Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական հարաբերությունների ընկալումներն ազգային անվտանգության համատեքստում

Մարտ 21,2017 15:28

Սյուզաննա Բարսեղյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հայաստանի հետանկախության շրջանում հայ-ռուսական անհամաչափ հարաբերությունները, որոնք պաշտոնապես հռչակված են որպես ռազմավարական գործընկերություն, հատկապես վերջին ժամանակահատվածում ավելի հաճախ են քննարկվում Ռուսաստանի կողմից որպես Հայաստանի գաղութացում կամ վերագաղութացում: Մի կողմից՝ Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները տարածաշրջանում, մյուս կողմից՝ Հայաստանում ռուսական ազդեցության ուժեղացումն ի հաշիվ տնտեսության ռազմավարական նշանակության ոլորտների ձեռք բերած վերահսկողության, Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայության և ՀՀ-ից ՌԴ աշխատանքային միգրացիայի պահանջի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեծ ներգրավվածության, Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության և Եվրամիության ինտեգրման գործընթացների թուլացման, մեծացնում են Հայաստանի ներգաղութային կախվածությունը Ռուսաստանից:

Հայաստանյան հետխորհրդային իրականությունն իր հերթին հնարավորություն է տալիս իրագործել Ռուսաստանի կողմից գաղութացման մտադրությունները: Անկախության 25-ամյա ապագաղութացման շրջանը դեռևս չի թոթափել գաղութացման վտանգը, և հետխորհրդային հայ հասարակության մոտ դեռևս առկա է կայսերապաշտության, գաղութացվածի և իրենից ուժեղ մեծի հետ առնչվելու ախտանիշ: Սրան նպաստում է նաև մարդկանց վերաբերմունքն անկախությանը, ինքնիշխանությանն ու իրենք իրենց՝ պետության հետ հարաբերություններում, երբ քաղաքացին իրեն համարում է դիտորդ, ումից ոչինչ կախված չէ, և ամեն ինչ վերագրում է պետությանը, որը պետք է հոգա իր մասին:

Այսպես, ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանի 2015թ. իրականացրած «Կովկասյան բարոմետր» հարցման՝ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը (հարցվածների 73%-ը) կիսում է այն տեսակետը, որ «պետությունը պետք է լինի ծնողի նման»: Քչերն են (19%) հակված կարծելու, որ «պետությունը վարձու աշխատող է»: Հարցվածների մոտ մեկ երրորդի (35%) համար նշանակություն չունի, թե ինչպիսի կառավարման համակարգ ունենք:

Պատմականորեն ձևավորված կարծրատիպերի և խորհրդային ռեֆլեքսիայի, քաղաքական դիսկուրսի և հիմնական կարծիք ձևավորող ԶԼՄ-ների ռուսամետ բովանդակության ներգործությամբ հանրային գիտակցության մեջ Ռուսաստանը տևականորեն պահպանում է գրեթե միակ բարեկամի դերը (տե՛ս գծապատկեր 1):

Գծապատկեր 1. Հայաստանի ամենաբարեկամ երկրները (% հարցվածներից)

Բացի վերոնշյալ հանգամանքներից «փոքր» երկրի բնակչությունն «անհրաժեշտություն» է զգում ունենալ «բարեկամ», հատկապես թշնամական միջավայրի ընկալման պայմաններում. հայաստանցիների ճնշող մեծամասնությունն (մոտ 95%) իր երկու հարևաններին՝ Ադրբեջանին և/կամ Թուրքիային համարում է թշնամի, մյուս երկուսին՝ Վրաստանին և Իրանին, ոչ բարեկամ:

Հատկանշական է, որ Ռուսաստանի հասարակության համար Հայաստանը, որպես բարեկամ և դաշնակից, 5-րդ տեղում է (Բելառուսից, Ղազախստանից, Չինաստանից ու Հնդկաստանից հետո)` վերջին 10 տարիների ընթացքում տատանվելով հարցվածների 11-18%-ի շրջանակներում:

Գծապատկեր 2. Ռուսաստանի ամենաբարեկամ երկրները (% հարցվածներից)

