Լրահոս
Օրվա լրահոսը

Զգո՛ւյշ, ես վհուկն եմ՝ իսկ դու հերոսը չես…

Մարտ 20,2017 11:18

Զգո~ւյշ, զգուշավոր, ավելի՜ զգուշավոր, հետո՝ վա՛խ…, վախկ…, վախկոտ…, հետո՝ զգուշավոր սուտ, հետո՝ բնական սուտ, հետո՝ երկերեսանիություն, հետո՝ անտարբերություն, հետո՝ մեկուսացում, հետո՝ չեզոքություն և ի վերջո՝ կաս թե չկաս, միևնույն է…

Հիմա դու կա՞ս, թե՞…չկաս…

Քեզ համար կաս, քո ընտանիքի համար՝ գուցե էլի՛ կաս…Սակայն այլևս չկաս շրջապատիդ, ժողովրդիդ, ապա՝ երկրիդ համար: ՉԿԱՍ…Եվ դա ապահով վիճակ է…Ոչ ոքի համար հասանելի չես…Ապրում ես, ուտում ես, խմում ես քնում ու արթնանում, սակայն ՉԿԱՍ, որովհետև ՉԿԱ քո ճշմարիտ տեսակը, որովհետև կաթիլ- կաթիլ քո քունքերի, ճակատի ու ականջների վրա վախն է նստել ու սիրտդ, ամեն անգամ մի վատ բան նախազգալիս քեզ հուշում է շշուկով՝ « գործ չունե՛ս…հանգիստ նստիր տեղդ…միևնույն է… ասես՝ չասես, բան չի փոխվելու» և նման հարմար նախադասություններ, որոնք շոյում են ինքնասիրությունդ և քեզ մոռացնել են տալիս մանկությունից՝ քո մեջ ա՛յս կամ ա՛յն կերպ «ստելը լավ բան չէ»-ի տեսքով ներարկված ծնողական այն դաստիարակությունը, որից գրեթե ոչինչ չի մնացել հիմա բացի հիշողությունից, կամ էլ մեկուսի լացից, որը քեզնից բացի ոչ ոք չի տեսնելու:

ՎԱԽ…Ահա՛ բանալին:

Ինչպե’ս անել, որ մարդն այդ ուրվականի գերին դառնա ու ոչ թե ստի, այլ լռի՛ պարզապես…(Դե հո լռելն էլ հո հանցանք չի)…Եվ դու հանկարծ որսում ես այն պահը երբ ինքդ քեզ ասում ես՝ «Ախր ես չեմ ստում: Պարզապես չեմ խոսում…», և այսպես, փակում ես բոլոր վտանգների դռները ու նստում ես քո տան հեռուստացույցի առջև, արևածաղկի կուտ ես չրթում ու քեզ թվում է թե ապրում ես…Ժամանակակից կյանքը թելադրում է ապրել առանց քաղաքականության մեջ խառնվելու…Իսկ քաղաքականությունը գիտե՞ք դա ինչ է…Ասեմ՝ Ազգդ, երկիրդ, դրոշդ, հիմնդ, ժողովուրդդ, պատերազմդ, խաղաղությունդ, իշխանությունդ, ընդդիմությունդ, հերոսներդ, կրթությունդ, կաշառակերությունդ, գյուղդ ու քաղաքդ, աղբդ ու ծառահատումդ…Դրանք ԲՈԼՈՐԸ քաղաքականություն են…Եվ դու, որպես ազնիվ մարդ, հանգիստ կարող ես ասել՝ «Ես պարզապես մարդ եմ ով քաղաքականությունից հեռու է» և այդպիսով, ոչ միայն զերծ ես մնում ավելորդ ճշմարտությունների մասին բարձրաձայնելուց, այլև քո շուրջ հավաքում ես նմաններիդ՝ ովքեր «երջանիկ» ժպիտը դեմքին, ՈՒՐԻՇ բաներով են զբաղված, որովհետև «Սարսափելի հայրենասեր լինելով հանդերձ, հեռու են քաղաքականությունից»…

