Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում քարոզարշավն ընթանում է համեմատաբար հանգիստ մթնոլորտում

Մարտ 27,2017 14:30

Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքից ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին կմասնակցեն առաջադրված 9 քաղաքական ուժերի 102 ռեյտինգային թեկնածուներ: Այս ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 238.975:
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քարոզարշավի հետ կապված մինչեւ այժմ բողոքներ է ստացել միայն «ԵԼՔ» դաշինքի պաստառները վնասելու առնչությամբ: Հիշեցնենք, որ անհայտ անձինք պատռել եւ սեւացրել են հատկապես պաստառի՝ Էդմոն Մարուքյանի հատվածը:

«Կան տեղեր, որ ընդհանուր պաստառն է վնասված, բայց, այսպես ասած, թիրախավորման հոտ է գալիս: Երեւի թե որոշ մարդիկ ջղաձգվել են Էդմոն Մարուքյանի առաջադրմամբ»,- դեպքի մասին այսպես էր արտահայտվել «ԵԼՔ» դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի պետ Քրիստ Մարուքյանը: Իսկ գործով զբաղվում են իրավապահ մարմինները:
Բացի այս, «ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ մարզում տիրում է վախի մթնոլորտ. «Կա վախի մթնոլորտ, կան ճնշումներ հիմնարկներում, կա համատարած փողի բաժանման, գրանցումներ անելու մասին տեղեկություններ»:

Իր խոսքով, քարոզարշավի խախտում էր արձանագրել նաեւ ՀՅԴ տարածքային ցուցակով հանդես եկող անկուսակցական թեկնածու Արտուշ Հարությունյանը: Մարտի 15-ին վերջինս ցանկացել էր քարոզարշավի շրջանակներում հանդիպել Վանաձորի «Հույսի տուն» ծերերի հանգստավայրի բնակիչների հետ: Սակայն ինչպես ինքն էր ասում. «Դրսում մի քանի ծերերի հետ զրուցեցի, իրենք էլ ասացին՝ մտեք ներս: Ներսում աշխատակիցներին ասացի, որ ուզում եմ զրուցել պապիկ-տատիկների հետ: Աշխատակիցը զանգեց ինչ-որ մեկին ու ինձ ասաց՝ քանի որ տնօրինությունից մարդ չկա, դուք չեք կարող խոսել»:

Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ խախտումներ է արձանագրել նաեւ հանձնաժողովը: Ընտրություններին մասնակցող բոլոր 9 քաղաքական ուժերն էլ խախտել են քարոզչությունը՝ իրենց պաստառները փակցնելով չսահմանված վայրերում: Նշված խախտումները գրանցվել են քարոզարշավի մեկնարկից 3 օր անց: Իրավիճակի մասին տեղյակ է ինչպես Վանաձորի քաղաքապետարանը, այնպես էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. «Օրինակ, Տիգրան Մեծ պողոտայի վրա թույլատրվում է մենակ Տիգրան Մեծի 10 եւ 24 շենքերի վրա փակցնել, բայց պողոտայի վրա, ծայրից ծայր՝ բոլոր շենքերի վրա փակցված են: Սա քարոզչության խախտում է, նույնիսկ մինչեւ գրանցումը չեղյալ անելու տարբերակ կա»:

Քարոզարշավի առաջին իսկ օրվանից մարզում ակտիվ քարոզչություն են իրականացնում հատկապես «ԵԼՔ» դաշինքը, ՀՀԿ-ականներ Կարեն Կարապետյանը, Արկադի Համբարձումյանն ու Վահրամ Բաղդասարյանը: Մնացած կուսակցություններն ու թեկնածուներն իրենց քարոզարշավը սկսեցին համեմատաբար ավելի ուշ:
Քարոզարշավի շրջանակներում Վանաձորում եղավ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս Վանաձորում ընդունեցին աղ ու հացով, անգամ օրհնված խաչ նվիրեցին: Մի լոռեցի էլ փորձեց ծնկի գալ իր նախընտրած թեկնածուի առջեւ, սակայն Ծառուկյանը թույլ չտվեց: Իր ծրագրերը ներկայացնելուց հետո, հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը լոռեցիներին կոչ արեց. «Ժողովուրդ ջան, դուք տեր կանգնեք ձեր ձայներին, ես ամեն տեղ չեմ կարողանալու»։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մուտքը Վանաձոր ուղեկցվեց տոնախմբությամբ: Ավանդական դարձած աղ ու հացով, խաղաղության աղավնիներով ու հարսանեկան երաժշտությամբ լոռեցիները դիմավորեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:

Այստեղ դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է խոսել սխալների մասին. «Հեգնանքով չեմ ասում, լուրջ է, երեւի մեզնից կամ ուրիշներից բարետես եւ բարեկիրթ գործող վարչապետը օրինակ վերցնելով, սկսել է խոսել բացթողումների ու սխալների մասին: Իհարկե, տարոսն իշխող կուսակցության: Բայց, եթե ինքն իրապես անկեղծ է եւ ոչ թե հատուկ առաքելության վրա, ինքը պետք է ասի ոչ թե սխալ կամ բացթողում, այլ, որ իր կուսակցությունն, իր կուսակցապետով հանդերձ, պետական հանցագործությունների շարան է կատարել»:

Ընտրողների հետ հանդիպումը դաշինքի անդամ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավարտեց շոգեքարշի անեկդոտը պատմելով. «Կիրակի օրը երկաթգծի կայարանի մի խումբ տարեց մարդիկ այգում կանգնած նայում են, թե ինչպես է շոգեքարշը կամաց-կամաց քաշում վագոնները: Քաշելու ժամանակ տարեցներից մեկն ասում է՝ «սա քաշիլ չի, սա քաշիլ չի»: Իսկ երբ այդ գնացքը թափ է առնում, տարեցներից մեկն էլ ասում է. «սա սհե, որ գնաց, կանգնիլ չի»:

Մարզում քարոզարշավն ընթանում է համեմատաբար հանգիստ մթնոլորտում: Թեեւ մի շարք թեկնածուներ բարձրաձայնում են, որ հակառակ ուժերի թեկնածուները ցուցակագրում են բնակիչներին, որպեսզի ընտրակաշառք բաժանեն, սակայն մինչ օրս որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել:

 

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

25,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031