Ռուսաստանն իր ազդեցությունն ուժեղացնում է անվտանգության ու տնտեսական միություններում (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) Հայաստանի ներգրավման միջոցով: Եվ դա տեղի է ունենում ի հաշիվ արևմտյան ինտեգրման գործընթացների (ԵՄ, ՆԱՏՕ)՝ ստեղծելով մենաշնորհային իրավիճակ: Նման քաղաքականությունն իր աջակցությունն է գտնում նաև հանրության շրջանում՝ ունենալով քիչ հակազդեցություն: Ավելին, ժամանակային կտրվածքով նկատվում է եվրաինտեգրման գործընթացի և անվտանգության արևմտյան համակարգի նկատմամբ վստահության անկում (տե՛ս գծապատկերներ 3 և 4):

Գծապատկեր 3. Հանրային վերաբերմունքը Հայաստանի՝ Եվրոպական Միությանն անդամակցությանը

Հարցման տվյալները ցույց են տալիս, որ արևմտյան կողմնորոշման հանդեպ վստահությունն ունի նվազման միտում: Այն հատկապես նվազել է 2013թ.-ից հետո, երբ ՀՀ-ն անդամակցեց ԵԱՏՄ-ին, հետևաբար քաղաքական ու մեդիա դիսկուրսում սկսեց գլխավորել եվրասիական ինտեգրման թեման: Վստահության համաչափ անկում է գրանցվել նաև անվտանգության արևմտյան համակարգի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Ռուսաստանի հետ ռազմավարական և անվտանգության համագործակցությունը դիտարկվում է Հայաստանի արևմտյան կողմնորոշման հեռանկարի տեսանկյունից:

Գծապատկեր 4. Հանրային վերաբերմունքը Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությ

Եվրաինտեգրման հանդեպ հանրության շրջանում նկատվող վստահության նվազմանը զուգահեռվում է, այսպես կոչված, եվրասիական (ինչը նույնացվում է Ռուսաստանի հետ) ինտեգրման հանրային աջակցության մեծացումը (տե՛ս գծապատկեր 5): Ինչպես նշված է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի լրատվամիջոցների իրականացրած ուսումնասիրության մեջ, «Հայաստանյան մեդիայում 2014թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ռուսաստան ասելով ի նկատի են ունեցել ԵՏՄ, իսկ ԵՏՄ-ի տակ գլխավորապես հասկացվել է Ռուսաստան»:

 

Հարցման տվյալները ցույց են տալիս Եվրասիական տնտեսական միության հանդեպ թե՛ վստահության և թե՛ ճանաչելիության աճը: Եվ չնայած ԵԱՏՄ կառույցի նորությանը, անճանաչելիությանն ու անկանխատեսելիությանը (ի տարբերություն Եվրամիության բազմամյա գոյության և արժեքների ու քաղաքականության հստակության)՝ արևմտյան և/կամ ռուսական ինտեգրման երկընտրանքում Հայաստանի հանրության շրջանում դեռևս գերիշխում է ռուսամետ կողմնորոշումը (տե՛ս գծապատկեր 6):

Գծապատկեր 6. Հայաստանցիների վստահությունը ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությանը, 2015թ. (% հարցվածներից)

Ըստ հայաստանյան առցանց լրատվամիջոցների բովանդակության ուսումնասիրության` 2014թ. տասը տարվա կտրվածքով մեդիայում Ռուսաստանի հանդեպ ագրեսիվության ինդեքսի նկատելի աճ չկա: Ըստ հետազոտության արդյունքների՝ Ռուսաստանի մասին նյութերի քանակն ամենամեծն է, ինչը գերազանցում է անգամ Ադրբեջանին առնչվող նյութերին: Հայ-ռուսական հարաբերություններին առնչվող թեմաները և Ռուսաստանի կերպարը գլխավորապես ներկայացվել են Եվրասիական ինտեգրման խորապատկերին: Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանի ինտեգրման խնդիրները կապվում են ոչ թե երկրի համար կարևոր հիմնահարցերի հետ (անվտանգություն, տնտեսական զարգացում, ներքաղաքական հարցեր, Ղարաբաղյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ), այլ բխեցվում են Եվրասիական տնտեսական միության ձևավորման համատեքստում Ռուսաստանի հանդեպ Հայաստանի ներկայիս քաղաքականությունից: Հատկանշական է, որ Ռուսաստանին առնչվող նյութերում մեդիան հիմնականում ներկայացնում է Ռուսաստանը (ՌԴ-ի մասին ընդհանուր նյութերի 50%-ը), ապա ՀՀ-ՌԴ հարաբերությունները (43%) և ամենաքիչն է ներկայացնում վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ (7%):

