Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական փողերի հետքերով. Tagesspiegel

Մարտ 23,2017 18:10

Եվրոպայի Խորհուրդը ցնցել է կոռուպցիոն սկանդալ. իտալացի պատգամավորը միլիոնավոր եվրոներ է ստացել Ադրբեջանից, գրում է Tagesspiegel գերմանական պարբերականը:

Եվրոպայի Խորհրդի պատմության ընթացքում ամենախոշոր սկանդալը ջրի երես դուրս չէր գա, եթե Միլանի բանկերից մեկը ուշադրություն չդարձներ կասկածելի փոխանցումների վրա: Արդյունքում Միլանի դատախազությունը հետաքննություն է սկսել:

Այն, ինչ պարզեցին քննիչները, պայթող ռումբի ազդեցություն ունեցավ: Ընկերությունը, որի համար նախատեսված էին փողերը, պաշտոնապես պատկանում էր ԵԽ իտալացի պատգամավորի կնոջը: 2012-2014թթ. Լուկա Վոլոնտեն, ընդհանուր առմամբ, ստացել է 2.39 միլիոն եվրո: Քննության տվյալներով՝ փողերը եկել են ավտորիտար Ադրբեջանից: 2017թ. ապրիլին Վոլոնտեն դատարանի առաջ կկանգնի՝ փողերի լվացման մեղադրանքով՝ գրում է հոդվածագիրը:

Հոդվածը փաստում է, որ վերջին տարիներին Ադրբեջանն առավելագույն ջանքեր է գործադրել, որպեսզի խուսափի ԵԽ-ի բացասական վճռից՝ երկրում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի հարցով: Այս գործում մեծ դերակատարում է ունեցել այսպես կոչված «խավիարային դիվանագիտությունը»: Բայց Վոլոնտեի գործում խոսքը միայն խավիարի և շքեղ գորգերի մասին չէ: Նախկին խորհրդարանականը խոստովանել է, որ ստացել է 2.39 միլիոն եվրո, բայց պնդում է, որ այդ գումարը կապ չունի ԵԽ-ում իր գործունեության հետ: Նրա խոսքով՝ այդ գումարը պարգևատրում է խորհրդակցության համար, որը նա մատուցել է ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովին:

Պարբերականը պարզել է, որ Լուկա Վոլոնտեի սերտ կապերն Ադրբեջանի հետ սկսվել են 2011թ. հուլիսից Բաքու այցելությունից հետո: Նա առաջին դրամական փոխանցումը ստացել է 2012թ. դեկտեմբերին: «2012թ. դեկտեմբերին Շտրեսեսրի զեկույցի քվեարկումից մի քանի շաբաթ առաջ Վոլոնտեն ադրբեջանցի լոբբիստ Մուսլիմ Մամադովին ուղղված նամակում մանրակրկտորեն բացատրել է, որ «ընկերները» պետք է խոսեն քննարկումներին: Վոլոնտեն դիմել է նաև իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտին, որն այսօր ԵԽԽՎ-ի նախագահն է, և ցուցումներ է տվել՝ ինչպես պետք է քննադատել քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը» ,-ասվում է հոդվածում:

Զեկույցի տապալվելուց հետո Վոլոնտեն մտավախություններ է ունեցել, որ շահավետ ընկերության վերջը կարող է գալ: Եվ նա անսպասելիորեն դառնում է նոր բանաձևի նախաձեռնող: Բայց մեկ օր անց հետ է վերցնում իր հայցը: «Քո յուրաքանչյուր ցանկություն ինձ համար հրաման է»,-գրել է նա Մամադովին: Բոլոր մնացած մանրամասները, ամենայն հավանականությամբ, քննարկվել են Բաքվում Սուլեյմանովի և ռուս պատգամավոր Ալեքսեյ Պուշկովի հետ անձնական հանդիպմանը՝ ասվում է հոդվածում:

Պատմությունը կարող էր այսքանով ավարտվել, եթե խոսք գնար մեկ պատգամավորի ենթադրյալ անօրինական գործողությունների մասին: Սակայն ԵԽ-ում գերմանական պատվիրակության տեղակալ Ֆրանկ Շվեբեն մտավախություն ունի, որ կոռուպցիայի ծավալը շատ մեծ է և չի սահմանափակվում միայն Վոլոնտեի գործողությամբ:

Tagesspiegel-ի տեղեկատվության համաձայն՝ Վոլոնտեի հետ կապված սկանդալը խոշոր խարդախության մի մասն է: Հոդվածում նշվում է նաև, որ ԵԽ-ում սկանդալի հետաքննությունը շատ դժվարությամբ է առաջ գնում:

Եվ խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ: «Այսօրվա դրությամբ ԵԽ-ում գոյություն ունի մի ամբողջական ցանց, որը ավտորիտար միտումներով պետությունները պահպանում է քննադատական գնահատականներից»,-կարծում է Շվեբեն:  Օրինակ, հունվարին նպատակաուղղված խոչընդոտներ են ստեղծվել Թուրքիայում մարդու իրավունքների  վերաբերյալ քննարկումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031