Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկը չի քայլում

Մարտ 22,2017 15:30

Փետրվարի 9-ի «Առավոտի»՝ «24-ամյա կնոջ ոտքերից արյան հետ որդեր էին դուրս գալիս» հրապարակումից հետո երկրորդ կարգի հաշմանդամ Աստղիկ Մելքումյանը հոսպիտալացվեց: Նա տեղափոխվեց ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն, ուր մնաց մեկ ամիս: Ապա տեղափոխվել եւ յոթ օր գտնվել է «Էրեբունի» հիվանդանոցում:

Աստղիկ Մելքումյանն արդեն տանն էր: Ակնհայտ էր նրա տրամադրության փոփոխությունը: Նա ցույց տվեց ոտքերը, ասաց, որ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում մաշկային բաժանմունքի վարիչ Կարինե Սողոմոնյանը, բժիշկ Դավիթ Հարությունյանը, մասնագետներն արել են ամեն բան, որպեսզի իր բաց վերքերը մշակվեն, ոտքերը լավանան: Նա ասաց, որ բուժկենտրոն տեղափոխվելուց հետո որեւէ ցավ չունի, ստացել է դեղորայք, տանը հետեւում է բժիշկների խորհրդին: Իսկ ահա «Էրեբունի» հիվանդանոցում բժիշկներից մեկն ասել է՝ քեզ հույս մի տուր, թե քայլելու ես:

Աստղիկը չի քայլում: Նա դեռ սպասում է առաջին կարգը ստանալուն, չունի սայլակ՝ տեղաշարժվելու համար, ակնկալում է, թե անոթայինի մասնագետը կզննի իրեն եւ հետագա բուժման ընթացքը կհստակեցվի: Շնորհիվ առողջապահության նախարարության, բուժման ողջ ընթացքը եղել է անվճար:

Մենք տեղեկացրել էինք, որ Աստղիկի առողջական վիճակի վատթարացմանը նպաստել է Աբովյանից Ռազմիկ անունով մի հեքիմ, որի նշանակած դեղորայքը քայքայել էր մաշկը, առաջացրել խոցեր, բաց վերքեր, այտուցում, եւ հոսպիտալացվելուց անմիջապես հետո մասնագետները ասել էին, թե կարող էր ավելի ծանր հետեւանքներ ունենալ:
Կոտայքի մարզի հետաքննիչ, արդարադատության լեյտենանտ Վիգեն Մեհրաբյանը այդպես էլ քրեական գործի հարուցման համար ապացույցներ չէր գտել: Աստղիկ Մելքումյանի ներկայացուցիչ, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեւիկ Բուջատյանը ստացել է ողջ նյութերը: Պարզվեց, որ հետաքննիչի մոտ բացատրություն տալիս, Աստղիկին խնամող մայրը հայտնել էր. «2011թ. ամռանը թոռնիկիս ծնվելուց մի քանի ամիս անց աղջիկս սկսեց իրեն վատ զգալ, պարզվեց, որ նա տառապում է սիստեմային սկլերոդերմիայով: Հեքիմ Ռազմիկի մոտ տանելուց հետո աղջիկս նրա նշանակած դեղերը ընդունել է, ոտքերի վերքերն ավելի շատացան, այդ ժամանակից սկսած աղջիկս չի քայլում»:

Աստղիկն էլ բացատրություն տալիս հայտնել էր, թե երբ դիմել են Ռազմիկ Անտոնյանին, նա ասել է. «Եթե բուժումներն անհապաղ չսկսեն, ինձ մնացել է մեկ ամսվա կյանք: Նա պահանջեց երեք հազար դոլար գումար, իսկ երբ հայրս գնացել էր նրա մոտ, ասել էր, թե տունս դրել եմ վաճառքի, բուժումը սկսիր, գումարի կեսը հետո կտանք, նա ձգձգում էր: Մոտ երկու ամիս Ռազմիկի մոտ բուժվելուց հետո ասացի, թե ոչ մի փոփոխություն չկա, վերքերն ավելի են շատանում, ասաց՝ մի անհանգստացի, այդպես էլ պետք է լինի: Իսկ երբ փորձում էի կանգնել, վերքերիցս արյունահոսություն էր սկսվում»:
Հետաքննիչը բացատրություն էր վերցրել 1947թ. ծնված հեքիմից՝ Ռազմիկ Անտոնյանից 2015թ. օգոստոսի 28-ին: Հեքիմն ուներ միջնակարգ-մասնագիտական կրթություն, ավարտել է Երեւանի մեքենաշինական տեխնիկումը. «Չունեմ բժշկական կրթություն, սակայն հայրս եղել է բժիշկ եւ նրանից ժամանակին բժշկական գիտելիք եւ փորձ եմ ձեռք բերել»:

Նա 45 տարի զբաղվում է բուսաբուժությամբ, չնայած չունի բժշկական լիցենզիա:
Բացատրության մեջ նշել էր դեղաբույսերի ցանկը, որով քսուքներ է պատրաստել, ներարկումներ են արվել. «Իմ կարծիքով՝ նրանք այդ ամենը հնարել եւ նախաձեռնել են, իբրեւ փոխհատուցում ինձնից գումար ստանալու համար»:
Սա այն դեպքում, երբ նաեւ գրել էր. «Տեսնելով վերքերի անմխիթար վիճակը, չափից դուրս հոտը, առանց վերջնական ապաքինում խոստանալու, փորձեցի գոնե խնամել վերքերը: Նրան գրկած են բերել մեր տուն, պատճառաբանելով, թե իրենց ոչ մի հիվանդանոցում չեն ընդունել եւ բուժման հույս չեն տվել»,-ասել էր Ռ. Անտոնյանը: Ռ. Անտոնյանը հայտնեց, որ վերադարձրել է ողջ գումարը՝ 200 000 դրամը եւ 1000 դոլարը:
31.03.2016թ.-ի որոշմամբ գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Փաստաբան Տաթեւիկ Բուջատյանն «Առավոտի» դիտարկմանը, թե արդյոք կբողոքարկի՞ կարճման որոշումը, նաեւ բաց թողնված ժամկետը կհամարվի՞ հարգելի, պատասխանեց. «Որոշումը հնարավոր չի բողոքարկել, որովհետեւ 7-օրյա եւ 6-ամսյա բոլոր ժամկետները բաց է թողնված»:

Իսկ մի՞թե հանցակազմ չկար հարցի կապակցությամբ էլ ասաց, որ Ռազմիկ Անտոնյանի մեղքը չի հիմնավորվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 280 հոդվածի մասով՝ Մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ արտադրելը, կամ իրացնելը, քանի որ փորձաքննությունը նորմալ չի իրականացվել, առանց հիվանդին զննելու: Փորձագիտական բյուրոյի փորձագետն Աստղիկի բուն հիվանդության սկլերոդերմիայի մասին գրել է, որ հնարավոր չի միանշանակ ասել՝ ավելի վատացել է վիճակը այդ դեղերից, թե ոչ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031