Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Սոցհարցումները հաշվի չեն առնում այդ ռեյտինգային թեկնածուների գրանցած հնարավոր արդյունքները»

Մարտ 22,2017 15:38

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կանխատեսում է, թե ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված սոցհարցումների տվյալները կարող են տարբերվել ընտրությունների իրական արդյունքներից, քանի որ դրանցում հաշվի չի առնված ռեյտինգային թեկնածուների գործոնը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Հակոբյանն այս առիթով մանրամասնեց. «Ռեյտինգային ընտրակարգի ներմուծման պայմաններում քարոզչությունը կարող է անցկացվել մի մեթոդոլոգիայով, բայց ձայների քանակը պայմանավորված է լինելու կոնկրետ ռեյտինգային թեկնածուների աշխատանքով ու արդյունքներով: Ուստի վերջնական արդյունքը կարող է բավականին տարբերվել սոցհարցումների՝ ներկայումս հրապարակված տվյալներից, քանի որ այդ սոցհարցումները հաշվի չեն առնում այդ ռեյտինգային թեկնածուների գրանցած հնարավոր արդյունքները»:

Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ ընտրությունը լինելու է հիմնականում ուժերի վարչապետի թեկնածուների միջև. «Հիմնական ուժերը, որոնք լուրջ արդյունքներ արձանագրելու հնարավորություն ունեն, հենց դրա վրա էլ շեշտը դնում են: Տեսնում ենք, որ ՀՀԿ-ականները առաջին պլան են մղել Կարեն Կարապետյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքն անձամբ Գագիկ Ծառուկյանին: Մարդիկ կոնկրետ լիդերների միջև են ընտրություն կատարելու, ոչ թե քաղաքական ուժի: Գուցե այդ ուժերի գլխավոր թերություններից մեկն այն է, որ չեն հայտարարում, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն: «Ազատ դեմոկրատները» և ՀՎԿ-ն հայտարարում են, բայց ի տարբերություն ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի` նրանք անընդհատ չեն շեշտում այդ մասին»:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կանխատեսմամբ` բախումներն ու ծեծուջարդն աննախադեպ են բովանդակային առումով, քանի որ առաջին անգամ նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջև են. «Դա քաղաքական պայքար չէ, նրանք երբ հետո մեկնաբանում են, ասում են, որ կենցաղային հողի վրա է եղել բախումներ ու շատ էլ ճիշտ են ասում, քանի որ նրանք փորձում են մանդատի տիրանալ հենց կենցաղային հարցերի համար, որ հարստանան»:

Նա կանխատեսեց, որ բախումները կշարունակվեն. «Աջափնյակում խայտառակություն էր: Առաջին խայտառակությունն այն էր, որ բախում եղավ, երկրորդը, որ հաջորդ օրը Ծառուկյան դաշինքի թեկնածուն դուրս եկավ պայքարից, մինչդեռ նախորդ օրը նրանց խոսնակն ասում էր, որ սա կանենք, նա կանենք և այլն»: Ըստ քաղաքագետի` երկու ուժ կա, որ հավակնում է մեծամասնություն լինել ԱԺ-ում գոնե տեսականորեն. դրանք ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են:

Դառնալով ՀՀԿ-ի քարոզարշավին՝ քաղաքագետն այն համարեց պրիմիտիվ. «Նման կերպ վարվում են մանկապարտեզի երեխաների հետ: Ասում են տեսեք` սա մեր վարչապետն է, ինչ լավ մարդ է, ուզում եք նա լինի վարչապետ, ընտրեք ՀՀԿ-ին»:

Արմեն Բաղդասարյանը պարզաբանեց, թե որևէ մեկը չի ասել, որ Կարեն Կարապետյանը ևս հինգ տարի լինելու է վարչապետ. «Ասում են, որ նա լինելու է վարչապետ ընտրություններից հետո, բայց ակնհայտորեն նկատի ունեն մինչև 2018-ը, ոչ մեկը չի ասում, որ նա առաջիկա հինգ տարիների համար լինելու է մեր վարչապետը, քանի որ նման բան ասել չեն կարող, իսկ հակառակ դեպքում քարոզչական էֆեկտը կնվազի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031