրաստ էին: Հայրը հանկարծակիի եկավ, երբ աղջիկը խոսք բացեց արջին հետները քաղաք տանելու մասին.

-Նստիր, նստիր, ուշանում ենք,-իբրև պատասխան ասաց՝ արձակելով նավակը պահող պարանը:

Չորացած ձկան կապոցները տեղավորելուց հետո շրջվեց, որպեսզի օգնի դստերը: Գեան կանգնած էր ափին:

-Դե լավ, աչքերդ մի լցրու, կարող ես բերել:

Դուստրը սլացավ անտառ: Ահա և նրանք ծովում են: Նավակի կեսն արջն է զբաղեցրել: Գեան շոյում էր գազանի գլուխը, նայում թիկունքով նստած հորը և ժպտում: էյվոն համաչափ շարժում էր թիերը, նավակը սահուն առաջ էր ընթանում՝ հատելով ափ շարժվող ալիքները: Բրդոտը մեկնվել հատակին, անհանգիստ մեկ աղջկան էր նայում, մեկ՝ ցամաքին: Չլինեին վիզն օղակած հաստ պարանն ու սերը դեպի օրիորդը, կցատկերը ջուրը և կլողար ափ: Հեռվում երևաց ծովափնյա բերդաքաղաքը՝ ատամնավոր պարիսպներով, ներքևում՝ ձկնաշուկան, պարսպից դուրս՝ խրճիթներ: Հազիվ էին ափ իջել, շրջապատեցին մոտերքում եղող ձկնորսները, այլ ծանոթներ:

-Ողջույն, բարեկամ:

-Էյվո, այս բրդոտին որտեղի՞ց ես գտել:

-Ի՜նչ գեղեցիկ օրիորդ է:

-Ահա թե ինչու է մարդկանցից հեռու ապրում:

Խումբը շարժվեց ձկնաշուկա: Մի քանիսն օգնում էին էյվոյին՝ տանելու ձուկը: Դեպքերի բերումով շուկայում էր նաև իշխանի որդին, ում տեսնելով, բոլորը խոնարհ գլուխ տվին՝ զիջելով ճանապարհը: Տղան, աղջիկը և արջն ակամա մնացին դեմ-դիմաց: Իշխանազնին գրավեց օրիորդի անմեղ, միաժամանակ անկախ հայացքը: Նման չէր աճպարարի: Իսկ արջը որտեղից,-անցավ մտքով,-չլինի՞ թափառախումբ է եկել քաղաք:

-Հավանաբար այնքան էլ հեզ չէ,-մատնացույց անելով կենդանուն՝ ասաց իշխանորդին:

-Նա առաջին անգամ է այսքան մարդ տեսնում,-ժպտաց աղջիկը: -Իսկ ընդհանրապես՝ այնքա՜ն խելոք է:

-Իսկ դու՞,-ընդմիջեց տղան՝ ուղիղ նայելով օրիորդի աչքերին:

Գեան չարձագանքեց:

-Որտե՞ղ ես ապրում:

Աղջիկը շփոթված՝ հայացքն ուղղեց ծնողին:

-Նա իմ միակ դուստրն է: Մենք ապրում ենք հրվանդանից այն կողմ, ծովափին,-խոնարհ պատասխանեց հայրը:

Անհրաժեշտ գնումներ կատարելով՝ դարձան տուն: Շուկայի ժխորից հետո նրանց ձգում էր իրենց խաղաղ անկյունը: Այնտեղ ծանոթ, հարազատ էր ամեն բան: Ձկնորսի տրամադրությունը բարձր էր. հին ծանոթների հետ պանդոկում մի քանի գավաթ գինի էր խմել:

-Հայրիկ, մենք ինչու՞ ենք մարդկանցից հեռու ապրում,-հարցրեց դուստրը:

-Բժիշկն այդպես կամեցավ, աղջիկս,-տևական լռելուց հետո հնչեց պատասխանը:

-Բայց մենակ շատ է տխուր, հայրիկ,-փարվելով կենդանու պարանոցին՝ մրմնջաց դուստրը:

-Այո, ժամանակն է,-նույնպես հազիվ լսելի արձագանքեց հայրը:

Այդ ու հետագա օրերին Գեան հաճախ էր մտաբերում  տոնավաճառը, իշխանի գեղեցկատես տղային, նրա քննախույզ հայացքը: Օրիորդը ժամերով նստում էր ափին և, ծովի ծփանքին ունկնդիր, տրվում երազանքին: Այնքան էր տարվում հիշողություններով, որ անգամ չէր նկատում հուշիկ քայլերով մոտեցող կենդանուն: Արջը թավալ էր տալիս ավազներին՝ ջանալով գրավել նրա ուշադրությունը, հետո, տեսնելով արածի անիմաստ լինելը, մեկուսի մեկնվում էր, ննջում:

Իր հերթին Գեան գրավել էր իշխանորդու սիրտը, ու նա ժամ առաջ ուզում էր նավ նստել, գտնել այն վայրը, որտեղ օրիորդն ու հայրն էին ապրում: Եվ ահա մի առավոտ, ստանալով ծեր իշխանի համաձայնությունը, նա գնաց որոնելու Գեային: Առագաստանավն ընթանում էր ցամաքին մոտիկ, և տախտակամածին կանգնած երիտասարդը, չվստահելով մյուսներին, զննում էր ափը: Դիմացը թավուտ անտառն էր, հեռվում՝ սպիտակին տվող ժայռեր,  հետո ուշադրությունը գրավեց ծխի երիզը: Նավազները հրահանգ ստացան մոտենալ ափին:

