Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբունքային եւ երկրորդական հարցեր

Մարտ 25,2017 10:00

Երբ 2000-2004 թվականներին Սամվել Բաբայանը ազատազրկված էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով, ես «Առավոտ» թերթով կանոնավոր ձեւով շնորհավորում էի նրա ծննդյան օրը (որը, ինչպես հայտնի է, նաեւ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է), ինչպես նաեւ հույս էի հայտնում, որ նախագահ Ղուկասյանը նրան ներում կշնորհի, ինչը եւ, ի վերջո, տեղի ունեցավ: Գնահատում էի եւ շարունակում եմ գնահատել Բաբայանի ռազմական վաստակը, նաեւ կողմ եմ բոլոր դեպքերում մարդասիրական եւ ներողամիտ վերաբերմունքին:

Հիմա նա դարձյալ ձերբակալված է, եւ ես նկատում եմ երկու ծայրահեղ մոտեցում: Մեկն ակնհայտորեն խախտում է անմեղության կանխավարկածը, իսկ մյուսը շտապում է նրան հայտարարել «քաղբանտարկյալ»: Պետության մեջ եւ պետության օրենքներով ապրելու մշակույթը մեզանում առայժմ զրոյական մակարդակի վրա է, եւ դա որոշակի թյուրիմացությունների պատճառ է դառնում:

Հենց այդ մշակույթից ելնելով՝ հայտնեմ իմ նկատառումը, որն այս գործի հետ գուցե անմիջական կապ չունի, եւ որի հետ, բնականաբար, հայաստանցիների մեծ մասը համաձայն չէ: Ինձ համար սկզբունքային հարց չէ, թե որ կուսակցությունն է մեծամասնություն ստանալու Ազգային ժողովում եւ ինչ կոալիցիաներ են ձեւավորոելու: Բայց ինձ համար խիստ կարեւոր է, որ ԱԱԾ-ն եւ մնացած իրավապահները վճռականորեն կանխարգելեն զինված քաղաքական պայքարի բոլոր փորձերը, ինչը նրանք չեն կարողացել անել «Սասնա ծռերի» դեպքում: Եթե ինչ-որ տեղ ապօրինի զենք կա, այդ զենքը պետք է առգրավվի, եթե ինչ-որ տեղ խումբ կա, որը պատրաստվում է զենքով լուծել ներքաղաքական խնդիրները, այդ խմբի անդամները պետք է ձերբակալվեն: Թող հետո այդ ձերբակալվածներին անվանեն «քաղբանտարկյալներ», թող հետո «ռեյտինգներ» բարձրանան-իջնեն՝ նման խոսակցություններից վնասը շատ ավելի քիչ է, քան «Սասնա ծռերի» կրկնությունից: Նորմալ քաղաքացիները, որոնք, իմ տպավորությամբ, այս պահին Հայաստանում փոքրամասնություն են կազմում, պետք է պահանջեն իրավապահներից չկրկնել անցած տարվա հուլիսի սխալները, ոչ թե բողոքեն, թե ինչու են նրանք միջոցներ ձեռնարկում զինված ակցիաները կանխելու համար:

Մնացած հարցերը՝ ՀՀԿ-ն է լինելու, թե ԲՀԿ-ն, կրկնեմ, երկրորդական են՝ ապրիլի 3-ին կյանքը շարունակվելու է: Գլխավոր խնդիրը մնալու է նույնը՝ կրթել, լուսավորել մեր հասարակությանը, դաստիարակել ազատ եւ օրինապաշտ քաղաքացիներին: Հավասարապես` ազատ եւ օրինապաշտ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Էդգար says:

    Դուք իսկապես համարում եք, որ Հայաստանում կան իրավապահներ, թե՞ կատակում եք:

    • Էդգար says:

      Կա նաև երրորդ տարբերակ․գրել քննադատական հոդվածներ նախագահի, իրավապահների, ընտրությունների, արդարադատության, և այլնի մասին, բայց այդպիսով նաև իմաստավորել այդ բառերն ու հասկացությունները, ընթերցողի մոտ ստեղծել պատրանք, որ այդ ամենն իրականում գոյություն ունի։ Տխուր է, շատ տխուր ․․․

  2. Լևոն Մելքումյան says:

    “Մնացած հարցերը՝ ՀՀԿ-ն է լինելու, թե ԲՀԿ-ն, կրկնեմ, երկրորդական են՝ ապրիլի 3-ին կյանքը շարունակվելու է: Գլխավոր խնդիրը մնալու է նույնը՝ կրթել, լուսավորել մեր հասարակությանը, դաստիարակել ազատ եւ օրինապաշտ քաղաքացիներին: Հավասարապես` ազատ եւ օրինապաշտ:”
    Վերջին 18 տարիների փորձը արդեն բազմաթիվ անգամ ցույց է տվել, որ ՀՀԿ-ի իշխանության մնալու դեպքում Ձեր թվարկած գլխավոր խնդիրներից ոչ մեկը չի լուծվելու, որովհետև ՀՀԿ-ի համար այդ խնդիրների լուծումը մահացու է:
    Դուք խորհուրդ եք տալիս նորից, արդեն քանիերորդ անգամ, կանգնել նույն փոցխի՞ն:
    Պարզ է, որ զենքի կիրառմամբ քաղաքական պայքար չեն մղում, դա անընդունելի է: Բայց արդեն պարզ է նաև, որ ՀՀկ-ի իշխանության մնալը կործանարար է մեր երկրի և ժողովրդի համար, ընդ որում, ոչ պակաս կործանարար, քան զինված պայքարը:

  3. Լավատես says:

    Այսօր մի դաշինք կգա իշխանության, վաղը մեկ ուրիշ՝ այսօրվա ընդդիմադիր դաշինքը կգա իշխանության, բայց մնում է անփոփոխ հայ պետական կառավարման սկզբունքները, այսինքն՝ ազգային գաղափարախոսությունը եւ վերջինիս վրա հիմնված ռազմավարությունը: Դրա համար մեր այսօրվա բոլոր թեկնածու քաղաքական դաշինքները պետք է նախքան ընտրությունների օրը ՄԻԱՁԱՅՆ ստորագրեն իրենց կողմից ձեւակերպված ռազմավարական դաշինքի փաստաթուղթը եւ միասին երդման արարողություն իրականացնեն ազգի առջեւ: Այդ դաշինքներն իրարից պետք է տարբերվեն այդ ռազմավարության իրականացման մարտավարությամբ միայն, իսկ ռազմավարությունը պետք է լինի միակն ու սրբություն բոլորի համար:

  4. joradzadza says:

    “Մնացած հարցերը … երկրորդական են…”: Ինչպես նաև երկրորդական են բոլոր “շարադրությունները”` գրված վերլուծության հավակնությամբ: Առաջնայինը հենց այս հոդվածի վերևում դրված ՀՀԿ գովազդն է`ԳԱԶ-Պրոմում աշխատող վարչապետի նկարով: Նկարն էլ որց որ 60-ական թվերի էստրադային երգչի նկար լինի “Օգոնյոկ” ամսագրից:

  5. Մարգար Մախսուդյան says:

    Մնացած հարցերը՝ ՀՀԿ-ն է լինելու, թե ԲՀԿ-ն, կրկնեմ, երկրորդական են՝ գլխավորը՝ որ Սերժը մնա, թե չէ առանց նրա մենք կորած ենք, իսկ էդ ՕՐՕ-ն գիտե՞ք ինչն ա, ԲՀԿ-ից ավելի վատն ա: Մեր իրավապահները, դատական համակարգը, ՀՀԿ-ական ակտիվը, դպրոցների ու մանկապարտեզի տնօրենները դրանց տանել չեն կարողանում, բա՞…

  6. Քրիստափոր says:

    Պարոն Աբրահամյան, իսկ իմ տպավորությամբ մեր երկրում նորմալ քաղաքացիները մեծամասնություն են կազմում: ՈՒղղակի հիմա գործում է Չկրթել, Չլուսավորել մեր հասարակությանը, Չդաստիարակել ազատ եւ օրինապաշտ քաղաքացիներ, որովհետև կրթված, լուսավորված, ազատ և օրինապաշտ քաղաքացիներին պետք է ղեկավարեն կրթված, լուսավորված, ազատ և օրինապաշտ քաղաքական գործիչներ, որոնք իմ կարծիքով այ ՀՀԿ վերնախավում փոքրքմասնություն են կազմում:

  7. Ruben says:

    Սկզբունքային՝
    Ղարաբաղցիներ, վերադարձեք Արցախ եւ ծաղկեցրեք ձեր ծննդավայրերը:
    Երեւանում ձեր վերարտադրվելը կբերի Ալեքսանդրապոլի №2 պայմանագրին:
    Երրորդական՝
    Ձեր պայքարը իրար մեջ Արցախում:
    Ոչ Կարեն Կարապետյանը, ոչ Սեյրան Օհանյանը, ոչ Սամվել Բաբայանը… Երեւանում անելիք չունեն:

  8. Հ.Շ. says:

    Հսկայական փոս մը կայ, մտային լայն ու խոր խրամատ մը՝ խմբագրականի բովանդակութեան եւ անոր հակազդող մեկնաբանութիւնների մեծամասնութեան միջեւ, ինչ որ դեռ աւելի հիմնաւորուած եւ անհրաժեշտ կը դարձնէ առաջինը:

    Ափսոսալի է որ տակաւին կարիքը կայ այսքան տարրական բացատրութիւնների…

    Պետութեան էական հիմնարկութիւնները կարելի չէ շփոթել անձերի հետ, նոյնացնել ոեւէ անհատի, մտովին միաձուլել այս կամ քաղաքական դերակատարին հետ:

    Իսկ շնորհիւ խորհրդարանական համակարգի հաստատման – զորս նոր, հիմնական բարելաւում է Հայաստանում -, աւելի կը պակասի հնարաւորութիւնը որ մի անհատ կամ մի խմբակ միայն յաջողին տիրանալ պետական բոլոր ուժերին եւ լծակներին – թեպետ այդ ալ ամէն դէպքում ժամանակաւոր է, մինչ Պետութիւնը, յաւերժական – :

  9. Հ.Շ. says:

    Խմբագրի միւս բացատրածն ալ հետեւեալն է,
    (այդ թերթը իմ նման այլ ախպարներ ալ կը կարդան,
    թարգմանում եմ իրենց համար) :

    Օրինական խնդիրներ դիմագրաւող ոեւէ անձի ինքնութիւնը, փայլուն անցեալը, առողջական վիճակը – բացի հոգեբանական հիւանդութեան պարագային -, եւ նոյնանման տուեալներ, որեւէ անդրադարձ չունին անոր քրէական պատասխանատւութեան հաստատման միտող պետական գործընթացին մէջ:

    Այդպիսի ենթակայական տուեալներ, կարող են որպէս մեղմացուցիչ ազդակներ նկատի առնուիլ օրինական գործընթացի ամենավերջում, պատիժի տնօրինման հանգրուանին. այսինքն, մէյ մը որ, ամբողջական դատավարութենէ ետք, հանցագործութեան վճիռ կայացած լինի:

    Մինչեւ այդ վերջին թէական հանգրուանը հասնի, ինչպէս որ մեղադրեալը իր վերջնական պատիժը չէ ստացած – քանզի կարող է անպարտ արձակուիլ -, պետութիւնն ալ ռիսկը չի կրնար առնել թոյլ ու փափուկ, «մարդասիրական» կերպով մօտենալու թղթածրարին, ի հեճուկս համայն քաղաքացիների – կամ երկրի իսկ – էական անվտանգութեան:

    Քրէական գործի նախապատրաստական հանգրուանին, մեղադրեալին շնորհուած անմեղութեան կանխավարկածը պէտք չէ շփոթել անմեղութեան բացարձակ հաստատումի, անմեղութեան անհերքելի ստուգութեան հետ:

    Հայաստանում (փաստօրէն ներառեալ Արցախը) անցեալ ամառուայ դէպքերը նշանակալից նախադէպ կը հանդիսանան, հիմնաւորելու համար վերեւ պարզուած տարրական սկզբունքների «կարծր», խստապահանջ կիրարման պատեհութիւնը, նոյնիսկ հրատապ անհրաժեշտութիւնը, նշեալ երկրում:

  10. Aura says:

    Կյանքը շարունակվելու է և գլխավոր խնդիրը՝ կրթել, լուսավորել մեր հասարակությանը, դաստիարակել ազատ եւ օրինապաշտ քաղաքացիներին “իրակնացնելու են” ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմող ստրուկի հոգեբանությամբ “ազատ և օրինապաշտ” “մանկավարժները”

  11. Քրիստափոր says:

    Կներեք Ruben says, Դուք իմ նշած /ոչ թե պ-ն Աբրահամյանի/, կրկնում եմ, իմ նշած փոքրամասնությունից եք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031