Հեքիաթի չար վհուկը…

Քաղաքականություն բառն ինքնին հեքիաթի չար վհուկի նման մի բան է…Իսկ ես երեխա եմ՝ սիրում եմ հեքիաթներ լսել ու ամեն անգամ որ վհուկի մասին են ինձ պատմում, կա՛մ գլուխս բարձի տակ եմ դնում, կա՛մ էլ պարզապես անհանգիստ՝ սպասում եմ հեքիաթի ավարտին, որպեսզի ուր- որ է `մի ինչ -որ հերոս հայտնվի ու վերջ տա ԻՄ ՎԱԽԻՆ…Այո, այո՜…Ի՜մ վախին…Որովհետև ինքս իմ վախից սեփական ուժերով ձերբազատվելու համար վաղուց արդեն այլափոխված եմ ու իմ մանուկ հասակի համարձակությունն անգամ չունեմ սեփական վախս հաղթահարել՝ դիմացինին վախեցնելով : Հիշո՞ւմ եք…Վախենալիս՝ երեխաները հակառակ գործողություն են անում և սկսում են հենց իրենք՝ վախեցնելու փորձ անել … Ինքնապաշտպանության լավագույն ձևը վախեցնելն է թվում, որովհետև անգամ երեխան չի ուզում ընկնել վախի ծուղակի մեջ …Իսկ եթե արդեն ընկնում է՝ ՎԵՐՋ…Նահանջում է ու վախի ուրվականից փախչելիս այնքա՛ն արագ է վազվզում սենյակի անկյուններով , որ նմանվում է մի մուկիկի, որի ետևից է ընկել փիսոն ու ամեն կերպ ճանկն ուզում է գցել պոչիկին :

Քաղաքականությունը դա վախ է: Նայեք մեր սրճարաններին ու սրճարաններում իրենց ժամերն ու օրերը հանձնած շատ- շատերին և դուք կտեսնեք: Գրեթե բոլորը չեզոք են: Անկախ են: Խոսում են ամեն բանի մասին՝ բացի քաղաքականությունից: Այսինքն՝ ամեն բանի մասին բացի երկրից, ժողովրդից, հիմնից, դրոշից, պատերազմից կամ խաղաղությունից…Որովհետև արդեն խելքի են եկել ԲՈԼՈՐԸ…Բոլորն էլ դարձել են ժամանակակից մարդ, որի ժամանակը փող է, կամ նվազագույնը՝ հաճույք…Մնացյալը՝ անհեթեթություն է:

Մեր երկնակամարն ու չարի և բարու հավասարակշռությունը…

Իսկ մեր երկնակամարը կամաց- կամաց համալրվում է հին զգուշավորներին գումարվող նորերով, որոնցից՝ մտավոր ականի չպայթած խոսքի ձայն է լսվում… Եվ նրանք ապրում են որպես զգուշավոր խելոքներ… Ո՛չ թե հիմարաբար զգացականի գիրկն ընկած շատախոս մարդիկ:

Նրանք ապրում են լուրջ դեմքերով, միշտ՝ շա՜տ ավելի լուրջ դեմքերով, քան կարելի է պատկերացնել և ժամանակի ընթացքին զրկվում են հումորից , ու անպայման իրենց վիզը շեշտակի ձգում են վերև՝ որպեսզի վզի վրա ամրացված նշանավոր ԳԼՈՒԽԸ հանկարծ չերերա: Նրանք ապրում են ՄԵ՛Ր երկնակամարում և մնում են այնտեղ այնքան ժամանակ՝ ինչքան նրանց թույլատրվում է մնալ և չեն լինում հենց ա՛յն պահից, երբ թույլտվության ժամկետը սպառվում է:

Աթոռի, պաշտոնի, կոչման ու մեդալի, երբեմն նույնիսկ հրավերի, հյուրախաղի, հեռուստաամբիոնի և նման վախի թելերով շարժվող մարդիկ են նրանք, որոնց յուրաքանչյուր արտասանած նախադասության մեջ կա նորին մեծություն զգուշավորությունը, ինչ-որ մի բան կորցնելու վախը, որտեղ կորուստների շարքի ամենավերջում են` արժանապատվությունն ու ճշմարտությունը, իսկապե՛ս ՄԵԾ լինելու կեցվածքն ու ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ լինելու ինքնավստահությունը և ի վերջո, «վհուկին» սեփական գոյությամբ վախեցնելով՝ վհուկից չվախենալու պարզ ու մարդկային, մանկունակ, սակայն ազնիվ ձևը:

Եվ շատ նման են նրանք իրար… Եվ իրենց ազդեցիկ խոսքն ասելիս, գրում են այնքան նույնանման զգուշավորությամբ՝ « Ես, իհարկե, կողմ չլինելով հանդերձ վհուկին, այնուամենայնիվ հասկանում եմ որ սա հեքիաթ է ու վհուկն իր տեղն ունի հեքիաթում…» կամ, « ես միշտ դեմ եմ եղել վհուկին, սակայն չեմ կարծում որ վհուկից ազատվելու միակ ձևը դա վհուկին վախեցնելն է », կամ՝ « բազմիցս ասել եմ, որ մենք պետք է վհուկի հետ երկխոսելու ճանապարհ գտնենք, որովհետև ի վերջո, վհուկը մերն է՝ մենք վհուկինը…Մենք և վհուկը նույն հեքիաթի հերոսներն ենք» և այլն…

Եվ այսպես, սպանվում է չարի ու բարու Աստվածային ու Մարդկային հավասարակշռությունը պահպանելու համար մեզ տրված ոգու ուժը, և հավասարվում են ԲՈԼՈՐԸ, դառնալով միադեմ, միանման՝ «վհուկից հինգ պակաս», կամ՝ «վհուկն անց հինգ» կերպարներ, որոնք ոչ միայն հեքիաթն են փչացնում, այլև չեն թողնում մեզ ընթերցելու ոչինչ, պատմելու ոչինչ, ասելու ոչինչ:

 Զգույշզգույշ, մենք մեռնում ենք…

Զգույշ- զգույշ մենք մեռնում ենք, զգույշ- զգույշ հեռանում ենք մեր ներքին ազնվական տեսակից ու վերածվում ենք ամեն բանից վախեցող ժամանակակից մարդու մի ապահով տեսակի, որը հայրենասեր լինելով հանդերձ՝ համակերպվում է հայրենիքի մասիկ – մասիկ զոհաբերման հետ, որը քաղաքակիրթ լինելով հանդերձ՝ համակերպվում է փոքրիկ- մոքրիկ կաշառքներով փոքրիկ- մոքրիկ հարցերից զերծ մնալու գաղափարի հետ, որը հայ լինելով հանդերձ համակերպվում է տարբեր գույների, ձևերի, լեզուների , կրոնների, դրոշների ու հիմների պարտադիր ներմուծման հետ, և որը ինքն իրեն հավատում է այնքան՝ ինչքան ուղտն է հավատում անապատում՝ ջրվեժների գոյությանը:

Ու հիմա ինձ, քեզ ու մեզ մնում է տալ միայն մեկ հարց:

Արժի՞ արդյոք ԱՆ ԶԳՈՒՅՇ ապրել…

Եվ իրոք…Արժի՞…Չէ՞ որ միևնույն է, հարյուր տարին մեկ հայտնվում է հեքիաթում մի հերոս, ով բոլորի փոխարեն վհուկին ասում է՝ « Հեքիաթն ավարտվում է, իսկ գրված ու չգրված բոլոր օրենքներով, պարտվել ես դու՝ հաղթել եմ ես»:

Չէ՞ որ մեր ապրած կյանքով մենք ամե՛ն օր ցույց ենք տալիս որ չարժի՛ …Եվ, որ ավելի լավ է սպասել, սպասել, երկա՜ր ու անվրդով սպասել, մինչև կգա մեկը՝ ու մեր հեքիաթի բարի ավարտը կգրի մե՛ր փոխարեն…

Իսկ մինչ կգա այդ մեկը՝ հարյուր տարին մեկ ծնվող մեր ՀԵՐՈՍԸ, մենք՝ բոլոր չ- հերոսներս, զգո՜ւյշ, զգուշավո՜ր, ավելի՜ զգուշավոր, ու շա՜տ ավելի զգուշավոր կսպասենք…:

Կսպասենք, որովհետև կանք ու չկանք…

Կսպասենք, որովհետև վաղուց արդեն…ԵՐԵԽԱ չենք:

Հ.Գ. Մեր հեքիաթի երեք խնձորները վախենում են ցած ընկնել՝ չիմանալով, բռնող կլինի՞:

 

Նուշիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

18.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Հայ հասարակութեան ճշգրի՛տ, արիւնը մաքրող ախտաճանաչումը` Բանաստեղծուհիին գրիչով:

Պատասխանել Vahan Asrabian

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031