Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Խորհրդարանական ընտրությունները վերջում պետք է անվավեր ճանաչվեն». Արամ Սարգսյան

Մարտ 21,2017 18:56

Խորհրդարանական ընտրություններին չմասնակցող երեք քաղաքական ուժեր այսօր քննարկում էին երկիրը ճգնաժամից դուրս հանելու իրենց տարբերակները:

Քննարկմանը մասնակցում էին ԱԻՄ-ի, Հայաստանի դեմոկրատական  ու միավորված կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով, իրենք եկել են եզրակացության, որ երկրում ընդհանուր ինքնախաբեության մթնոլորտ կա. «Կեղծված սահմանադրական փոփոխությունների պայմաններում անցկացնել ընտրություններ՝ իմանալով, որ առաջիկա հինգ տարիներին քաղաքացիներին արտահայտվելու հնարավորություն չկա, վիճակն ավելի լուրջ է, իսկ նրանք, որոնք արհամարհում են քաղաքացու իրավունքը, իրենց համար շահեկան է, որ քաղաքացիները հիասթափվեն:

Պատկերացրեք՝ ինչ տրամադրություններ կլինեին, եթե մենք Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքում լինեինք, դա կլիներ իսկական այլընտրանք, բայց չուզեցին, որ այդ մեծ դաշինքը կայանա»:

Միավորված կոմունիստական կուսակցությունից  Էդուարդ Թովմասյանն էլ դժգոհեց Ընտրական օրենսգրքից.« Նոր օրենսգիրքը բերել է այն իրավիճակին, որին ականատես ենք: Ոչ մեկ չի կարող կանխատեսել՝ ինչ կլինի ընտրությունների օրը, հատկապես, որ ընտրվել է այն օրը, որը մեզ համար հիշատակի օր է: Ճիշտ կլիներ հետաձգել, հետընտրական փուլը բավականին բարդ ու անկանխատեսելի է լինելու, այս պարագայում գտնում ենք՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի միասնությունն էլ է անհրաժեշտություն»:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ ասաց, որ երկրի կարեւորագույն ճակատագրական խնդիրն այս համակարգի կազմաքանդումն է. «Մենք համաձայնում էինք ընտրություններին մասնակցել՝ ելնելով այն գաղափարից, որ միասնական ուժերով հաղթենք, որ այս ծրագիրն իրականացնենք, այսօր վերլուծելով իրավիճակը՝ տեսնում ենք, որ իրականում չկա որեւէ մի քաղաքական ուժ, որը մասնակցում է  ընտրություններին ու որը կներկայացներ այլընտրանքային ծրագիր, որով կփոխեր այս համակարգը»:

Նրա խոսքով, դեռ ընտրություններից առաջ իրենք ահազանգեցին, որ վարկանիշային քվեարկությունը բերելու է  բախումների ու արյունահեղության, հիմա բոլորն են դրա մասին խոսում: Ըստ նրա, ինը ուժ է ներկայացված ընտրություններին եւ 25 միլիոն բյուլետեն է տպագրվելու, այսինքն ընտրություններին, պարոն Սարգսյանի հաշվարկով մեկ միլիոն 200.000 դոլար ջուրն են գցում. «ճիշտ է, եթե այս ընտրությունները վերջում ճանաչվեն անվավեր, նոր Ընտրական օրենսգիրք  ձեւավորվի ու նոր համակարգով կարողանանք ձեւավորել ժողովրդավարական խորհրդարան: Հակառակ դեպքում՝ կարծում ենք, որ շարունակվելու է այն ամենն, ինչ կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031