Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Աշխարհին ներկայանալու մեր դիմագիծը միայն Գառնի-Գեղարդն ու Մասիսի փեշերը չեն» (Տեսանյութ)

Մարտ 23,2017 15:05

MusicDrive միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկի նախօրեին՝ մարտի 23-ին, կազմակերպիչներն ասուլիս էին հրավիրել Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ Ներկա էին նաեւ փառատոնի մասնակից օտարերկրյա խմբերի երաժիշտներ, այդ թվում՝ ֆրանսիական Corpo-Mente և շվեյցարական Authentic Light Orchestra խմբերից:

Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանը նշեց MusicDrive եռօրյա միջազգային փառատոնը, որի կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը եւ Ռոք ասոցիացիան, կրելու է ամենամյա բնույթ:

«Կարեւորում եմ նման միջոցառման իրականացումը, որովհետեւ աշխարհին ներկայանալու մեր դիմագիծը չպետք է միայն պատմամշակութային ժառանգությունը լինի: Մենք ունենք ժամանակակից արվեստի հետաքրքիր դրսեւորումներ, որոնք պետք է դիրքավորել շուկայում»,-ասաց նա:

Ռոք ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանը ներկաներին կոչ արեց անպայման մասնակցել համերգներին, հաճույք ստանալ ու իր խոսքով՝ կարոտել, թե երբ է էլի կրկնվելու: «Երեք օրում 20-ից ավելի խմբեր՝ ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում, բոլորս միասին ապրենք, դա նորամուծություն է»,-ասաց Վարդան Գրիգորյանը:

Նա շեշտեց, որ MusicDrive-ը ոչ թե ռոք փառատոն է, այլ երաժշտական, թեեւ այնտեղ ռոքի բաղադրիչը մեծ է: Նրա ձեւակերպմամբ, քաղաքակիրթ աշխարհի կարեւոր մաս ենք կազմում եւ բավական է պարփակված մնանք, պետք է միշտ կապի մեջ լինել մյուսների հետ ու հետ չմնալ աշխարհում առկա երաժշտական միտումներից:

Արա Խզմալյանը գտնում է, որ հիմնական խնդիրը տեղեկատվական բնույթ ունի, պետք է տարբեր կառույցների հետ աշխատել, մասնավորապես զբոսաշրջային ընկերություններին ուղղորդել, որ նրանք նման փառատոները եւ մշակութային նշանակալի իրադարձությունները մտցնեն իրենց փաթեթների մեջ: «Մեր տուրօպերատորները տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում մեր մշակույթում: Կա մի գիծ՝ Էջմիածնից Գառնի-Գեղարդ ու Մասիսի փեշեր եւ ուրիշ ոչինչ»,-փաստեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահը:

Հավելենք, որ համերգները կկայանան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հարակից՝ Անգլիական այգում, կան նաեւ ակումբային ելույթներ ու համերգներ: Համերգներին զուգահեռ՝ նախատեսված են հանդիպումներ եւ աշխատարաններ վիրտուոզ երաժիշտների հետ: Փառատոնի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ www.musicdrive.am պաշտոնական կայքից:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mary Khachatryan says:

    Ցավոք, հիասթափվեցի Խզմալյանից։ Դեռևս տասնհինգ տարի առաջ հետաքրքրական էր նրա կերպարը։ Նա սկսել է զբաղվել զբոսաշրջության մեջ կեղծ, արհեստական երևույթներ մտցնելու վտանգավոր գործով։ Չեմ կարող նրան հեղինակություն համարել ինձ համար։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031