Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական կտրուկ թանկացումներ Գյումրիում․ մարդիկ խանութներից դուրս են գալիս անեծքներ հնչեցնելով

Մարտ 23,2017 14:46

Նախընտրական այս շրջանում, երբ Գյումրիում տարբեր կուսակցություններ ու առանձին թեկնածուներ զբաղված են բնակիչներին ցուցակագրելով (խոսքը 10 հազար դրամ ընտրակաշառք տալու մասին է․ չնայած սկզբում 100 դոլարից էին խոսում, բայց այժմ որպես ընտրակաշառքի գին Գյումրիում «սահմանվել է» 10 հազար դրամը), կտրուկ թանկացումներ են արձանագրվում խանութներում։ Ընդ որում` թանկացնում են նաև այն ապրանքները, որոնք արտադրվում են Հայաստանում։

Այսօր Գյումրիի մի քանի խանութներ շրջելով՝ պարզեցինք, որ տավարի քիչ, թե շատ ուտելու պիտանի մսի մեկ կիլոգրամը թանկացել է մոտ 250 դրամով, 2900 դրամից դարձել է 3150 դրամ, տավարի ոսկորոտ միսը 2400 դրամից դարձել է 2600 դրամ։

Ականատես եղանք, թե ինչպես խանութներից մեկում անակնկալի եկած մշտական երկու գնորդ վաճառողից հետաքրքրվում էին, թե անասուններին ի՞նչ եղավ, սա էլ հո՞ չեք ներկրում, տեղի արտադրանքը չէ՞։ Վատ վիճակում հայտնված վաճառողը ստիպված կատակում էր, թե տավարն էլ Հայաստանից արտագաղթել է ու նաև մխիթարում՝ եթե այսպես մնա, պիտի հոժար լինեք։

Մոտավորապես 70-80 դրամով թանկացել է կաթնամթերքի ողջ տեսականին, պարկով 25 կիլոգրամանոց ալյուրը, որը մի քանի օր առաջ առաքում էին 5400 դրամով, դարձրել են 5700 դրամ։ Կտրուկ թանկացել են կանաչեղենի ու մրգեղենի գները․ կանաչեղենը 100 դրամից դարձել է 150-200 դրամ, նարինջը, որն ամբողջ ձմեռ վաճառվել է 1 կիլոգրամը՝ 500 դրամով, հիմա դարձել է 800 դրամ։ Մանդարինը ձմռանն արժեր 500-600 դրամ, այժմ հասել է 800-1000 դրամի, ամենամանր ու անորակ խնձորի գները սկսվում են 450 դրամից։

Նկատենք, որ ամեն օր գնային նոր անակնկալներ են սպասվում բնակիչներին, մեր մատնանշած գները գրեթե ամեն օր բարձրանում են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031