Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի երթով ԿԸՀ-ին են դիմում՝ ՀՀԿ-ի գրանցումը կասեցնելու պահանջով

Մարտ 26,2017 18:03

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց մի խումբ քաղաքացիների բողոքի երթը դեպի կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ): Նրանք պահանջում են՝ ԿԸՀ-ն դիմի դատարան եւ կասեցնի ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների գրանցումից հանի ՀՀԿ-ին, որովհետեւ վերջինս, ըստ երթի մասնակիցների, չարաշահել է վարչական ռեսուրսները:

«Հարցի լուծման պատասխանատուն ու ընթացք տվողը ԿԸՀ-ն է, մենք՝ քաղաքացիներս, ըստ օրենքի, հնարավորություն չունենք դիմել ԿԸՀ, բայց իրավունք ունենք մեր ձայնը բարձրացնել ու մեր դիրքորոշումը բարձրաձայնել, որովհետեւ վտանգված է ԱԺ ընտրությունների ազատ ու արդար լինելը»,- նախքան բողոքի երթի սկսվելը հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Երթ հանուն ազատ և արդար ընտրությունների

Երթի մասնակիցների ձեռքերին այն դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների լուսանկարներն են, որոնք հեռախոսային զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ին հայտնել են, որ ՀՀԿ-ի օգտին հավաքագրում են ընտրողներին եւ ցուցակները ներկայացնում թաղապետարաններ, մարզպետարաններ:

«Այս լուսանկարները պարզած՝ մենք հրապարակավ ամոթանք ենք տալիս դպրոցների ու մանկապարտեզների այն տնօրեններին, որոնք ազատ ու արդար ընտրությունների ոտնահարման գործընթացի մասնակիցներն են»,- ասաց պարոն Սաքունցը:

Երթի մասնակիցների կարգախոսն է «Պետությունը ՀՀԿ չէ»:

Արթուր Սաքունցի խոսքով. «Բոլոր առաջադրված կուսակցություններն ունեն իրենց մասնակցության ձեւը, հավանություն են ակնկալում ընտրողներից, մենք՝ քաղաքացիներս, ունենք ոչ միայն այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու խնդիր, այլեւ խնդիր, թե ինչ պայմաններում է իրականացվում մեր քվեարկելու իրավունքը, արդյոք ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որ ընտրողն ազատ՝ առանց որեւէ մեկի ճնշման, իր կամքն արտահայտի»:

Իրավապաշտպանի համոզմամբ, տասնյակ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների խոստովանությունը, որ ՀՀԿ-ի օգտին ձայներ են հավաքագրում, առաջին անգամ լրջորեն ու հիմնավոր փաստել է իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի, կողմից ընտրական օրենսգրքի մի շարք նորմերի կոպիտ խախտում, վարչական ռեսուրսի չարաշահումը. « Սա ցույց տվեց, որ մեր իրավապահները մատնված են անգործության եւ չեն կատարում այն գործողությունները, որոնք վերապահված է  օրենքով, այն է՝ բացահայտել, կանխել ընտրական գործընթացում խախտում կատարողներին:

Այն որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ ազատ ո արդար ընտրություն անցկացնելու իր պատրաստակամության մասին, ի չիք է դառնում այդ ուսումնասիրությամբ: Մենք ունենք նաեւ այլ խնդիր հանձին մեկ անձի ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես ՀՀ նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար: Ընտրական խախտումների հիման վրա ԿԸՀ-ն պետք է համապատասխան հարցերը ուղարկի մի մարդու, որը այդ կուսակցության թե՛ նախագահն է, թե՛ այդ կուսակցության շտաբի ղեկավարը:
Ըստ Արթուր Սաքունցի, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ համակարգված խախտումներ կան իշխող կուսակցության կողմից.

«Արդյոք տեղի՞ն է նման պայմաններում մասնակցել մի ընտրական գործընթացի, որ արդեն իսկ չենք կարող ազատ ու արդար համարել, այս հարցն ուղղված է կուսակցությունների ու դաշինքների առաջադրված թեկնածուներին՝շահագրգռվա՞ծ են ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում»:

Պարոն Սաքունցը նաեւ կոչ արեց ընտրություններին մասնակցող ուժերին մի կողմ դնել գաղափարական տարաձայնությունները եւ դիմում ներկայացնել ԿԸՀ՝ պահանջելով բարձրացնել  ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հարցը եւ դիմել դատարան:

Ըստ նրա, նման դիմում արդեն ներկայացրել է ՕՐՕ դաշինքը, պատրաստվում է դիմում ներկայացնել նաեւ «Ելքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031