Աղջիկը միայն վերջին պահին նկատեց  մոտեցող մակույկը: Հայրը գնացել էր ծով: Փոքրիկ պատուհանից առագաստանավը չէր երևում: Ուզում էր փախչել անտառ, սակայն վախենում էր ջրի վրա գտնվողները նկատեն: Հուզմունքից կուրծքը վերուվարում էր: Գոնե հայրը լիներ: Քիչ հետո մակույկի քիթը խրվեց ավազների մեջ: Եկվորներն շտապով ցատկելով՝ այն քաշեցին ափ: Միայն այդ պահին Գեան նկատեց վերջինն ափ ոտք դրած անձնավորությանը.  նա էր: Աղջիկը, այլևս պատշաճ չհամարելով խրճիթում թաքնված մնալը, շփոթահար ընդառաջ գնաց :

-Ահա թե որտեղ է ապրում անտառի դիցուհին,-ժպտուն մոտեցավ տղան:

-Հայրս ձկնորսության է գնացել՝ ամոթխած արձագանքեց:

-Ոչինչ, մենք կսպասենք: Իսկ որտե՞ղ է քո բրդոտ բարեկամը:

-Անտառում,-ժպտաց Գեան: -Ուզու՞մ եք տեսնել:

-Սիրով:

Բացատում Գեան ծանոթ սուլոցով կանչեց կենդանուն: Քիչ անց թփերի թիկունքում երևաց գազանի թուխ մորթը: Նկատելով օտարականին՝ արջը կեսճամփին կանգ առավ: Հայացքում զայրույթ նկատվեց: Որքան էլ Գեան կանչեց, գազանը չմոտեցավ: Երիտասարդն ակնհայտորեն դուր չէր գալիս: Բնազդով զգում էր, որ նրան հանդիպելուց հետո Գեան փոխվել է․ դարձել էր մտացրիվ, այլևս բացատ չէր գալիս, իսկ Ճերմակ գետում ձուկ բռնելը սոսկ երազանք էր: Երբ նրանք ետ գնացին, Էյվոն վերադարձել էր. նկատելով ափին մերձ առագաստանավը՝ աճապարել էր տուն:

Այդ գիշեր խրճիթում մինչև այգաբաց լույսը չմարեց: Առագաստանավից  մթերք էին փոխադրում ափ, մարդիկ էին գնում-գալիս: Տնակում ուրախություն էր, բարձրաձայն խոսում էին, երգում, զրնգում էին թասերը: Արջը թափառում էր մոտերքում: Ականջը որսում էր խրճիթից եկող խոսակցության պատառիկները, ռունգներում խորոված մսի բույրն էր: Մի քանի անգամ տեսավ ելումուտ անող ձկնորսին: Էյվոյի դեմքը փայլում էր ուրախությունից ու թունդ գինուց: Ահա և Գեան: Նրան թևանցուկ է արել օտար մարդը: Նա ինչ-որ բան է պատմում: Գեան հնչեղ ծիծաղում է: Լուսնի կաթնագույն լույսը կենդանուն հնարավորություն չէր տալիս պարզորոշ տեսնել զույգին: Գեան մոռացել է իրեն…

Առավոտյան ափին վերստին աշխուժություն էր: Մակույկը մի քանի անգամ կտրեց առագաստանավն ափից բաժանող տարածքը. իրեր էին տանում նավ: Վերջին անգամ  նավակ նստեցին Էյվոն, Գեան, օտար մարդը և դարձյալ երկուսը: Մակույկը շարժվեց: Մի՞թե նրանք գնում են: Օ՜… Չի կարող պատահել: Նա ապերախտ չէ: Անտառն առանց Գեայի՞: Սոսկալի է…

Կենդանին անճոռնի ցատկերով դիմեց ափ: Մակույկը բավականաչափ հեռացել էր: Գազանը մռնչոցով ետուառաջ էր քայլում: Ի՞նչ անել: Լողալով չի հասնի: Ախ, եթե միայն շուտ գլխի ընկներ: Կպատառոտեր բոլորին,առաջինը՝ օտարականին: Հիմա ուշ է արդեն: Այսինքն՝ ոչ: Դեռ՝ ոչ: Ինքը ցույց կտա: Նրանք կճանաչեն անտառի բրդոտ տիրակալին: Գեան իրենն է: Հենց հիմա կխմի ծովի ջուրը, և նրանք չեն կարողանա առևանգել իր Գեային:

Կենդանին մռնչյունով փութաց դեպի ջուրը:

Այդ օրվանից բազում օրեր, տարիներ, դարեր են անցել: Գարուն, թե ամառ, աշուն, թե ձմեռ, գլուխը ջրում ընկղմած՝ արջը խմում է աղի հեղուկը:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հետգիր – Ծովափնյա Ալուշտա քաղաքից Յալթա գնացող ուղևորի վրա Այու Դաղը ծովից ջուր ըմպող արջի տպավորություն է թողնում: Այստեղից էլ սարի անվանումը՝ Արջասար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք