Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարկատաններով» խճանկարից մինչեւ «կամերային» գործեր

Մարտ 22,2017 14:00

Նկարիչ-դիզայներ
Մոնի Հովսեփյանի մտահղացման արգասիքները

Նկարիչ- դիզայներ Մոնի Հովսեփյանին արվեստագետներն ու արվեստասերները հավանաբար կմտաբերեն դեռեւս 2000-ականների սկզբներից, երբ նա առաջին քայլերն էր անում իբրեւ գրքի ձեւավորող: Զուգահեռ Ժողովրդական արվեստի թանգարանում ցուցադրվեցին արվեստագետի գեղանկարչական գործերը, որոնց մեծ մասը գրաֆիկա էր: Ավելի ուշ Մոնին ուսումնասիրեց ու տարվեց տարբեր ժողովուրդների նախշազարդային արվեստով:

2000-ականների վերջերին, երբ դիզայները ընտանիքով տեղափոխվում է Մոսկվա, ինտերնետում հայտնաբերում է «կարկատաններով» խճանկար: Արվեստի այս տեսակը անվանում են guilting: Արվեստագետը ժամանակին Ռիգայում մասնակցել է համաեվրոպական ցուցադրությանը՝ ներկայացնելով զարդանախշերով բարձեր, ինտերիերի պարագաներ, ինչպես նաեւ լոսկուտներով պատրաստված (1,5X1,5մ) guilting: Արվեստի այս տեսակը գալիս է շատ հնուց ու տարածված է թե Արեւմուտքում, եւ թե Արեւելքում: Այն ժամանակին էժան, այժմ թանկ գնահատվող ձեռքի աշխատանք է: Հայերն իբրեւ արվեստի տեսակ չընկալելով, դարերով փաստորեն զբաղվել են դրանով: Օրինակ, մաշված բաճկոններից, հագուստի այլ տեսակներից առանձնացրել են «թարմ» մասերը, կարկատել ու պատրաստել են, ասենք, ծածկոցներ եւ այլն:


Տարիներ առաջ (27.11.2014թ.) «Առավոտը» ընդարձակ հարցազրույց է ներկայացրել, որտեղ Մոնին խոստացել էր ներկայանալ guilting աշխատանքներով: Սակայն վերջերս նրա Aureum Tempus ֆեյսբուքյան էջում հանդիպեցինք արվեստագետի նոր՝ ինտերիերային աշխատանքներին, ինչը առիթ դարձավ դիզայների հետ մեր երկրորդ հանդիպման համար: Նախ հետաքրքրվեցինք, թե ինչու մինչ օրս չենք հանդիպել guilting-ի ցուցադրությանը:

«Մեկ աշխատանք իրականացնելու համար աշխատում եմ շուրջ մեկ տարի: Ցուցադրությանը, հասկանալի է, որ պետք են մի քանի նման գործեր, որպեսզի այցելուն կարծիք կարողանա կազմել հավաքածուիս մասին: Կարող էի հանդես գալ ցուցադրությամբ, բայց այդ աշխատանքներից շատերը կատարվել են պատվերով եւ գտնվում են Նյու Յորքում, Բարսելոնում, Վիեննայում, Մոսկվայում, Բեյրութում եւ այլուր, նաեւ Երեւանում»,- պարզաբանեց Մոնին: Հետո էլ հավելեց. «Իմ ֆեյսբուքյան էջում, որը թարգմանաբար նշանակում է «ոսկե ժամանակներ», ճապոնական կիմեկոմի տեխնոլոգիայով պատրաստվող իրեր են՝ գնդի, ձվի եւ այլնի տեսքով:

Իհարկե, դրանք էլ ունեն իրենց պատվիրատուն, հիմնականում արտասահմանից»: Ժպտալով էլ հավելեց, թե guilting-ի մեծամասշտաբ աշխատանքներից տեղափոխվել է «կամերային» դաշտ:

Հարցին՝ գուցե գեղանկարները, guilting-ի եւ ճապոնական տեխնոլոգիայով պատրաստվող իրերը համատեղի եւ ի վերջո ներկայանա՞ ցուցադրությամբ, Մոնի Հովսեփյանն ասաց. «Դա ոչ թե մոտ ժամանակների, այլ ապագայի խնդիր է, մեկ պատճառով՝ աշխատանքներիս մեծ մասը գտնվում են կոլեկցիոներների մոտ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում Մոնի Հովսեփյանի ճապոնական տեխնոլոգիայով պատրաստված իրերն են:

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031