Տեսաժողով` տարբեր երկրների հայ բժիշկների մասնագիտական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ

Տեսաժողով` տարբեր երկրների հայ բժիշկների մասնագիտական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տեսաժողով ԱՄՆ-ի, Կանադայի,  Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Լիբանանի հայ բժիշկների մասնագիտական կառույցների ներկայացուցիչների հետ: Երևանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը, Հայաստանի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի նախագահ Արտաշես Զիլֆյանը, Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սեմ Զաքարյանը, «Ֆայդեք-Հայաստան» հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, Սփյուռքի և Առողջապահության նախարարությունների աշխատակիցներ:

Սփյուռքյան համայնքներից տեսաժողովին մասնակցեցին «Ֆայդեք» և «Ստամբուլյան» հիմնադրամների հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյանը (Արգենտինա), Հայ ամերիկյան բժշկական միության նախագահ Ջերի Մանուկյանը (ԱՄՆ), Օնտարիոյի հայ բժշկական միության ղեկավար Անի Հասրջյան (Կանադա), Գերմանիայի հայ բժիշկների միության ներկայացուցիչ Մարգարիտ Ասոյանը (Գերմանիա), «Մեծ Բրիտանիայի հայ բժիշկների ասոցիացիայի» ղեկավար Արա Նահապետյանը, Լիբանանի հայ բժիշկների միության ատենապետ Գրիգոր Էջիդյանը և ատենադպիր Պետրոս Կարագյոզյանը, «ВИВА. Врачи и Волонтеры-Армении» կազմակերպության ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը (Մոսկվա, ՌԴ), Մոսկվայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ռուբիկ Գասպարյանը, «Armenian medical scientific community»-ի ղեկավար (AMSC) Հասմիկ Ահարոնյանը Մոսկվայում գործող մի խումբ հայ բժիշկներ:

Ողջունելով հայ բժիշկներին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց  մասնագիտական կառույցների գործունեությունը, հայ բժիշկների համահայկական հարթակի ստեղծման անհրաժեշտությունը և նրանց մասնակցությունը Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործընթացին:

Նախարարը ներկայացրեց Արգենտինայում մայիսի 29-ից հունիսի 2-ը «Ֆայդեք» և «Ստամբուլյան» հիմնադրամների հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյանի նախաձեռնությամբ Հայ բժիշկների 12-րդ կայանալիք համաժողովը և հորդորեց, որ ավելի մեծ թվով հայ բժիշկներ մասնակցեն` համաժողովն առավել ներկայացուցչական դարձնելու համար: Քննարկվեցին կազմակերպական հարցեր:

Առողջապահության նախարարության աշխատակից Հայկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում բոլոր բժիշկները տեղեկացված են, և շուրջ 40 բժիշկ ցանկություն է հայտնել մասնակցել համաժողովին:

Ամփոփելով տեսաժողովը՝ նախարարը կարևորեց ըստ ոլորտների հայ բժիշկների մասնագիտական ցանցերի կատարելագործումը, տարածումն ու ընդլայնումը, և պարբերաբար Հայաստանում նրանց հավաքների կազմակերպումը: Նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի հայ բժիշկներին, ովքեր 25 տարի շարունակ իրենց գիտելիքներն ու փորձն են ներդրել` Հայրենիքում առողջապահական համակարգի կատարելագործման գործընթացն ապահովելու նպատակով, և նշեց, որ Հայաստանը կարող է դառնալ, առողջապահական տուրիզմի, բժշկական ապրանքներ, սարքավորումներ և դեղամիջոցներ արտահանող երկիր, եթե աշխարհի բոլոր երկրներում ապրող հայ բժիշկները միավորվեն:

ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք