«Եթե դիմեն զենքի՝ մենք էլ զենքի կդիմենք». Բագրատյանը փաստեր ունի՝ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում

«Եթե դիմեն զենքի՝ մենք էլ զենքի կդիմենք». Բագրատյանը փաստեր ունի՝ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում

«Երկու քաղաքական ուժ սրբում են կաշառքներով, բայց դա չի նշանակում, որ իրենց ձայն կտան: Նրանցից մեկը ներկայանում է որպես իշխանությունը, մյուսը ներկայանում է իբրեւ ընդդիմություն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նա ասաց, որ իրենց քարոզարշավը բավականին ակտիվ է ընթանում:

Մեր դիտարկմանը, որ ձեր ծրագիրը արդյոք ընկալելի՞ է ընտրողի համար, որովհետեւ երբ ՕՐՕ դաշինքն ասում է, որ ժամը 21-ից հետո սուպերմարկետերը պետք է փակվեն, որ ՓՄՁ-ները շնչեն, սա ընկալելի՞ է այն մարդու համար, որը տնտեսագիտական տերմիններ չգիտի, ձեզ չե՞ն դժգոհում, որ ծանր է ծրագիրը՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Միակ քաղաքական ուժը, որ հաշվել է, որ բյուջեն կկազմի այսքան, այն աճելուց հետո այսպես կբաժանենք՝ մենք ենք, երկրորդը չկա: Մյուսները գրել են ծրագիր, բայց դա միջոցառումների շարան է, քանի որ ռեսուրսը չեն գրել: Իրենք տորթը բաժանում են, տորթը չունեն: Մենք աշխատել ենք պարզագույն գրել: Մենք չենք եկել հաճոյանալու, մենք մոդել չենք՝ պոդիումի վրա քայլող, որ շորերներս հանենք, ասենք՝ նայեք ինչ բարեմասնություններ ունենք: Մենք եկել ենք ասենք՝ սա է մեր երկրին պետք, հասկացա՞ք: Մնացածը, թե ով ինչ է մտածում մեր մասին, ես, մեղմ ասած, թքած ունեմ»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ խորհրդարանում պատրաստ են կոալիցիա կազմել գրեթե բոլորի հետ, բացի ՀՀԿ-ից: Մեր հարցին՝ այսինքն, նույնիսկ այն ընդդիմադիր ուժի հե՞տ եք պատրաստ կոալիցիա կազմել, որը ինչպես քիչ առաջ ասացիք՝ կաշառքներով սրբում է ու ներկայանում ընդդիմություն՝ նա պատասխանեց. «Ես ճիշտ կոալիցիա տեսնում եմ ազատական մոտեցում ունեցող ուժերի հետ»:

Մեր հարցին՝ երբ ասում եք՝ երկու քաղաքական ուժ սրբում են ընտրակաշառքներով, մեկը իշխանությունն է, մյուսը ներկայանում է որպես ընդդիմություն, իրենք ասելու են, որ փաստեր չկան, սրանք օդի մեջ խոսակցություններ են, դուք ունե՞ք փաստեր կաշառքների՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց, որ ունի: Հարցրեցինք՝ պատրաստվո՞ւմ եք իրավական քայլերի դիմել՝ նա պատասխանեց. «Լսեք, եկեք ցինիկ բաներ իրար չասենք: Ես թքած ունեմ այդ իրավական քայլերի վրա: Ամբողջ քաղաքը ֆռռում են, կաշառք են բաժանում, դուք ինձ դա եք ասում: Ես ամեն շաբաթ ծառայություն եմ ստանում քաղաքի կենտրոնում գտնվող մի անձնավորությունից, որը ինձ ասում է՝ ինձ տվել են, ես չեմ կարող, բայց ես այնքան հետաքրքիր եմ հետեւում ձեր քարոզարշավին: Կա նաեւ Արմավիրի մեր ռեպորտաժը, որտեղ ինձ մոտենում են, ասում են՝ ամոթ չե՞ք անում, որ առանց փող գալիս եք: Կան այդպիսի մարդիկ, չեմ ասում ամբողջ ժողովուրդն այդպիսին է: Հիմա դուք եկել եք, ոնց որ ձեռ առնեք, ասում եք՝ պատրաստվո՞ւմ եք դատարան դիմել: Իրանք էլ, իրանց դատարանն էլ: Երբ որ գանք իշխանության, ամբողջ դատարանը կփոխենք: 450 դատավոր կազատվի աշխատանքից, կհավաքենք նոր դատավորներ, հերի՛ք է: Կնշանակենք նորը: Մի հատ դատավոր չկա այդտեղ: Արթուր Սարգսյանի դեպքում էլ տեսանք ինչ դատավորներ ունենք: Բոլորն ազատվելու են աշխատանքից, որ էս երկիրը երկիր դառնա, որ փրկենք էս երկիրը»:

Հարցին՝ ոնց եք պատրաստվում պայքարել թաղային հեղինակությունների դեմ թիվ 4 ընտրատարածքում՝ նա պատասխանեց. «Թաղային հեղինակության դեմ կռիվ կտանք, եթե դիմեն զենքի՝ մենք էլ զենքի կդիմենք, անկեղծ եմ ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք