Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեմմիի կրկնակի մրցանակակիր ջութակահարը Հայաստանում է  

Մարտ 26,2017 13:52

Մեկնարկում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանը: Բացումը տեղի կունենա այսօր երեկոյան Ա. Խաչատրյան համերգասրահում՝ լեգենդար ջութակահար, Գրեմմիի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով:

Սա երաժշտական աշխարհի լեգենդներից մեկի 4-րդ այցն է Հայաստան, իսկ փառատոնի շրջանակներում՝ 3-րդ.1-ին անգամ «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբով, ապա՝ «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ: Այս անգամ Ցուկերմանը հանդես կգա իր կնոջ՝ Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Անդրադառնալով «Երևանյան հեռանկարների»-ն` երաժիշտը նշեց. «Աշխարհում շատ քիչ փառատոններ կան, որ կարող են իրենց նման շքեղություն թույլ տալ ու այսպիսի մեծագույն արտիստների հրավիրել: Սա ֆինանսական հզորությունից չի գալիս. ամբողջ աշխարհով փառատոնի անունն ու իմիջն է այս արտիստներին բերում Հայաստան: Սա այս երկրի մշակութային կյանքում մեծագույն նվաճում է»:

Երաժիշտը նշեց նաև, որ 4 տարի ուսանել է Ջուլիարդի դպրոցում՝ անվանի ուսուցիչ հայազգի Իվան Գալամյանի մոտ: Նրա խոսքով Գալամյանն անցած դարաշրջանի մեծագույն ուսուցիչներից է, ով ստեղծել է ջութակահարների փառահեղ սերունդ: Ցուկերմանը պատմեց ուսուցչի սովորեցնելու մեթոդի մասին. «Հանճարեղ, պարզ ձևով ներկայացնում էր մեզ ամենաբարդ բաները: Բավականին պարզունակ կերպով սովորեցնում էր, թե ինչպես պիտի աղեղը շարժվի աջ ձեռքում: Դա միաժամանակ և՛ շատ պարզ է, և՛ շատ բարդ, քանի որ 2-4 տարի է պետք լինում մինչև ուղեղն ընկալում է այդ շարժումը: Երկար ժամանակ քեզ մոտ ոչինչ չի ստացվում, ու հանկարծ մի օր դու արթնանում ես և հասկանում, որ ամեն ինչ ստացվում է: 4 տարի շարունակ էմոցիաները մի կողմ էր դնում ու սովորեցնում էր ձեռքի ճիշտ աշխատանք. դրանում էր կայանում նրա հանճարեղությունը»:

Մի առիթով Ցուկերմանն ասել է, որ ջութակն իր առաջին կինն է, սրա հետ համաձայնեց նաև երաժշտի կինը՝ Ամանդա Ֆորսայտը` նշելով, որ տարբերությունը նրանում է, որ մյուս կինն իրենից տարիքով շատ ավելի մեծ է:
Լեգենդար երաժիշտը նվագում է 1742 թվականի Գուառներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով:

Հիշեցնենք, որ Ցուկերմանը նվագել է հայազգի 15-ամյա ջութակահարուհի Դիանա Ադամյանի հետ իր իսկ կողմից ղեկավարվող Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին: Համերգի շրջանակներում ելույթ են ունեցել մոտ 2 տասնյակ երաժիշտներ, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հարցին, թե արդյո՞ք նրա մասնակցությունը նույնպես նշանակում էր այդ երևույթի դատապարտում, երաժիշտը պատասխանեց. «Երաժշտությունը ցանկացած դեպքում սպեղանի է՝ լինի ցեղասպանություն, հիվանդություն, թե որևէ այլ ցավ: Երբ ունենք մի վերք, որն ապաքինման կարիք ունի՝ անդրադառնում ենք կրոնին ու երաժշտությանը: Քաղաքական գործիչներն ու երաժիշտները պետք է միմյանցից շատ հեռու մնան ու չթելադրեն իրենց կամքը մեզ, մենք էլ մեր կամքն՝ իրենց: Աշխարհում այսօր 20 միլիոնից ավելի փախստական կա, սա մեծագույն ցավերից մեկն է: Երևի, պիտի փորձենք արվեստի նշանակալից մարդկանց խոսքերի միջոցով լուծում տանք այդ խնդրին»:

Պինկաս Ցուկերմանը 21 անգամ եղել է Գրեմմիի մրցանակի թեկնածու, և 2 անգամ՝ մրցանակակիր:
Լառա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031