Հարկ է նշել, որ Ռուսաստանի դեմ հանրային մակարդակով չի դրսևորվում էական ապագաղութացման հակազդեցություն ռազմատնտեսական ու քաղաքական ինտեգրման գործընթացների շրջանակներում՝ չդիտարկելով դրանք որպես ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր: Սակայն Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը որոշակիորեն փոխվում է անվտանգության ակնհայտ սպառնալիքի դեպքերում: Այսպես, Ռուսաստանի՝ որպես ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքի դիսկուրսի առաջացման նման օրինակներ են 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիում ռուսական ռազմակայանի զինվորականի կողմից և հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս դեպքերում անվտանգության համատեքստում Ռուսաստանի՝ բարեկամի և դաշնակցի կարգավիճակը կասկածի տակ է դրվում՝ առաջացնելով հակառուսական քննարկումներ և ակցիաներ: Եվ, մյուս կողմից, օրինակ է հասարակության և քաղաքական կուսակցությունների գրեթե լռելյայն համաձայնությունը կամ անտարբերությունը (ԱԺ-ում քվեարկության արդյունքներով՝ 103 կողմ և 7 դեմ) 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, որի մասին հանրությունն անգամ չէր տեղեկացվել:

Հանրային դիսկուրսում առկա պարադոքսալ հակասականությունը՝ ազգային անվտանգության համար փնտրել «դաշնակցի, աջակցի ու պաշտպանի» (այդ պարագայում ամենաճանաչելին ու ընկալելին Ռուսաստանն է), միաժամանակ կասկածի տակ առնել «բարեկամին ու դաշնակցին»՝ ելնելով անվտանգությունն ակնհայտ վնասող նրա վարքագծից, առաջ է բերում սեփական խնդիրների հետ մենակ մնալու վախ կամ մտահոգություն: Մի կողմից՝ հանրության մոտ կա Ռուսաստանի այնպիսի կերպար, որ նա Հայաստանի անվտանգության երաշխավորն է և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական դերակատարը, հետևաբար ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը նշանակում է անվտանգության ապահովում, քանի որ այդպես կարելի է զերծ մնալ Ռուսաստանի «պատժից»): Մյուս կողմից՝ Ռուսաստանը սպառնալիք է Հայաստանի և Արցախի անվտանգության համար, քանի որ մեծաքանակ հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեկուսացնում է Հայաստանին՝ կորցնելով արևմտյան գործընկերներին:

Չնայած բոլոր առարկայական հանգամանքներին՝ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը շարունակում է մնալ «բարեկամական» պետության ապագաղութացման և ազգային անվտանգության գաղափարախոսությունը կրող սուբյեկտի՝ պետության և իշխանության մակարդակում, հիմնական վերահսկվող ԶԼՄ-ների բովանդակության մեջ և Հայաստանի հասարակության ու Ռուսաստանում հայկական սփյուռքի լայն շրջանակներում: Սակայն ակնհայտ է նաև, որ Հայաստանի հասարակությունն այլևս չունի Ռուսաստանի հանդեպ բացարձակ վերաբերմունք ու վստահություն: Ռուսաստանի վերաբերյալ միօրինակ դիսկուրսի խորապատկերին փոքրաթիվ քաղաքական ուժերի և գործիչների, ազատության որոշակի աստիճանով մեդիայի և սոցիալական ցանցերի, վերլուծաբանների և հետազոտողների, քաղաքացիական հասարակության մի մասի և առանձին քաղաքացիների շրջանում նկատվում է ռուսական ազդեցության և գործոնի լուրջ վերանայում և ապագաղութացման դիսկուրս, ինչը դրսևորվում է առանձին դեպքերում ու չի դառնում հետևողական քաղաքականություն՝ չբերելով որակական մեծ փոփոխություններ:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031