Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն չի դիմի դատարան՝ Առաքել Մովսիսյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով

Մարտ 25,2017 23:05

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 25-ին նիստ էր գումարել, որի ընթացքում քննում էր «Ելք» դաշինքի պատգամավորների թեկնածուներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արտակ Զեյնալյանի դիմումը: Տիգրան Մուկուչյանը, ներկայացրեց դիմումը, ըստ որի ՀՀԿ թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքում խոստացել է ասֆալտապատել ճանապարհները, եթե իրեն քվեարկեն, եւ ասել է, որ արդեն մյուս համայնքում ասֆալտապատում է իրականացնում:

Դիմումով Նիկոլայ Բաղդասարյանը պահանջում է դիմել դատարան ԱԺ պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե արդյոք կարող են հիմքեր ավելացնել. «Մասնավորապես՝ Թաիրով համայնքի դպրոցի դահլիճում իրականացվել է հանդիպում ինչպես դպրոցի ուսուցչական կազմի հետ, այնպես էլ ընտրողների հետ: Կարծում եմ սա էլ է հիմք, որի հիման վրա կարելի է դիմել դատարան դիմելու համար, քանի որ այդ խախտման հետեւանքները հնարավոր չէ վերացնել եւ կարող են ազդել ընտրությունների պատկերի վրա»:

Նա նշեց, որ այլ փաստեր էլ կան. այսօր լուսանկարներ են կատարել, որտեղ երեւում է, որ Ծաղկալանջ համայնքում արդեն ասֆալտապատումը իրականացվել է:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ-ն արձագանքել էր, իսկ Թաիրովի դպրոցի տնօրեն նկատողություն է ստացել. «Ընտրական օրենսգիրքը նախատեսել է մի քանի սանկցիաների կիրառում, որից ամենածայրահեղը՝ ուժը կորցրած ճանաչելն է»: Նա դիմումատուներից հետաքրքրվեց, թե կատարվածը ինչո՞վ է ունակ ազդելու ընտրությունների արդյունքի վրա: Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Իմ համոզմամբ՝ պատգամավորի թեկնածուն, որը գույք է փոխանցում, որի փոխարեն ստանում է ձայն, վերացնել հնարավոր չէ, կրում է շարունակական բնույթ»:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է մերժել դիմումը, քանի որ դիմումում չեն ներկայացվել ապացույցներ:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ ներկայացրել է հիմք, թե ինչու հնարավոր չէ վերացնել հետեւանքը, հնարավոր չէ փոխել ընտրողների ձեւավորված կամքը: Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց, որ նախագիծը օրինաչափ չէ, քանի որ չեն ներկայացվել ապացույցներ. «Ես նիստի ժամանակ ներկայացրեցի ապացույց, որ Առաքել Մովսիսյանը անտեսել է ձեր որոշումը՝ ասֆալտապատումը կատարել եւ վերջացրել է:

Նախագիծն ընդունվեց՝ ԿԸՀ բոլոր 6 անդամները «կողմ» քվեարկեցին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031