Արամ Սարգսյանը՝ վարչապետին. «Լույսի ու գազի փող մի տվեք, թող գան Ձեր տունը վերցնեն, կասեք՝ լավ գործարք է»

Արամ Սարգսյանը՝ վարչապետին. «Լույսի ու գազի փող մի տվեք, թող գան Ձեր տունը վերցնեն, կասեք՝ լավ գործարք է»

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն այսօր «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ դաշինքն իշխանության գալու դեպքում պարտավորվելու է գազի գինն էժանացնել կորուստների հաշվին: Նա կարծիք հայտնեց, որ շատ գործարաններ չեն վերագործարկվում, քանի որ գազի գինը թանկ է:

Արամ Սարգսյանի խոսքով՝ կրկնակի թանկ գնով այլ երկրներում գործարանները մետաղ ձուլում են, իսկ ՀՀ-ում դա չի ստացվում, որովհետեւ գազի կորուստ կա: «Ըստ իշխանությունների ցուցանիշների՝ 140 միլիոն խ/մ գազ մեր երկրում կորում է: Դա գումարով անում է 40 միլիոն դոլար, որից 20 միլիոնը մեզանից են վերցնում: Իսկ այդ գազը չի կորում, այլ իրենց ընկերների գազալցակայաններում փող է դառնում եւ գնում նրանց գրպանը»,-վստահեցրեց Արամ Սարգսյանը:

Նա հիշեց վարչապետի այն խոսքը, թե՝ եթե կա մարդ, որը գիտի գազի գինն ինչպե՞ս էժանացնել, թող ասի: «Իր նախկին տնօրենը՝ ռուսական «Գազպրոմ»-ի տնօրենն օրերս ասաց, որ «ՀՀ-ում գազի գինը թանկ է, որովհետեւ ՀՀ իշխանություններն են թանկացրել, մենք էժան գազ ենք վաճառում ՀՀ-ին»…Վարչապետն այդքան տարի հետն աշխատել է. թող իրենից հարցնի…այդ նույն վարչապետը, երբ «Հայռուսգազարդի» ղեկավար էր, երբ ասացին՝  «Հայռուսգազարդի» քսան տոկոսը պարտքի դիմաց տվել եք ռուսներին, ասաց, թե դա «լավ գործարք» է…Ես էլ ասում եմ՝ եթե պարտքի դիմաց սեփական գույքով փակելը լավ գործարք է, այդ դեպքում, պարոն վարչապետ, ոչ լույսի, ոչ գազի փող մի տվեք, տարվա վերջում պարտք մնացեք, թող գան Ձեր տունը վերցնեն, կասեք՝ լավ գործարք է…»,-նշեց Արամ Սարգսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք