Լրահոս
Օրվա լրահոսը

Որ երկրների սանդղակում է Հայաստանը

Մարտ 20,2017 13:30

Հայաստանում ուրբանիզացման
մակարդակը մեկնաբանում են սոցիոլոգն ու հոգեբանը

Հայաստանում քաղաքային բնակչությունը 28%-ով գերազանցում է գյուղական բնակչությանը: Եթե 2016թ. հոկտեմբերի 1-ին գյուղական բնակչության թիվը կազմում էր 1089300 (36%), ապա քաղաքային բնակչության թիվը հասնում էր 1904600-ի (64%)։ Այս ցուցանիշն անփոփոխ է մնացել 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Հայաստանում ուրբանիզացման բավականին բարձր մակարդակը զարգացման ցուցանիշ լինելու հետ մեկտեղ կարող է նաեւ գյուղական շրջանների նոսրացման առիթ դառնալ։ Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ քաղաքակենտրոնացման գլխավոր շարժառիթը աշխատաշուկայի պակասն է։ Եվ եթե նախկինում գյուղերում այդ բացը լրացնելու համար ստեղծվում էին տարբեր գործարանների մասնաճյուղեր, ապա այսօր դրանք այլեւս չկան: «Այս պարագայում 8-հոգանոց ընտանիքի բոլոր անդամները չեն կարող գյուղատնտեսությամբ ու այգեգործությամբ զբաղվել, եւ նրանցից մի քանիսը գալիս են այնտեղ, ուր աշխատանք կա»,- հավաստիացնում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Վերջինիս համոզմամբ՝ աշխատատեղի պակասն ազդում է ոչ միայն քաղաքաբնակների, այլեւ գյուղաբնակների վրա, եւ գյուղից քաղաք տեղափոխվելու եւ այնտեղ մշտական բնակություն հաստատելու հիմնական պատճառը հենց դա է։

ՀՀ-ում գործող 830 գրադարաններից 659-ը գործում են գյուղերում, մինչդեռ գրքային ֆոնդի 75%-ը հասանելի է քաղաքներում։ 2015-2016 ուստարվա ընթացքում ՀՀ-ում գործող 1438 դպրոցներից 574-ը քաղաքներում են, իսկ գյուղերին բաժին է հասնում դպրոցների ավելի քան 60%-ը։ Միջնակարգ դպրոցների քանակով եւս գյուղերն առաջատար են, եթե 2015-2016 ուստարվա ընթացքում ՀՀ քաղաքներում միջնակարգ դպրոցների թիվը 30,500 է, ապա գյուղերում դրանց թիվը հասնում է 126,400-ի։ Նույն ժամանակահատվածում քաղաքներում սովորողների թիվը 26%-ով գերազանցում է, եթե ՀՀ-ում 364,400-ից 135,100-ը (37%) գյուղերում են, ապա քաղաքներում սովորողների թիվը հասնում է 229,300-ի (63%): Հետաքրքրական է, որ չնայած գյուղերում փաստացի առկա ուսումնական հաստատություններն ու գրադարանները գերակշռում են, բնակիչների մեծ մասը ձգտում է քաղաքներում սովորելուն եւ հետագայում նաեւ այնտեղ մշտական բնակություն հաստատելուն։ Այս ամենն ունի հոգեբանական դրսեւորում։

Ըստ հոգեբան Հայկուհի Հարությունյանի՝ սկզբում մարզերից դեպի մայրաքաղաք երիտասարդների հոսքի հիմնական առիթը մասնագիտություն ստանալն է լինում, բայց տեղափոխվելուց ընդամենը մի քանի տարի անց մայրաքաղաքի հետ կապեր հաստատելու առիթը որոշակի փոփոխության է ենթարկվում։ Վերջինիս փաստմամբ՝ հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքում բնակվելու հիմնական դրդապատճառը հնարավորություններն են՝ հաց վաստակելուց մինչեւ աշխարհը կառավարելու հմտություններ. «Քաղաքում առավելագույն չափով բավարարվում են անձի հիմնական կարիքները: Նա ստանում է կրթություն, ունենում աշխատանք եւ հարմարավետ կյանք։ Այսպիսով՝ քաղաքն արտացոլում է քաղաքակրթության զարգացումը»,- հավաստիացնում է հոգեբան Հայկուհի Հարությունյանը։

2015թ. բնական գազով մատակարարվող բնակավայրերի 92%-ը գյուղերում են։ Եթե քաղաքներում դրանք 45 են, ապա գյուղերում դրանց թիվը հասնում է 563-ի։ Մինչդեռ գազիֆիկացված բնակարանների քանակով հակառակ միտումն է նկատվում։ Քաղաքներում դրանց թիվը 50%-ով գերակշռում է։ Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում գործարկված 279,4 բնակելի շենքերի 82%-ը քաղաքներում է։ Եթե գյուղերում դրանց թիվը 48,8 է, ապա քաղաքներում դրանց թիվը հասնում է 230,6 -ի։ Քանի որ համալիր ավտոմատացման գործընթացը եփվում է հենց քաղաքներում, կարելի է արդարացնել քաղաքակենտրոնացման լայն թափը, որ հատուկ է զարգացող երկրներին։ Այս դեպքում կյանքի հնարավորինս բարվոք պայմաններն ու նորաշեն կառույցների փայլը կուրացնում կամ գուցեեւ հնարավորինս բարեկեցիկ եւ ապահով կյանքի իրական հեռանկար են խոստանում գյուղերում բնակվողների համար։ Եվ նկատի ունենալով, որ այս ամենը գրավում է հենց երիտասարդ սերնդին՝ չենք կարող վիճարկել այն փաստը, որ քաղաքային շրջաններում 2016թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ մշտական բնակչություն հաստատողների 0,8%-ը 25-29 տարեկան անձինք են։ Մինչդեռ 15-19 տարեկան անձինք կազմում են քաղաքային բնակչության 0,5%-ը, իսկ 65-67 տարիքային խումբը՝ 0,4%-ը։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այս ամենը պայմանավորում է ընտանիքի ստեղծման հանգամանքով։ Այս դեպքում ընտանիքը պահելու միակ միջոցը քաղաքում աշխատանք գտնելն է։ Գումարի անհրաժեշտությունը հատկապես կարեւոր է դառնում երեխայի դպրոց գնալուն պես, երբ ընտանիքի ծախսերը կտրուկ ավելանում են, հարկավոր է գիրք, հագուստ եւ այլ անհրաժեշտ պարագաներ գնել: «Գյուղի խնդիրը գումարն է. կաթ ունեն, միրգ, կարտոֆիլ, կաղամբ ունեն, բայց գումար չկա, որ վաճառեն, իսկ դա բավականին խնդրահարույց է։ Եվ այս պարագայում քաղաքում աշխատելը դրամական միջոցների լավ աղբյուր է»,- հավաստիացնում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Ի վերջո, հաշվի առնելով այն փաստը, որ թույլ զարգացած երկրներում ուրբանիզացման մակարդակը ցածր է 30%-ից, իսկ զարգացած երկրներում գերազանցում է 70%-ը՝ կարող ենք հավաստել, որ ՀՀ-ը ուրբանիզացման 64% մակարդակով դասվում է զարգացող երկրների շարքին եւ միտում ունի համալրելու զարգացած երկրների ցուցակը։

 

ՇՈՂԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

18,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Աղջիկ ջան, սանդղակ վերցնում են մի հատ, որ համեմատեն իրար հետ: Վերնագրից սկսած անիմաստ է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031