Քուչակի գյուղապետը` Արամ Ասատրյանի դանակահարության մասին

Քուչակի գյուղապետը` Արամ Ասատրյանի դանակահարության մասին

Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի գյուղապետ Հովիկ Ամիրյանն, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չի այսօր համայնքում տեղի ունեցած դանակահարությունից: Տեղեկացնենք, որ Արագածոտնի մարզի  Քուչակի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին դուրս են հրավիրել շտաբից`զրուցելու: Զրույցն ավարտվել է դանակահարությամբ:

-Պարոն Ամիրյան, Քուչակում  արյունալի միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ականների մասնակցությամբ:

-Մեր գյուղում տեղի չի ունեցել:

– «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արամ Ասատրյանին են դանակահարել :

-Տեղյակ չեմ:

-Դուք Քուչակի գյուղապե՞տն եք:

-Այո:

-Ձեր գյուղում արյունալի միջադեպ է տեղի ունեցել, տեղյակ չե՞ք:

-Գյուղում չի եղել: -Շտաբը գյուղում է, միջադեպը գյուղից դուրս է եղել:

-Այսինքն` պնդում եք, որ սա ընտրական գործընթացների հետ կապ չունի՞:

-Ոչ մի ինֆորմացիա չունեմ, որ պնդեմ կամ չպնդեմ:

-Անգամ, եթե Ձեր գյուղից մի քիչ այն կողմ է տեղի ունեցել, Դուք համայնքի ղեկավար եք, Արամ Ասատրյանը`համագյուղացի, հետաքրքիր չի՞:

-Ես ոստիկան չեմ, գյուղապետ եմ:

-Արամ Ասատրյանին ճանաչո՞ւմ եք: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինքն ինչպե՞ս է, փայծաղն են հեռացրել:

– Հետաքրքրում ա, զանգել իմացել եմ ոնց ա ինքը:

-Այսինքն` միջադեպից լավ էլ տեղյակ եք:

-Որ խփել են տեղյակ եմ, բայց ինչ հողի վրա ա եղել`տեղյակ չեմ: Վիճակը վատ ա, կտրուկ վատացել ա, տեղափոխել են Երևան:

-Ինչո՞ւ է տեղի ունեցել միջադեպը:

-Չեմ կարող ասել, մինչև չճշտեմ`չեմ կարող ասել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ միջադեպի մասին այս պահին ոչինչ ասել չի կարող: Արագածոտնի մարզի ՀՀԿ-ի պատասխանատու, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն էլ հեռախոսազանգերի չի պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք