Լրահոս
Օրվա լրահոսը

Մենակության զգացումի արթնացումը (պատմվածք)

Մարտ 26,2017 17:29

Գարնանային պաղ ու ամպոտ առավոտ էր, սկսվել էր նոր օրը և ուր որ է անձրև էր մաղելու, իսկ Փայլակի համար օրը  բացվել էր վերջին երկու տարիներին տիրող նույն միապաղաղությամբ:

Բայց այսօր նրա ոսկորները ավելի խորը զգացին գարնան խոնավ շունչը, որը կարծես թափանցում ու սառեցնում էր նաև նրա սիրտը, թախիծ ու տխրություն բերում ավելի, չնայած նրան, որ պատուհանից երևացող ծառերի տերևները փութով ներկում էին ամենուրեք կանաչ մեղմությամբ: Տամուկ հուսահատություն էր պատել նրա էությանը, ինչ որ աներևույթ բան ահագնորեն սեղմում էր կոկորդը,  ծավալում հուզմունքը:

Կարծես գարնան մոտալուտ մայրամուտը իսկի էլ չէր վշտացնում նրան, որը հսկա տարածություն ու ժամանակ էր անցել, առատ ու շռայլորեն սփռել իր գույները երկրի վրա ու բարիքներ էր խոստանում անկաշառությամբ:

Իսկ փողոցի ասֆալտե հարթության վրա կաթեցին գարնանային անձրևի խոշոր կաթիլներն ու արագ թրջելով այն, զանազան պատկերներ նկարեցին իրենց մռայլ մոխրագույնով: Ծառերը մեղմիկ քամուց առաջացած սոսափյունից խրտնելով՝ սկսեցին արագացնել գագաթների շարժումը, չհասկանալով, որ արմատներից կպոկեն իրենց մայր հողից:

Անցած ձմռանն էր, որ այդ ծառերը մերկ ու չորացած տեսք ունեին, իսկ հիմա կանաչով ու կյանքով են լցված, շոյում ու թարմացնում են մարդկանց տեսողությունն ու հոտառությունը, հաճույք պատճառում, բայց նաև զզվեցնելու չափ անհանգստացնում իրենց խշրտոցով, երեկոյան քամու սուլոցով, որի սառը հևքը հոշոտում է մարդկանց ականջների թմբկաթաղանթը, անձրևով թրջում պատուհանների ապակիները, որոնք խնամքով լվացել էին տանտիրուհիները:

Շուտով տաք ամառը կփոխարինի գարնանը՝ իր գույնզգույն ու հյութեղ մրգերով ծածկելով շուկաների ողջ տարածքը:

Սակայն Փայլակի դալկացած սիրտն այս ամենից չէր ոգևորվում, հիմա վշտից սեղմվում էր, և մենակության ձանձրույթը սև ամպի նման կախվում էր մտապատկերում…

Պառկած անկողնում՝ նա մտաբերում էր անցած-գնացած այն երկար տարիները, երբ նրանք ապրեցին միասին:

Կինը երկու տարի առաջ էր մահացել, բայց կորստի ցավի անմոռաց հուշերը անընդհատ հոշոտում էին նրա անօգնական ուղեղը:

«Իսկ, ի՞նչ չարեցինք մենք նրան փրկելու համար,- մտքում կրկնեց նա,- գուցե պետք չէր վիրահատության ռիսկին դիմելը, բայց, ախր, շատ էր վիճակը վատթարացել, գոնե այդպես երեք ամիս էլ կյանքը երկարեց»,-մխիթարեց ինքն իրեն…

Սենյակը դանդաղորեն լուսավորվում էր: Ժամանակը աննկատ սահում էր պատից կախված կնոջ երիտասարդ տարիներին արված մի լուսանկարի վրայով, որն ավագ որդին ընտրել էր բազմաթիվ նկարների միջից, պատվիրել, մեծացնել էր տվել և ի սփոփանք կախել ննջարանի այն պատից, որի տակ երկար տարիներ դրված էր մայրիկի մահճակալը:

Տղամարդը նայում էր լույսի շողին, որը շոյելով կնոջ լուսանկարի կարճ կտրած մազերի, տխրամած աչքերի, կլորիկ այտերի, երկարավուն պարանոցի ճերմակության վրայով` ցած էր իջնում:

«Իսկ ինչու՞ մահ-ճակալ,-հանկարծ մտածեց Փայլակը,-ինչու՞ է այս քնատեղը «մահ» բառով սկսվում, գուցե նրա համար, որ կյանքիդ ավարտին այստեղ ես կնքում քո մահկանացուն»:

Իր իսկ տված հարցին նա չկարողացավ սպառիչ պատասխան տալ և արցունքից խոնավացած աչքերով նայեց կնոջ պատկերին, իսկ նա կարծես տեսնում և խորամանկորեն ժպտում էր, նույնիսկ զարմանում, թե ինչու՞ է այս մարդը ողբում, որը կյանքում դիմանում էր իրեն պատուհասած բոլոր փորձություններին:

Առավոտյան խռովքը Փայլակին չէր թողնում հանգիստ պառկել և նա ձեռքերը դանդաղ դուրս սահեցնելով վերմակի տակից` շուռ եկավ մեջքի վրա, ապա դրանք դրեց գլխատակին ու լուռ նայեց առաստաղի այն ճեղքին, որը առաջացել էր երկրաշարժի հետևանքով ու տարիներ էլ անց՝ հիշեցնում էր այդ արհավիրքի մասին:

«Ինչիս է պետք, չեմ էլ ուզում, որ վերանորոգվի»,-ինքն իրեն ասաց նա ու տնքալով փորձեց վեր կենալ անկողնուց:

Այտուցված ոտքերը կամացուկ դուրս սահեցրեց վերմակի տակից, զգաց գարնան խոնավ շունչը,  ցավով նայեց իր վերջույթների կապտուկներին, հորանջելով կանգնեց սառը հատակին ու հուշիկ քայլերով դուրս եկավ ննջարանից, մոտեցավ միջանցքի պատին ամրացված հայելուն, նայեց նրա մեջ՝ ծամածռելով դեմքը, ապա ինքն իրեն լեզու ցույց տվեց, ետ վերադարձավ ննջարան, մոտեցավ պատուհանին, բացեց այն` ննջարանը օդափոխելու նպատակով, մի կողմ հրեց ծանր վարագույրները, որոնցով ամեն երեկո խնամքով փակում էր պտուհանները, որ ննջարանում մութ լինի, քնել կարողանա:

Հեռանալով պատուհանից` հպանցիկ հայացք  նետեց դիմացի մահճակալին, որտեղ կինն էր պառկած լինում առավոտյան, երբ ինքը վեր էր կենում, ճաշասենյակում մարզանք անում, իսկ վերջին երեք ամիսներին՝ ծանր վիրահատությունից հետո կինը այդ մահճակալից դժվարությամբ էր վեր կենում, հաճախ էլ օրը անց էր կացնում նրա վրա՝ բարձերին թիկնած կամ պառկած վիճակում, կարծես թե նա արդեն գծել էր իր անցնող ուղու քարտեզը:

Ինքը միշտ նրա կողքին էր և հնազանդորեն կատարում էր նրա բոլոր ցանկությունները, իսկ հիմա նա այլևս չկա և մահճակալից միայն կարոտի սառնություն է բուրում:

Փայլակը կրկին մոտեցավ պատուհանին, դրսի օդը ներս քաշեց դեպի թառամած թոքերը, քնատ ու արնակալած աչքերը մի ակնթարթում որսացին դրսի անձկությունը, հետո ծածկեց վարագույրը ու սուզվեց սենյակի խոր լռության մեջ: Բայց երկար նստել չկարողացավ, կրկին վեր կացավ տեղից, մոտեցավ միջանցքի հայելուն, նայեցիր կազմվածքին, դառը ժպտաց, հիշեցիր անցած երիտասարդության հզոր ու անդիմադրելի ուժի մասին: Հանկարծ աչքերից արցունքներ կաթեցին, տղամարդու տաք ու աղի ժլատ արցունքներ: Նա այդպիսին չէր իր գիտակցական ամբողջ կյանքի յոթտասնամյակներում, երկու կամ երեք անգամ էր լաց եղել՝ մոր, վաղամեռիկ ավագ քրոջ և մորաքրոջ աղջկա կորուստների առիթով, բայց հիմա կամքը թուլացել, ավերակվել էր:

Խորը հոգոց հանելով՝ նա հեռացավ հայելուց, մտավ ճաշասենյակ, որտեղ պահարանի վրայից իրեն էր ժպտում արդեն վերջին տարիների կնոջ մեծադիր դիմանկարը: Բազմոցի վրա անփութորեն նետեց սև գույնի վերնաշապիկը, նորից մոտեցավ միջանցքի հայելուն,  արհամարհական ժպտաց ու գնաց լվացվելու:

Ավարտելով առավոտյան անհրաժեշտ արարողությունները, նա մոտեցավ միջանցքում դրված ակվարիումին, որի մեջ աշխույժով ձկներն էին լողում, նրանց կերակրեց, նստեց աթոռակին և երկար, երկար նայեց նրանց «բրոունյան» շարժումներին:

-Երանի~ ձեզ, ձկներ, ի~նչ անհոգ եք, խնդիրներ չունեք: Ձեր միակ հոգսը կերակրվելն է, կարծես: Բայց, ի՜նչ իմանաս,-հակադարձեց ինքնիրեն,-գուցե նեղվում են միապաղաղ չոր սնունդից, առանց համեղ կենդանի որդերի, գուցե օդամղիչը քիչ թթվածին է տալիս նրանց, կամ արհեստական լուսավորությունը շատ է նեղում, իսկ ջրի ջերմաստիճանը… Ուղղակի նրանք լեզու չունեն, որ բողոքեն…

Հիշեց անցած օրերը, հո ինչ որ տեղ չի՞ թերացել: Երբ կինը որևէ առողջական բողոք է ունեցել, անմիջապես դիմել են բժշկի, անուշադրության չեն մատնել: Կինը իրեն շատ թույլ էր զգում, զրկվել էր ախորժակից, իսկ եթե որևէ բան էլ դժկամությամբ ուտում էր, ապա մարսողությունը դժվարանում էր: Գնալով վիճակը ավելի ու ավելի էր ծանրանում:

Իսկ վերջին հետազոտությունը համակարգչային տոմոգրաֆիայով ճակատագրական եղավ նրա կյանքում, երբ հայտնաբերեցին նորագոյացություն, որը մի քանի ամսում արագորեն զարգացել էր: Իսկ դա նշանակում էր, որ վիրահատությունը անխուսափելի էր:

Նա մեկ շաբաթ անընդհատ ուղեկցում էր կնոջը զանազան կոնսուլտացիաների, տարբեր անալիզներ էին անում, հետազոտություններ կատարում: Վերջնական եզրակացությունը ամփոփվեց և նշանակվեց վիրահատության օրը:

«Իսկ գուցե, պետք չէր վիրահատել»,- նորից կայծակեց այդ չարաբաստիկ միտքը:

Բարդ վիրահատությունը տևեց մոտ չորս ժամ: Երբ կնոջը հիվանդասենյակ բերեցին, բուժքույրը նրան հրավիրեց վիրահատող բժշկի առանձնասենյակ: Տղամարդ բժիշկը հոգնած ու մռայլ տեսք ուներ և կարծես նոր էր քնից արթնացել:

-Դժբախտաբար, հետազոտությունը ցույց տվեց, որ նորագոյացությունը չարորակ է, սակայն այն տարածված չէր և հուսանք, որ հետվիրահատական շրջանը բարեհաջող կանցնի,-ասաց նա և խորը շունչ քաշելով` հենվեց բազկաթոռին, չգտնելով այլ  սփոփիչ բառեր:

Հրավիրյալները կոտրած սրտով դուրս եկան բժշկի սենյակից՝ շնորհակալություն հայտնելով նրան՝ կատարած աշխատանքի համար:

Բժշկի սենյակից դուրս գալուց հետո, հայրը որդուն տխուր ձայնով ասաց.

-Ոչ մեկին պետք չէ ասել այս մասին, թե չէ, որ մորդ ականջն ընկնի, կորած ենք:

Հիվանդանոցում մի քանի օր պահելուց և հետվիրահատական անհրաժեշտ բուժումներ կատարելուց հետո՝ կնոջը տուն տեղափոխեցին:

Նրան հիմնականում խնամում էր ինքը: Նրա համար զանազան ճաշեր ու ըմպելիքներ էր պատրաստում, իհարկե, կնոջ անմիջական խորհուրդներով, բայց նա երկու-երեք թեյի գդալ դժվարությամբ կուլ տալուց հետո, հրաժարվում էր շարունակել՝ զանազան պատճառաբանություններ պատրվակ բերելով: Ինքը շատ էր նեղվում դրանից, թափում էր պատրաստած ուտելիքները աղբի դույլի մեջ և նորը պատրաստում:

Ի՞նչ էր կատարվում կնոջ օրգանիզմում, այդ միայն աստծուն էր հայտնի:  Վերջին օրերին նա հրաժարվում էր գրեթե ամեն ինչից, նույնիսկ այն դեղերի ընդունումից, որոնք խմում էր մի քանի տարի շարունակ` զարկերակային ճնշումը հարկավոր մակարդակի վրա պահելու համար: Սրտի ռիթմը ահավոր բարձր չափերի էր հասնում: Ուժերը դավաճանում էին օրեցօր:

Այդ ընթացքում, մահվան մասին ոչ մի անգամ, ոչ մի բառ չասաց նա, սակայն հաճախ էր կրկնում.

-Ի՜նչ լավ կլիներ, որ մարդ քներ ու էլ չարթնանար:

Այդ ամենից նա հոգնել էր, բավականին լռակյաց ու ինքնամփոփ էր դարձել, չէր ցանկանում նույնիսկ հեռախոսով մի քանի խոսք փոխանակել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում կարող էր երկար զրուցել: Նա հրաժարվում էր փոխել ներքնաշորերը, անկողնու սպիտակեղենը: Այդ մաքրամքուր տիկինը խույս էր տալիս ամեն ինչից:

Իսկ վերջին օրը, երբ ինքը բարձրացրեց բարձը, որ նա հարմար դիրք ընդունի, հանկարծ կնոջ հայացքը փոխվեց, աչքերը սառեցին, մնացին անթարթ ու կոկորդային ինչ որ ձայներ արտասանելով` նա անշարժացավ:

Շտապ օգնության բժշկուհին, որ ժամանակին հասել էր ու միացրել սրտագիր սարքը, էկրանին ցուցադրվող թակոցների դանդաղ ընթացքը տեսնելով, ասաց.

-Հայրիկ ջան, ոչինչ անել չենք կարող, եթե տեղափոխենք հիվանդանոց, ճանապարհին տեղի կունենա այն…

Մի քանի վայրկյան հետո կինը այլևս չէր շնչում: Հետո անսահման լռություն տիրեց…

Ճակատագրական պահը վրա էր հասել, մի քանի վայրկյան առաջ բաբախող սիրտը այլևս կանգ էր առել….

Հիմա Փայլակը հայելու առջև շվարած կանգնած, նայում էր իր աչքերից գլորվող արցունքներին և չէր հավատում եղելությանը, չնայած արդեն երկու տարուց ավելի էր անցել այդ չարաբաստիկ օրից:

Անցածը այլևս ետ չի դառնալու, չկա իր երիտասարդ տարիների երազած «ժամանակի մեքենա» կոչվածը, որ վերցնի ու ետ շրջի պատմության անիվը, խորհի արածների և չարածների, սխալների և հաջողությունների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում էլ`այն ուղղի ու վերադասավորի, սակայն, ավա՜ղ,  անկրկնելի ու անցողիկ է ժամանակը: Ինքը ի զորու չէ այն ետ բերելու, նորից առաջ մղելու՝ ինչպես գունդ հրող մարզիկն է կատարում իր առաքելությունը:

Ասում են, թե «ժամանակը թանկ է», կամ էլ, թե` «ժամանակը ոսկի է», «ժամանակը բուժում է ամեն ինչ»: Եթե այդ ասածներին հավատանք, ուրեմն ամեն վայրկյան ինչպիսի ահռելի քանակությամբ ոսկի ենք կորցնում իզուր տեղը:

Սակայն ժամանակը այդպես էլ ոսկի չի դառնում և առավոտյան ցողի կաթիլների պես գոլորշանում է ու ցնդում, անհետանում և մի գեղեցիկ օր մենք հայտնվում ենք այն փաստի առջև, որ այլևս ժամանակը կանգ է առնում, կյանքը ճահճի է վերածվում, կոկորդիդ մի ահավոր հեղձուկ է առաջանում ու փորձում է խեղդել,  խեղդել,  խեղդել…

Հիմա Փայլակի համար մտքերի անորոշ, խառնիճաղանջ շարժում էր տիրում,  մենակության ահռելի զգացողությունը, խորը թախիծը, գործողությունների կաշկանդվածությունը դաժան պայքար էին մղում ներքին ցավը հաղթահարելու ինքնահարկադրանքով:

Այն զգացողության սարսափն է միշտ հետապնդում նրան, որ նա մնացել է այլևս մենակ՝ աշխարհի յոթ միլիարդից ավելի մարդկանց շրջապատում ու այդ միտքը սողոսկում է նրա արյան մեջ, աղի և տաք արցունքներ հոսեցնում աչքերից, որոնց նրանք կարոտ էին մնացել մի ամբողջ հավիտենություն:

Այժմ նա մտքում մեկիկ-մեկիկ հիշում էր նրանց, ովքեր ժամանակին իր կողքին են եղել, բարեկամների շրջապատում կամ աշխատավայրում, բայց իրականում մենակ էին եղել:

Մեկը ամուսնուն էր կորցրել, մյուսը՝ կնոջը կամ հարազատ երեխային կամ էլ՝ մորն ու հորը ու մնացել մենակ և ինքը գրեթե անտարբեր էր գտնվել այդ մենակության հանդեպ, չզգալով այդ ողբերգությունը, իսկ հիմա նա ուրիշի մենակության ցավն ու անբուժելիությունը շատ ավելի խորն էր զգում, երբ արդեն տեղի էր ունեցել իր սեփական մենակության զգացողության ահավոր ցավի արթնացումը:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031