Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմասեր Առաքելյանի և նրա աջակիցների կողմից Փարպի գյուղի բնակչին ծեծելու փաստը հերքվել է. քրեական գործ չի հարուցվի

Մարտ 23,2017 17:51

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերջին շրջանում կուսակցությունների ներկայացուցիչների կամ նրանց աջակիցների մասնակցությամբ միջադեպերի մասին լրատվական կայքերում արված հրապարակումների ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն:

Կազմակերպությունը հատկապես տեղեկատվություն է պահանջել 2017 թ. մարտի 1-ին forrights.am լրատվական կայքում «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ընդհարման և 2017 թ. փետրվարի 26-ին aravot.am-ում ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի աջակիցների կողմից Փարպի գյուղի բնակչին ծեծելու դեպքերի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ համաձայն լրատվամիջոցի՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչների ընդհարման արդյունքում դանակահարվել էր ԲՀԿ ներկայացուցիչ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Արամ Ադամյանը: Վերջինիս՝ վնասվածքներ ստանալու փաստը հաստատվել էր Մասիսի հիվանդանոցից, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է եղել:

Ավելի վաղ համանման միջադեպի կիզակետում էր հայտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, որի աջակիցները, aravot.am-ի փոխանցմամբ, պատգամավորի տուն են հրավիրել Փարպի գյուղի բնակիչներից մեկին և իմանալով, որ քվեարկելու է ՀՅԴ կուսակցության օգտին՝ դաժան ծեծի են ենթարկել նրան, ապա հարձակվել վերջինիս եղբոր վրա:

Վերոնշյալ դեպքերի վերաբերյալ հրապարակումներ են եղել նաև yerkirmedia.am և lragir.am լրատվական կայքերում:

Ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դանակահարության դեպքով քրեական գործ է հարուցվել և մեկ անձի մեղադրանք առաջադրվել, իսկ Բազմասեր Առաքելյանի և նրա աջակիցների կողմից Փարպի գյուղի բնակչին ծեծելու փաստը չի հաստատվել, ուստի՝ քրեական գործ չի հարուցվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031